
Նոր ուսումնական տարում ուսուցչին ներկայացվող պահանջներն ուսուցչական հանրույթի դժգոհությունն են առաջացրել։ Նախարար Ժաննա Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառմանը հաջորդող մեկնաբանություններն էլ են հուշում՝ դժգոհությունների գերակշիռ մասը էլեկտրոնային մատյանի լրացման նոր պահանջներին է վերաբերում։ Անիմաստ և մեխանիկական աշխատանք համարելով, որոշ ուսուցիչներ նույնիսկ աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել։ «Ուսուցիչների իրավունքների կոմիտեում» կարծում են, որ տարեսկզբի համար նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, և ժամանակից բացի, նաև նյութական միջոցներ է պահանջում։
Ուսուցիչները մոլորված են, շփոթված, մտահոգ։ Նոր ուսումնական տարում ուսուցչին ներկայացվող պահանջները ուսուցչական հանրույթի դժգոհությունն են առաջացրել։ Սոցիալական ցանցերում ևս ուսուցիչները չեն լռում։ Դժգոհության առիթն այս անգամ էլեկտրոնային մատյաններն ու ուսուցիչներին ներկայացվող նոր պահանջներն են։ Ուսուցչից պահանջվում է կազմել դասավանդվող առարկայի թեմատիկ պլան տարվա կամ կիսամյակի համար, որի մեջ պետք է մանրամասն ընդգրկել յուրաքանչյուր դասի թեման, նպատակը, վերջնարդյունքները և այդ բոլորը մուտքագրել էլեկտրոնային մատյան։ Բացի այդ՝ ամեն օր էլմատյանում պետք է գրանցել դասի թեման, խնդիրները, գրականության համապատասխան էջերը, առաջադրանքների համարները։
Տարեսկզբի համար նման արագացված աշխատանքը մեծ ծանրաբեռնվածություն է, և ժամանակից բացի նաև նյութական միջոցներ է պահանջում, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «Ուսուցիչների իրավունքների կոմիտեի» նախագահ, մանկավարժ, հոգեբան Արմինե Դավթյանը։
«Ուսուցիչների հիմնական բողոքը վերաբերում է գրագրության ծավալի մեծացմանը, և էլեկտրոնային մատյաններին, որոնք պետք է լրացվեն, և վերջնարդյունքներին։ Եվ կարող եմ ասել, որ գնահատման համակարգի հետ կապված խնդիրներ են առաջացել, որը բավական մեծացրել է ուսուցիչների ծանրաբեռնվածության, և դասաժամից դուրս լրացուցիչ մեծ աշխատանք է պահանջում, և շատ ուսուցիչներ այսօր դիմում են գրել՝ հեռանալով կրթական համակարգից, քանի որ այլևս հնարավոր չէ այդ կերպ աշխատել»։
Օրերս կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքում գրել էր, որ ցանկանում է հասկանալ, թե ինչ խնդիրներ են տեսնում նոր չափորոշչի ներդրման հետ կապված։ Մեկնաբանությունները հիմնականում դժգոհությունների տեսքով էին և գերակշիռ մասը վերաբերում էր էլեկտրոնային մատյան լրացնելու պահանջներին։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն ուսուցիչների մտահոգություններն արդարացված է համարում։ Կարծում է՝ թեմայի նպատակը և վերջնարդյունքները էլեկտրոնային մատյանում գրանցելու հետ կապված ուսուցիչների արդարացի դժգոհությունն ունի պարզ լուծում։ Դասագրքերում պարտադիր պետք է ներառվեն բոլոր թեմաների, դասերի նպատակները և վերջնարդյունքները։ Այս դեպքում նպատակի և վերջնարդյունքի մասին կիմանան նաև աշակերտները։ Իսկ այն ինչ հիմա է պահանջվում, մեխանիկական աշխատանք է և անիմաստ։
