ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հոսանքի հաճախակի անջատումների պատճառը ենթակառուցվածքի գերմաշվածությունն է. ՀԾԿՀ նախագահ

Ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք, հոսանքի հաճախակի անջատումներն ու համակարգի մաշվածությունն են. Ազգային Ժողովում էլեկտրաէներգիայի անջատումները, խնդիրներն ու լուծումները թեմայով հրավիրված քննարկմանը հայտարարել է ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Նրա խոսքով՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը պայմանագրով պարտավորված ներդրումներն առաջինն ուղղել է ավելի բարձր լարման ենթակառուցվածքներին, քանի որ դրանց խափանման դեպքում ավելի մեծ թվով բաժանորդներ են տուժում։ Մարզերում, ըստ Բաղրամյանի, համայնքները հիմանկանում միասնուցում են, ի տարբերություն Երևանի, և այնտեղ խափանումների դեպքում հոսանք երկար ժամանակ չի լինում։ Իրավիճակը մեղմելու համար, ըստ Բաղրամյանի, մի շարք քայլեր են ձեռնարկվել ։

ՀՀ–ում էլեկտրաէներգիայի անջատումների պատճառը ենթակառուցվածքի գերմաշվածությունն է, «էլեկտրաէներգիայի անջատումները՝ խնդիրներն ու լուծումները» թեմայով Ազգային Ժողովում հրավիրված քննարկմանը հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։ Ռեսուրսները, որոնք պետք է ուղղվեին սպասարկման ոլորտի աշխատանքներին, այլ ուղղությամբ էին ծախսվում, ասաց հանձնաժողովի նախագահը։

«Ի՞նչ է տեղի ունեցել փաստացի։ Գրեթե պահպանվել են 7 տարվա ներդրումների ծավալները՝ մոտ 230 մլրդ դրամի ներդրումներ իրականացվել են։ Սպասարկման որակի ցուցանիշների բարելավման ուղղությամբ 50 տոկոսով ավելի քիչ ներդրում է իրականացվել։ Այսինքն՝ սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ դրամով ավելի քիչ ներդրում է ուղղվել։ Կան օբյեկտիվ պատճառներ, դա նոր սպառողների միացումն է։ Ընդ որում` նոր սպառողների միացման համար նախատեսված է եղել մոտ 28 մլրդ դրամ, բայց տնտեսության ավելի արագ զարգացման, կառուցապատման ավելի արագ տեմպերը հաշվի առնելով, այս թիվը գերազանցվել է մոտ 39 մլրդ դրամով»։

Իրավիճակը մեղմելու համար, ըստ Բաղրամյանի, մի շարք քայլեր են ձեռնարկվել ։ Նախ՝ վերանայվել են միացման վճարները, ինչն այդքան էլ ողջունված որոշում չէր և ուշացած էր։ Էականորեն թանկացվել են նոր միացման վճարները և բերվել շուկայական այսօրվա գներին։ Նաև երկարաձգվել են նոր սպառողների միացման ժամկետները, ինչը համապատասխան ռեսուրս պետք է առաջացներ ընկերության մոտ՝ սպասարկման որակի բարելավմանն ուղղելու համար, ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը։

Անդրադառնալով էլեկտրաէներգիայի անջատումներին, Գարեգին Բաղրամյանն ասաց, որ վթարի վերականգնման սահմանված ժամ կա՝ քաղաքային համայնքներում 4 ժամ է, գյուղական համայնքներում՝ 8 ժամ։ Եթե այդ ժամերի ընթացքում վթարը չի վերականգնվում, ապա տույժը պետք է գեներացնի ընկերությունը և փոխանցի բաժանորդներին՝ որպես հաջորդ ամսվա կանխավճար։ Նրա խոսքով` Երևանից դուրս բոլոր մյուս համայնքներում էլեկտրամատակարարման երկսնուցման համակարգ պատմականորեն չկա։ Արդյունքում՝ ցանկացած վթարի դեպքում, եթե Երևանում հնարավոր է փոխել սնուցումն ու արագ վթարը վերացնել, անջատումներ չունենալ, ապա համայնքներում այդպես հնարավոր չէ։

