ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

COP 29-ին պատրաստվելը՝ գովազդային արշավ Բաքվի համար

Ինչպես կարող է նավթից ու գազից մեծապես կախված երկիրը հյուրընկալել Կլիմայական փոփոխությունների գագաթնաժողովը և ներկայանալ որպես կանաչ տնտեսության ջատագով․հարցը շարունակում են բարձրացնել միջազգային հեղինակավոր կառույցներն ու կազմակերպությունները։  

Միջազգային մի շարք հեղինակավոր հրատարակություններ, իրավապաշտպան կազմակերպություններ Ադրբեջանում նախատեսված COP-29 համաժողովին ընդառաջ ահազանգում են, որ նոյեմբերին սպասվող միջոցառումը կարող է վերջին հնարավորությունը լինել նախագահ Ալիևին դատապարտելու համար։ The National Interest-ը, հիշեցնելով Արցախի հայաթափումը, գրում է, որ հայերի էթնիկ զտումներից հետո, բացի մի քանի ձևական հայտարարություններից, միջազգային հանրությունը ոչինչ չի արել Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար և սպասվող կլիմայական փոփոխության գագաթնաժողովը յուրահատուկ հնարավորություն է` ստիպելու Բաքվին փոխհատուցել մեղքը։ Քաղաքագետ Արա Պողոսյանը կարծում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու միջազգային շահագրգիռ կառույցները անպայման պետք է օգտագործեն այս հնարավորությունը։

«Ադրբեջանի վարքագիծը COP-29-ին ընդառաջ ինքնին բացահայտում է նպատակը։ Այս ընթացքում Ադրբեջանն իսկապես փորձում է դիրքավորվել որպես կանաչ էներգետիկայի զարգացման առաջատար։ Սրան զուգահեռ էլ փորձում է Հայաստանին ներկայացնել որպես էկոլոգիապես ոչ մաքուր պետություն։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը հեռու է ոչ միայն մարդու իրավունքներից, այլև հիմնարար իրավունքներից, և այստեղ իսկապես կարևոր է միջազգային հանրության մոբիլիզացիան»։

The National Interest-ի հոդվածի հեղինակ Թոմաս Բեքերը զգուշացնում է՝ մինչ Ադրբեջանը փորձում է օգտագործել կոնֆերանսն իր իմիջը բարելավելու  և իրեն  տարածաշրջանի առաջնորդ երկիր հռչակելու համար, իրավապաշտպան հանրությունը հնարավորություն է տեսնում վերջապես ուշադրություն հրավիրելու Ադրբեջանի վարչակարգի վրա, որը շարունակում է ագրեսիան Հայաստանի նկատմամբ։ Շեշտվում է, որ պետք է քննարկել Արցախից հեռացածներին վերադարձի հնարավորություն տալու կամ նրանց փոխհատուցելու հարցը։  Քաղաքագետ Արա Պողոսյանը թերահավատ է, թե միջազգային հանրությունը կանի անհրաժեշտ քայլերը Բաքվի վրա ճնշում գործադրելու համար։

«Ցավոք, տարբեր պետությունների կենսական շահերը և այդ շահերի որոշակի համընկնումը լավատեսության քիչ հույս է թողնում, քանի որ եթե մենք իսկապես պատկերացնում ենք այդ ճնշումը, ապա առաջին հերթին տարբեր հասարակությունների տարբեր ներկայացուցիչներ իրենց կառավարություններին պետք է կարողանան համոզել գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, որպեսզի ի վերջո Ադրբեջանի ղեկավարությունը գնա ռազմագերիների ազատ արձակմանը, ինչը կարծում եմ, որ քիչ հավանական է տեղի ունենալ»։

Պարբերականը ներկայացնում է տվյալներ, ըստ որոնց արձանագրվում է, որ նավթի և գազի արդյունահանումը կազմում է Ադրբեջանի եկամուտների մոտ 93 %-ը, ինչը նշանակում է, որ Ալիևի քաղաքական գոյատևումը կախված է նրա հեղինակությունից այնպիսի ֆորումներում, ինչպիսին COP29-ն է:

ԱՄՆ նախկին փոխնախագահ, բնապահպան ակտիվիստ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալբերտ Գորը ևս քննադատել է Ադրբեջանին  ու «ծիծաղելի» համարել այն, որ արդեն երրորդ տարին անընդմեջ «նավթային պետություն» է հյուրընկալում կլիմայական գագաթնաժողովը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը ևս շեշտել է, որ  արդեն երրորդ տարին անընդմեջ COP-ն անցկացվում է բռնատիրական պետությունում։ «Ադրբեջանի կառավարության թշնամանքն անկախ ակտիվիստների նկատմամբ կասկածի տակ է դնում քաղաքացիական հասարակության խմբերի մասնակցությունը COP29-ին»,-նշվում է հաղորդագրության մեջ։

«Կառավարությունները չպետք է թույլ տան Ադրբեջանին օգտագործել իր դիրքը կլիմայական ճգնաժամի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ջանքերը խափանելու համար»,-ասել է Human Rights Watch-ի շրջակա միջավայրի ավագ պաշտպան Միրտո Տիլիանակին:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանցի իրավապաշտպան, Ադրբեջանից արտաքսված, ութ տարի Նիդեռլանդներում բնակվող Արիֆ Յունուսովն էլ խոսել է  Ապշերոնյան թերակղզում նավթի հետևանքով առաջացած իրավիճակի ու դրա հետևանքների մասին։ Նա  COP29-ը Ալիևի համար գովազդային արշավ է որակել։

«ՄԱԿ-ի այս միջոցառումը նվիրված է բնապահպանությանը, բայց ես ինքս Բաքվից եմ և գիտեմ ինչ վիճակ է Ապշերոնյան թերակղզում, որտեղ նավթի հանքեր կան։ Ադրբեջանում բնապահպանության նկատմամբ վերաբերմունքը սարսափելի է դեռ խորհրդային ժամանակներից, սակայն անկախության ժամանակներից ամեն ինչ ավելի վատթարացավ, չնայած Ադրբեջանում միջազգային նավթային ընկերություններ սկսեցին աշխատել և դրա պատճառը իշխանություններն են։ Ինչ վերաբերում է COP29-ին, Ադրբեջանը, ինչպես ոչ ժողովրդավարական մյուս երկրները, միջազգային նման իրադարձությունները օգտագործում են միայն որպես PR արշավ, ցույց տալու, որ ամեն ինչ լավ է, այնպես որ Բաքվում կայանալիք COP29-ը բնապահպանության հետ կապ չունի։ Ադրբեջանի իշխանությունն այս միջոցառումն ընկալում է որպես անձնական գովազդի հնարավորություն»։

Միջազգային պարբերականները թերահավատ են, թե Ադրբեջանում սպասվող գագաթնաժողովին մասնակցությունը նույնքան մեծ կլինի որքան նախորդ տարի Դուբայում կայացած գագաթնաժողովի ժամանակ էր և որքան սպասվում է հաջորդ տարի Բրազիլիայում նախատեսված հանդիպման ժամանակ։

Կարդացեք նաև

Back to top button