Հասարակություն

Խորհրդային շրջանի շենքերը սեյսմիկ ռիսկ են պարունակում

Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»

Հայաստանը գտնվում է սեյսմիկ բարձր ակտիվության գոտում: Սպիտակի երկրաշարժից հետո թարմացված սեյսմիկ ռիսկայնության ցուցանիշերը վկայում են, որ խորհրդային տարիներին կառուցված շենք-շինությունների զգալի մասը չի համապատասխանում նորմերին: Ըստ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանի՝ այս առումով Երևանում 4700 շենքեր այսօր գտնվում են առավել ռիսկային վիճակում։ «Ուժեղ երկրաշարարժի պարագայում մասնակի կամ լրիվ կարող են փլուզվել շենքերի 40 տոկոսը, իսկ զոհերի թիվը կգերազանցի 100 հազարը»։

Մասնագետը նշեց, որ առկա ֆինանսական սուղ հնարավորությունները թույլ չեն տալիս կարճ ժամանակում ամբողջությամբ լուծել սեյսմակայունության մակարդակի բարձրացման խնդիրը։ Այնուամենայնիվ՝ վերջին 20 տարիներին կառուցված շենքերը համապատասխանում են նորմերին։

Ավելի վաղ շրջանում կառուցված հատկապես բարձրահարկ շենքերը ավելի քիչ ծախսերով կարիք ունեն կանխարգելիչ արդյունավետ սարքերի կիրառման՝ Ճապոնիայի օրինակով։ Պատկան մարմինների առաջնային ուշադրության կենտրոնում են հայտնվել հանրային նշանակության շենքերի սեյսմիկ անվտանգության ապահովման հարցերը։ Ինչպես և շատ հարցեր, սեյսմակայունության ապահովումը ևս պահանջում է զգալի ֆինանսական ներդրումներ: Պետական միջոցներով առայժմ հնարավոր է լինում անդրադառնալ վթարային շենքերին։

 

Կարդացեք նաև

Back to top button