ԿարևորՌեպորտաժներՎերլուծական

ԵՄ-ն ջանքեր է գործադրում հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ․ Սաֆրաստյան

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում ընդունել է ԵՄ երկրների դեսպաններին։ Նրանց ներկայացվել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, մաքսային բարեփոխումների հիմնական ուղղությունները, այդ թվում՝ առևտրի դյուրինացումը, թվայնացումը և ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերն ու արձանագրված ձեռքբերումները: Փորձագետներն այդ այցը պատահական չեն համարում և չեն բացառում, որ որոշ ոչ էական քայլեր էլ Անկարան անի՝ միջազգային հանրությանը ցույց տալու, որ ինքն էլ է ապատրաստ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորել։

ԵՄ ջանքեր է գործադրում, որ բացվի հայ-թուրքական սահմանը, կարծում է ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը։ Պարզաբանելով ԵՄ երկրների դեսպանների շրջայցը Մարգարայի անցակետ, նա «Ռադիոլուրին» ասաց, որ դա, թերևս, ԱՄՆ-ում Փաշինյան-Էրդողան հնարավոր հանդիպումով ու  նաև Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների մասնակցությամբ է պայմանավորված։

«Այցը հանդիպման նախօրեին նպատակ ունի ցույց տալու Թուրքիային, որ ԵՄ շահագրգռված է, որ հնարավորինս արագ այդ անցակետը սկսի գործարկվել, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Թուրքիան է, որ ցանկություն չունի Հայաստանի հետ նորմալ սահմաններ ունենալու, հարաբերություններ հաստատելու։ Կարծում եմ՝ դրա հետ է կապված։

Սակայն կարծում եմ, որ տեղաշարժ չի լինի, քանի որ հենց Էրդողանն է հայտարարել բազմիցս, որ որևէ լուրջ տեղաշարժ կլինի միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայամանգրի ստորագրումից հետո։ Այնպես որ լուրջ տեղաշարժ հայ-թուրքական հարաբերություններում, թուրքական կողմից նախաձեռնություն սպասել իմաստ չունի»։

Ակադեմիկոս Սաֆրաստյանը, սակայն, չի բացառում, որ Թուրքիան մի որևէ ոչ էական քայլ անի՝ ցույց տալու համար աշխարհին, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանն ու սահմանը բացելուն․

«Բայց չի կարելի բացառել, որ ցույց տալու համար աշխարհին, Նյու-Յորքում, ուր գտնվելու են աշխարհի շատ երկրների ղեկավարներ, ցույց տա, որ Թուրքիան կոնստրուկտիվ դիրքորշում ունի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, ինչը նշանակում է, նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում համագործակցության, խաղաղության հաստատման։ Կարող է Թուրքիայի կողմից լինեն ոչ սկզբունքային, ոչ կարևոր քայլեր, մանր քայլերը չեմ բացառում, որ անի հանդիպումից հետո։ Բայց, որ լրիվ հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ, սահմաններ կբացի, դա չեմ կարծում, որ կանի։ Կարծում եմ՝ կսպասի, որ պայմանագիրը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի։ Հնարավոր է, որ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացի, բայց էլի չեմ կարծում, թե Թուրքիան հենց այնպես ինչ-որ բան անի։ Ինքը, եթե ինչ-որ բան անում է, Հայաստանից ինչ-որ զիջում պետք է պահանջի»։

Հայաստանում ԵՄ  երկրների դեսպանները ֆիքսել են անցակետի ենթակառուցվածքների արդիականացումը, ինչպես նաև սահմանային հսկողություն իրականացնելու առանձնահատկությունները, ծանոթացել են կառուցված խորը զննման անգարին, բեռների ձևակերպման համար նախատեսված տաղավարներին, ենթակառուցվածքներին, որոնք հագեցած են ժամանակակից տեխնիկական սարքավորումներով և կառուցված միջազգային չափանիշներին համահունչ:

Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը հիշեցնում է, որ միայն Մարգարայի անցակետը չէ, որ պատրաստ է։ Աշխատանքներ տարվել են նաև Անիի կամրջի նորոգման ուղղությամբ։ Այդուհանդերձ, նա ևս հայ-թուրքական սահմանի բացման հարցում մատնացույց է անում հայ-ադրբեջանական բանակցությունները։ Եթե համաձայանգիր ստորագրվի, սահմանը կբացվի,- ասում է թուրքագետն ու հիշեցնում նաև, որ խաղաղության պայմանագրի  կետերը հիմնականում համաձայնեցված են, և չի կարելի բացառել որևէ տեղաշարժ նաև այդ ուղղությամբ։ Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը շատ կարևոր քայլ կլինի ու մեծ նշանակություն կունենա․

«Որպես թուրքագետ՝ կողմ եմ սահմանների բացմանը, քանի որ կարծում եմ, որ դա անվտանգության հիմնական երաշխիքն է, այսինքն, եթե առկա են բաց սահմաններ, չկա պատերազմ և կան տնտեսական կապեր, առևտրային աշխուժություն։ Իսկ առևտուրը նպաստելու է տնտեսական վերելքին, այդքանով հանդերձ ես կողմ եմ սահմանի բացմանը։ Ընդհակառակը՝ սահմանի փակ լինելու պարագայում վերջին 30 տարում Հայաստանը միայն կորցրել է։ Կորցրել ենք, քանի որ սահմաններին առկա է եղել պատերազմական վիճակ, Հայաստանը դուրս է մնացել մի շարք միջազգային նախագծերից, օրինակ՝ բազմաթիվ նավթամուղներ, գազամուղներ, երկաթուղիներ, որոնց ամենակարճ ճանապարհը անցնում էր Հայաստանի տարածքով, այժմ անցնում է Վրաստանի տարածքով, որը Հայաստանի բյուջեին կարող էր միլիոնավոր դոլարների օգուտ բերել»։

44-օրյա պատերազմից հետո, երբ կրկին խոսվեց հայ-թուրքական սահմանը բացելու մասին, Հայաստանի ու Թուրքիայի բանագնացներ Ռուբինյանն ու Քըլըչը հանդիպել են 5 անգամ։ Վերջին անգամ նրանք հանդիպեցին այս տարվա հուլիսի 30-ին երկու երկրների սահմանի Մարգարա-Ալիջան անցակետի հատվածում։ Նրանք վերահաստատել էին նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

Խոսքը երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու մասին էր, այս ուղղությամբ սակայն մինչ օրս որևէ տեղաշարժ չկա։

Շեշտվել էր նաև կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը։

Կարդացեք նաև

Back to top button