«Երեք տուգանք է կիրառվել, ընդհանուր 50 մլն դրամ։ Սա այն պատասխանատվության միջոցներն են, երբ ընկերությունը խախտում է լիցենզիայի պայմանները, և 2-րդ կետով ներկայացված են շուկայի կանոնների համաձայն ավտոմատ կերպով բաժանորդներին վճարված տուգանքները։ 2023 թվականի արդյունքներով՝ 68 հազար բաժանորդի վճարվել է 116 մլն դրամ։ Այդ բաժանորդների մոտ անջատումը 4 ժամից ավելի է տևել։ 2024 թվականի 8 ամիսներին այս գումարն արդեն կազմել է մոտ 152 մլն դրամ։ Սա արդեն վկայում է այն մասին, որ անջատումներն ավելի շատացել են»։

ԱԺ ՔՊ խմբակցության անդամ Վաղարշակ Հակոբյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք ՀԷՑ-ը բիզնես է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, ըստ նրա, պետությունը այստեղ պարտավորություն ունի, պետք է այնպես անի, որ այն բիզնեսը, որը փող է աշխատում բնակիչների վրա, ոչ թե միացման վճարն էլ հավելյալ թողնի բնակիչների վրա, այլ իր շահույթներից այդ ծախսն անի։

«Հիմա ՀԷՑ–ը բիզնես է, թե ՝ ոչ։ Ես չեմ մեղադրում, բայց պետք է արդյունավետ բիզնես լինի։ Մի օրինակ բերեմ։ Կենտրոնում Սարյանի վրա հսկայական շենք է կառուցվում, որը փոքր կենտրոնից է սնուցվելու։ Հիմա այդտեղ ենթակայաններով հզորությունն  ավելացվելու՞ է, թե՝ ոչ։ Որովհետև դուք էլ գիտեք՝ Կենտրոնի հոսանքը կաթվածահար վիճակում է։ Եվ ընդհանրապես, պարոն Բաղրամյան, ես կարծում եմ, որ բնակիչների կողմից բողոքելու լուծումը թվայնացումն է»։

ՀԷՑ-ը բիզնես է՝ էլեկտրաէներգիայի բաշխման ծառայության մատուցման։ Այսինքն՝ ինքը բաշխում է էլեկտրաէներգիան։ Ընդ որում, այսօրվա ազատական շուկայում սպառողը, որը սարի գլխին իր տունը կառուցում է, կարող է լրիվ այլ մատակարար ընտրել, ընդհանրապես ՀԷՑ-ին չդիմել, պարզաբանեց Գարեգին Բաղրամյանը։

«Առնվազն վեց ակտիվ մատակարար ունենք, որոնց տակ այսօր ունենք 300 բաժանորդ, որոնք ՀԷՑ-ից դուրս են եկել։ Ընդ որում՝ այս 300 բաժանորդը Հայաստանի 25 տոկոս սպառումն են ապահովում։ Այսինքն՝ 25 տոկոս սպառումն այլեւս ՀԷՑ-ի տակ չէ»։

Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ՝ 2024-2025 թվականներին նախատեսված է 6,3 մլրդ դրամով ամբողջությամբ վերազինել Երևանի փոքր կենտրոնի ենթակառուցվածքները։ Ըստ նրա՝ փոխվելու են բոլոր տրանսֆորմատորները, էլեկտրահաղորդման լարերը։

«Գրեթե 100 տոկոսանոց արդյունքի ենք հասնելու։ Նման պրակտիկա ենք առաջարկում՝ նախարարության, մարզպետարանների ու համայնքների հետ քննարկել, վեր հանել ամենախնդրահարույց համայնքները, և այդ հասցեական ներդրումներն իրականացնել»։

Պատասխանատվության միջոցները ևս կխստացվեն։ Գարեգին Բաղրամյանն ասաց, որ ամսվա կտրվածքով անջատման համար դրվելու է նվազագույն քանակ, եթե այդ քանակը գերազանցվի, ապա ընկերությունը պետք է բաժանորդին տուգանք վճարի։ Եթե էլեկտրաէներգիայի ընդհատման սահմանված տևողությունը կրկնակի գերազանցվի, տուգանքը 2500 դրամից կդառնա 3500 դրամ։ Այս փոփոխություններն ուժի մեջ կմտնեն հունվարի մեկից։ Հանձնաժողովի նախագահի տվյալներով` 2025 թվականին նախատեսվում է հոսանքազրկումների միջին տևողությունը կրճատել 25, 2028 թվականին` ևս 28 տոկոսով։

Կարդացեք նաև

Back to top button