«Այսինքն՝ ուսուցիչը պետք է տարեկան պլանից ամեն դասի համար «քոփի փեսթ» անի տվյալ դասի վերջնարդյունքները և նպատակը։ Դա մեխանիկական աշխատանք է, և ուսուցիչները հաշվում են, որ եթե իրենք շաբաթական պարապում են 20-30 ժամ, ունենք ուսուցիչներ, որոնք երկու դպրոցում են աշխատում, և այդքան մեխանիկական աշխատանքը անիմաստ են համարում։ Դա ոչինչ չի տալու, ոչ ոք չի մտնելու այդ թղթերը ստուգի։ Մյուս խնդիրը, որպեսզի այդ «քոփի փեսթը» անեն այդ ուսուցիչները, իրենք պետք է համակարգիչ ունենան, մինչդեռ շատ ուսուցիչներ էլեկտրոնային մատյանը լրացնում են հեռախոսով։ Եվ այդ իմաստով հեռախոսը շատ անհարմար է։ Ավելին՝ էլեկտրոնային մատյանը չունի նույնիսկ հավելված»։
Ըստ փորձագետի՝ անընդհատ ծանրաբեռնելով բարեփոխումները արդյունավետ չեն լինի։ Բյուրոկրատիան շատացնելով որակ չենք ապահովի,ասում է․
«Պետք է շեշտը դնել դասավանդման որակի վրա, դա է կարևորը ոչ թե թղթավարությունը»։
Որ կրթական բարեփոխումները անհրաժեշտ են, և դա անընդհատ պրոցես է, ոչ ոք չի ժխտում։ Բայց, որ բարեփոխումներ նախաձեռնողները հաճախ գլխավորն ու երկրորդականը խառնում են իրար` դա մտահոգիչ է, կարծում է «Ուսուցիչների իրավունքների կոմիտեի» նախագահ Արմինե Դավթյանը։
«Ուսուցչի խնդիրն է՝ այդ վերջնարդյունքներին հասնել ցանկացած միջոցով և պարտադիր չէ՝ դա նշել գրավոր տեսքով, որովհետև վերջնարդյունքը լինում է կիսամյակի վերջում, տարեվերջին։ Եվ դա արդեն բավականին ծանրաբեռնում է ուսուցիչն և նյարդային լարվածություն առաջացնում։ Ամենավտանգավորն այն է, որ ուսուցչին շեղում է երեխայի հետ աշխատանքի պրոցեսից՝ տանելով դեպի թղթաբանություն։ Սա ամենավտանգավոր հարվածն է կրթությանը, որ կարող են հասցնել այսօրվա գործադիր մարմինները։ Եվ այսօր մենք ունենք մեծ թվով երեխաներ, որոնք կախվածության մեջ են հեռախոսներից, համակարգիչներից։ Սովորելու փոխարեն նրանք ամբողջ օրը զբաղված են խաղերով, որովհետև ուսուցիչը ժամանակ չունի իր հետ զբաղվելու, անելու այն, ինչ իր առաքելությունն է։ Եվ այս անջրպետը, որ առաջացել է ուսուցիչ աշակերտ հարաբերության մեջ թղթաբանության պատճառով, լուրջ վտանգ է սերունդի զարգացման առումով»։
Ժամանակն է, որ հրաժարվենք վերջնարդյունքը ֆետիշացնելու քաղաքականությունից։ Կրթության մեջ կարևորը պրոցեսն է, կարծում է Սերոբ Խաչատրյանը։ Ըստ նրա՝ պրոցեսի որակից է կախված, թե ինչ վերջնարդյունքներ կքաղեն աշակերտները։ Եթե վերջնարդյունքը հնարավոր է կեղծել, ապա պրոցեսն ավելի տեսանելի բան է։ Կրթությունն արտադրություն չէ։ Վերջնարդյունքը պետք է լինի կողմնորոշիչ, ուղղորդող մի բան, որի վրա չարժե այդքան ժամանակ ծախսել։ Այդ գործը թող անեն դասագրքերի հեղինակները, ասում է փորձագետը՝ ընդգծելով, որ մատյանը գրանցումների համար է, ոչ թե շարադրանքների տիրույթ։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արդեն ծանոթ է այս բոլոր մտահոգություններին և դժգոհություններին։ Խոստանում է առաջիկա օրերին կազմակերպել առանձին առցանց քննարկում՝ էլեկտրոնային մատյանի աշխատանքի բարելավման համար։ Հանդիպման մանրամասները կտեղադրվեն նախարարության ֆբ էջում։




