
Որոշել ենք վերսկսել մեր ակտիվ պայքարի շրջանը, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Սրբազան պայքարի հավաքի ժամանակ հայտարարել է Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Նա ասել է, որ պայքարի ինտենսիվ և հետևողական փուլի մեկնարկը կլինի հոկեմբերի 2-ին Հանրապետական հրապարակում։
«Մտնում ենք համառ, աննահանջ, համբերատար պայքարի փուլ՝ հաղթանակով երաշխավորված։ Սակայն պատրաստ եղեք մեր երկրի առաջ վեր հառնող ցանկացած իրավիճակներին ու զարգացումներին համարժեք արձագանքին։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Մեր պայքարը նոր մոտեցումներով և նոր մեթոդաբանությամբ, իր քայլ առ քայլ հաղթանակներով պիտի հասնի սահմանված վերջնարդյունքին՝ զուգորդված քաղաքական լուծումների հնարավոր տարբերակներով»,-ասել է Սրբազան շարժման ղեկավարը։
Նա նաև շեշտել է, որ շարժման պայքարի թերացումներն ու սխալները համարում է բացառապես իրենը, իսկ ձեռք բերումներն ու հաղթանակը՝ ժողովրդինը։
«Բոլոր վայրէջքների տերը ես եմ, իսկ բոլոր վերեքների ու հաղթանակների տերը դուք եք»,- հավելել է նա։
«Հայաստանը պետք է լեգիտիմ իշխանություն ունենա, որը հանդես կգա երկրի ազգային և պետական շահերի դիրքերից։ Պետք է ձևավորենք նոր իշխանություն ըստ արժանիքների, դառնալով հաշտության և բոլոր ունակների կառավարություն։ Պետք է վերացվեն այս իշխանության կողմից հանրության ներսում ստեղծված պետության և հասարակության դիմադրողականությունը քայքայող բաժանարար գծերը։ Մենք կարող ենք և կոչված ենք վերականգնելու մեր ազգային համերաշխությունը»,-հայտարարել է նա։




