
Հայաստանի Հանրապետության անկախության 33-ամյակը միայն անցյալի ձեռքբերումների գնահատման օր չէ։ «Ռադիոլուրի» հետ զրույցում փորձագետներն անդրադարձել են նաև մեզ նետված մարտահրավերներին ու ապագայի տեսլականին։ Նրանք կարծում են, որ կրթության, գիտության և ազգային համերաշխության զարգացումը պետք է լինի ՀՀ առաջիկա քայլերի հիմքում։
Փորձագետների գնահատմամբ՝ այսօր, Հայաստանի Հանրապետության անկախության 33-րդ տարեդարձի օրը, մեր հիմնական խնդիրը ոչ միայն մեր պետական ինստիտուտների պահպանումն ու զարգացումն է, այլև ազգային ինքնության ամրապնդումը։ Փորձագիտական գնահատականներով՝ անկախության տարիները ցույց տվեցին, որ Հայաստանի քաղաքացիների պայքարը շարունակվում է ոչ միայն քաղաքական և ռազմական ոլորտում, այլև հոգևոր և մշակութային մակարդակներում։
Քաղաքագետ, «Կովկասի ինստիտուտի» գիտաշխատող Հրանտ Միքայելյանը նկատում է, որ ՀՀ-ն ծնվել է Արցախյան շարժումից և, ցավոք, անցած տարի կորցրեցինք Արցախը, ինչը, բնականաբար, չէր կարող տարբեր առումներով չունենալ իր ծանր հետևանքները։
«Սա իրականում մեծագույն խնդիրն է, և իմ կարծիքով, սրանից պետք է սկսվի ցանկացած խոսակցություն՝ Հայաստանի անցած ուղու մասին խոսքը։ Այսինքն՝ մենք գտնվում ենք, եթե քաղաքակրթական քարտեզները ուսումնասիրենք, այդ սահմանային գոտում, որը լի է հակամարտություններով, և կոնկրետ մենք ունենք այդ խնդիրը։ Այս պահի դրությամբ մենք ունենք բազմաթիվ ռիսկեր՝ պատերազմի տեսանկյունից, և նաև ղեկավարության կողմից ընդգծվում է պատերազմական ռիսկը, այսինքն՝ սա ևս լուրջ մարտահրավեր է»։
Անդրադառնալով ներկայիս մարտահրավերներին՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը այսպիսի տեսակետ հայտնեց.
«Այս պահին գլխավոր մարտահրավերը աշխարհակարգի փոփոխությունն է, որին ձգտում է Ռուսաստանը՝ կապված Ուկրաինայում և հետխորհրդային ամբողջ տարածքում իրենց հավակնությունների հետ։ Եվ այն հաղթահարելու համար անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանը երբևէ մեն-մենակ չմնա Ռուսաստանի դեմ։ Այսինքն՝ բազմաթիվ դերակատարներ լինեն տարբեր ոլորտներում, որը մեզ հնարավորություն կտա հաղթահարել Ռուսաստանի ճնշումը՝ հրաժարվել անկախությունից և այդ մարտահրավերը հաղթահարել։ Գլխավոր մարտահրավերը դա է»։
Հայաստանում իրավիճակի վերաբերյալ երկու, այսպես ասած, մրցակից խուսույթ կա՝ նկատեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
«Ես, ամեն դեպքում, շատ ավելի մեծ հակում ունեմ դեպի այն, որ այս պահի դրությամբ իրավիճակը մակերեսորեն թվում է, որ շատ լավ է, բայց թե՛ անվտանգային տեսանկյունից, թե՛ իմաստային տեսանկյունից մենք ունենք խնդիրներ, որովհետև ամեն դեպքում տնտեսական իրավիճակը ամեն ինչը չի պայմանավորում, թեև այս պահի դրությամբ բավականին լավ է տնտեսական վիճակը»։
Անդրադառնալով Հայաստանի ապագայի տեսլականին՝ փորձագետները նախ շեշտում են, որ այն պետք է հիմնվի ներքին համերաշխության ամրապնդման վրա։ Մենք ունենք ազգային միասնության կարիք՝ զարգացնելու մեր կրթական և գիտական համակարգերը։ Անհրաժեշտ են ոչ միայն տեխնոլոգիական զարգացմանը նպաստող, այլև ազգային արժեքների ամրապնդման քայլեր, ինչը կարևորվում է մեր պատմական ինքնության առումով։
Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել լուծումներից մեկը, եթե ճիշտ մշակվեն և իրականացվեն ծրագրերը։ Հայաստանը պետք է դառնա կամուրջ՝ տարածաշրջանում խաղաղության և համագործակցության ճանապարհով՝ ապագայի մասին իր տեսակետը ձևակերպեց Ղևոնդյանը։
«Չգիտեմ, իշխանությունը կկիսի այն, թե չէ, այնուամենայնիվ, իմ տեսլականն է, որ ՀՀ-ն պետք է լինի ուժեղ, լինի բարգավաճ, պետք է լինի տարանցիկ պետություն, որտեղով անցնեն տարանցիկ ճանապարհներ, պետք է զարգանա։ Եվ ամենակարևորն ու առաջնայինը՝ Հայաստանի բնակչությունը պետք է կարգով շատանա։ Այսինքն՝ պետք է ձգտենք 30-40 մլն դառնալ։ Իհարկե դրա համար երկար ժամանակ է պետք, բայց պետք է ձգտենք այդ ցուցանիշին»։
Հրանտ Միքայելյանը նույնպես ժողովրդագրական իրավիճակը մեծ մարտահրավերներից մեկն է համարում։
«Ուղղակի ասեմ, որ երկիրը կանգնած է գլխավորապես նոր իմաստ գտնելու, կամ՝ իմաստ վերականգնելու մարտահրավերի առջև, և իմ համոզմունքն այն է, որ միայն փնտրելով ճանապարհը դեպի լավ կենսակերպ՝ զուտ նյութական տեսանկյունից, հարցը չի կարող լուծել, որովհետև միշտ կլինեն երկրները, որտեղ կապրեն ավելի լավ»։
Այսինքն, Հայաստանը պետք է ունենա այն իմաստը, որը հայ մարդուն կամ Հայաստանի քաղաքացուն կկապի այս հողի հետ և այստեղ, քաղաքագետի ձևակերպմամբ, «անտեսել պատմականը, մշակութայինը և այլն չի ստացվի»։




