ԿարևորՄիջազգային

Իսրայելը և Լիբանանը միմյանց հուժկու հարվածներ են հասցրել

Իսրայելը և Լիբանանը կիրակի օրը միմյանց փոխադարձ հուժկու հարվածներ են հասցրել։ Իսրայելական ռազմական ինքնաթիռները վերջին մեկ տարվա ընթացքում Լիբանանի հարավում իրականացրել են ամենաուժեղ ռմբակոծությունները։ Հեզբոլլահն էլ հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսում գտնվող ռազմական օբյեկտները։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ թիրախավորել է շուրջ 290 ռազմական օբյեկտ, և կշարունակի հարվածներ հասցնել Իրանի կողմից աջակցվող խմբավորմանը:

Կիրակի վաղ առավոտյան երկրի հյուսիսային շատ շրջաններում և Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքներում փակվել են դպրոցները, սահմանափակվել են հավաքները: Տագնապի ազդանշանները հնչել են ողջ գիշեր։

Լիբանանից և Իրաքից արձակված հրթիռների մեծ մասը իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել են, հայտնել են զինվորականները: Իսրայելական լրատվամիջոցները զոհերի մասին չեն հաղորդել։

«Հըզբոլլահը» հայտարարել է, որ տասնյակ հրթիռներով թիրախավորել է իսրայելական Ռամաթ Դեյվիդ ավիաբազան՝ ի պատասխան «Լիբանանի վրա Իսրայելի կրկնվող հարձակումների»:

Փոխադարձ ինտենսիվ հրթիռակոծումներին նախորդել էին Իսրայելի օդային հարվածները Լիբանանի մայրաքաղաքի արվարձաններից մեկին, որի հետևանքով սպանվել էր 37 մարդ։

«Հըզբոլլահը» հայտարարել էր, որ սպանվածների թվում են բարձրաստիճան առաջնորդ Իբրահիմ Աքիլը և մեկ այլ հրամանատար՝ Ահմեդ Վահբին։

Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածելով Աքիլի և Հըզբոլլահի ալ-Հաջ Ռադվան ուժերի առաջնորդների ստորգետնյա հավաքին, գրեթե ամբողջությամբ քանդել է ռազմական հրամանատարական շղթան:

Հարձակումը հողին էր հավասարեցրել բազմահարկ բնակելի շենքը մարդաշատ արվարձանում և վնասել հարևան մանկապարտեզը: Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվածների թվում են երեք երեխա և յոթ կին:

Կարդացեք նաև

Back to top button