ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ապրել հայրենիքում․ ո՞րն է ամենակարևորը, որ պետք է արվի Հայաստանի համար

Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի երրորդ օրը պանելային քննարկումների հարթակը տրամադրվել է սփյուռքի երկիտասարդներին։ Նրանք խոսել են աշխարհի տարբեր երկրների համայնքներում իրականացված աշխատանքի մասին, մտքեր են արտահայտել, թե ինչպես կարող են օգնել հայրենիքին։ 

Ամենակարևոր բանը, որ պետք է անենք Հայաստանի համար, դա Հայաստանում ապրելն է, Գերմանիայի «Մոնթե» հայկական կրթօջախի հիմնադիր և ղեկավար Արգինե Բադալյանի այս ձևակերպումը «Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի» պանելային քննարկումներում բանավեճի առիթ դարձավ։ Քննարկման մասնակիցների մեծ մասը համամիտ էր այս պնդմանը, ոմանք սակայն, համոզված են, որ կարելի է Հայաստանում չապրելով էլ մեծ գործեր անել հայրենիքի համար։

«Հեշտ է, երբ ապրում ես Հայաստանից դուրս ու մտածում  ես, թե ինչ կարող ես անել Հայաստանի համար, բայց երևի ամենամեծ բանը, որ մենք պետք է անենք, Հայաստանում լինելն է, իմ կարծիքով։ Իսկ առհասարակ, կարծում եմ, որ ամեն մարդ պետք է գտնի իր ուժեղ կողմը, եթե մարդը ակտիվիստ է, ինքը կարող է ցույցերի միջոցով Հայաստանին օգնել արտերկրից, օրինակ։ Եթե մարդը գտնում է իր ուժեղ կողմը դասավանդման մեջ, ինքը կարող է դպրոցում իր գործունեությունը իրականացնել»։

Բուլղարիայից Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամ, Սոֆիայի ընդհանուր վարչության անդամ Մարի Գազազյանը համամիտ է այս մոտեցմանը, կարծում է, որ հայը պետք է Հայաստանում ապրի ու դրանով արդեն մեծ գործ արած կլինի։ Այս մոտեցմանը դեմ է, սակայն, Բրազիլիայի Ռիո դե Ժանեիրոյի Հայ համայնքային միության նախագահ Աբրահամ Կուլաջյանը․

«Ամենայն հարգանքով, բայց համաձայն չեմ, որ հայերը հետ վերադառնան։ Այս մոտեցման դեմ որևէ բան չունեմ, ես էլ կուզեմ․ դա իմ երազս է, բայց կարծում  եմ, որ լոբբինգի միջոցով կարող ենք ազդեցություն ունենալ, որ օգնենք մեր դատը իրականացնել տարբեր երկրների մեջ, ինչպես որ Ֆրանսիա, Ամերիկա և Բրազիլիա, Արգենտինա և Ուրուգվայ։ Ուրուգվայը առաջինն էր, որ ընդունեց 1915թ Հայոց ցեղապանությունը»։

Նա պատմեց, որ Ռիո դե Ժանեյրոյում Հայաստանի համար հիմնադրամներ է հիմնել, ուր ներդումներ են անում հայերն, ու դրանով կարողացել են որոշակի ներդրումներ ունենալ Գյումրիում, Սյունիքում ու Տավուշում ։

Անապայի Հայկական ազգային մշակույթի կենտրոնի փոխնախագահ Սվետլանա Մինասարյանը, սակայն, ասաց, որ սոցհարցումների ու հետազոտությունների միջոցով պարզել են, որ յուրաքանչյուր հայ կարող է օգնել Հայաստանին՝ լինելով Հայաստանում։

«Վերջերս իրականացվել է մի փոքրիկ վերլուծություն, ինչից  պարզվել է, որ մարդը, ապրելով Հայաստանում, կարող է ավելի շատ օգտակար լինել Հայաստանին, քան համայնքի որևէ ներկայացուցիչ։ Թվեր չեմ հրապարակի։ Բայց կարող եմ ասել, որ մենք կարող ենք վերցնել համայնքներում առկա նորարարությունները և տեղանյացնենք դրանք հայրենիքում, որևէ ոլորտում, գուցե դա կարող է կապված լինել մեր մասնագիտության հետ։ Բայց  ամեն դեպքում մենք կարող ենք օգտակար լինել միայն այստեղ ու հիմա։ Իհարկե, մենք հեռվից էլ կարող ենք անել, բայց դրանից արդյունավետությունը նվազում է շատ անգամներ»։

Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրոյի Հայ համայնքային միության նախագահ Աբրահամ Կուլաջյանը սփյուռքում ամենամեծ մարտահրավերը համարում է այն գիտակցության բացակայությունը, որ հայոց հողի համար նախնիները արյամբ են վճարել․

«Ամենամեծ մարտահրավերն այն է, որ 2000թ– ից հետո ծնվածները չեն հասկանում, որ իրենք գոյություն ունեն սփյուռքի մեջ և գոյություն ունեն ենթակառուցվածքներ ու եկեղեցիներ, որովհետև որոշ մարդիկ արյունով վճարեցին դրա համար։ Երբ իրենք դա հասկանան, կհասկանան նաև, որ մեր հողը, որ ապրում ենք Հայաստանում, դրա համար արյունով են վճարել։ Մի բան էլ ավելացնեմ՝ մենամարտում ինձ համար 5 ոսկի մեդալ շահելը երկրորդական է։ Կարևոր է, որ երբ հաղթելուց հետո հայկական դրոշակն եմ բարձրացնում ու ինձ մոտենում են հարցնում են՝ սա ինչ դրոշ է, ես մեր հավատի, մեր երկրի մասին եմ պատմում»։

Ի՞նչ է ձեզ համար լինել երիտասարդ հայ՝ սփյուռքում․ այս հարցին աշխարհի տարբեր երկրներում բնակվող երիտասարդները հակիճ արձագանքում են՝ դա բարդ բան է այն առումով, որ իրենցից է կախված, թե ինչպես կընդունեն Հայաստանը դրսում։ Նրանց կարծիքով սա ավելի պատասխանատու է դարձնում։ Բայց դա միայն արտաքին մասն է։ Կա նաև ներքին կողմը ՝ այլ մշակույթում ապրելով, այլ միջավայրի ներսում կրել հայկականը։

Back to top button