Ապամոնտաժված բենզալցակայանները գոյության ոչ մի իրավական հիմնավորում չեն ունեցել. ՀՀ վարչապետ
Կառավարությունը հաստատել է «Հրդեհային և տեխնիկական անվտանգության մասին» օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին որոշման նախագիծը։ Ըստ այդմ՝ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման։ Դատարան բողոքարկումը չի տալու տարկետում: Կարևորելով որոշման անհրաժեշտությունը՝ վարչապետը ընդգծել է, որ տնտեսվարողի բարեխղճությանն ապավինելը բավարար չէ։ Ավելի կտրուկ քայլեր են անհրաժեշտ և ոչ միայն այս ոլորտում։
Եթե գործող օրենսդրությամբ տնտեսվարող սուբյեկտի մոտ հայտնաբերված խախտումից հետո նրան ժամանակ է տրվում խախտումը վերացնելու համար, ապա այսուհետև Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած որոշ վարչական ակտեր ենթակա են լինելու անհապաղ կատարման: Կառավարությունը շարունակում է միջոցներ ձեռնարկել արտադրական վտանգավոր օբյեկտներում խախտումները հայտնաբերելու և շահագործումն արգելելուց հետո առաջացող խնդիրների վերացման ուղղությամբ և, ինչպես գործադիրում հայտնեց տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը, պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք թույլ չեն տվել ապահովել ամբողջական վերահսկողություն պաշտպանելու մարդկանց կյանքն ու առողջությունը։
«Ցավոք, մեր որոշ տնտեսվարողներ օգտվում են ընձեռված հնարավորություններից, ու, չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունը էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի ու առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են ու ստանում ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն։ Փաստացի ստացվում է, որ տարկետում են ստանում խախտումներ ուղղելու և օրենքի անվտանգ գործուենության դաշտ վերադառնալու համար։ Հիմա առաջարկվում է նախատեսել, որ այդ ոլորտներում տեսչական մարմնի ընդունած հետևյալ վարաչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, հետևաբար դատարան բողոքարկումը չի տալու այդ տարկետումը»։
Այսպիսով՝ եթե արտադրական վտանգավոր օբյեկտը կամ դրանում օգտագործվող տեխնիկական միջոցները, տեխնոլոգիական սարքավորումները, շենքերն ու շինությունները չեն համապատասխանում տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին, կամ արտադրական վտանգավոր օբյեկտը սահմանված կարգով չի անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն կամ չի գրանցվել ռեեստրում, տվյալ օբյեկտի շահագործումն անհապաղ կդադարեցվի։
Նույնը վերաբերում է նաև արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործմանը։ Արձագանքելով նախատեսված փոփոխություններին, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս օրենսդրական փոփոխություններին բավական երկար են նախապատրաստվում։ Անհրաժեշտությունն արդեն օրակարգ է դարձել.
«Երբ մենք ունենում ենք միջադեպ, պայթյուններ, ու արձագանքն այս է լինում՝ ի՞նչ ենք արել, ի՞նչ պետք է անեինք ու արդյոք արե՞լ ենք, հետո դեպքի հետևից գնում ենք ու տեսնում, որ պետական մարմինները իրենց գործառույթը իրականացրել են, ու դա դառնում է մեզ համար մխիթարանք։ Բայց պայթյուն է տեղի ունեցել, մարդիկ են տուժել»։
Ըստ վարչապետի՝ տնտեսվարողի բարեխղճությանն ապավինելը բավարար չէ։ Կարծում է՝ ավելի կտրուկ քայլեր են անհրաժեշտ։
«Տուգանքի մատերիալ լինել, չլինելու հարցի էությունը հետևյալի մեջ է։ Մենք մարդուն ասում ենք, դե լավ տուգանքը գրել ենք, դու տես ինչ ես անում, մի բան այն չլինի, հետո էլի կգանք կտուգանենք։ Վարչական պատասխանատվության միջոց կարող է կիրառվել մեկ, երկու կամ երեք անգամ, բայց չորրորդ անգամը պետք է չգա, չորրորդ անգամ պետք է գործի հարկադրանքի միջոցը»։
Ըստ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի՝ տեղում բենզալցակայանների ստուգման արդյունքում 208 բենզալցակայաններում խախտումներ են հայտնաբերվել։ Արդյունքում՝ 54-ն առհասարակ ապամոնտաժվել են, 40-ից ավելին արդեն իսկ իրենց խախտումները վերացրել են և աշխատում են: Մնացածի մասով տեսչական մարմինն ինֆորմացիա չունի:
«Կարող են դեպքեր լինել, որ ուղղակի չշահագործեն, և տևական ժամանակ մնա բենզալցակայանը՝ որպես արտադրական վտանգավոր օբյեկտ: Մենք ասում ենք՝ եթե չես շահագործելու, ապա կոնսերվացրու, եթե չես կոնսերվացնում, վարչական վարույթ է հարուցվելու, եթե դրանից հետո էլ չի կոնսերվացվում, պետությունը պատվիրելու է մասնագիտացած կազմակերպությանը, որ գան կոնսերվացնեն»։
Ողջունելով ապօրինի կառուցված բենզալցակայանների ապամոնտաժման գործընթացը՝ վարչապետը նկատեց, որ որպես կանոն այդպիսի բենզալցակայանների գոյության համար իրավական որևէ հիմնավորում չի եղել` ոչ մի թույլտվություն, ոչ մի նախագիծ։ Կառուցված բենզալցակայանների ապամոնտաժման գործընթացը, ըստ Նիկոլ Փաշինյանի, վկայում է այն մասին, որ երկրում կա իրավակարգ, օրենքը գործում է։
Տեսչականը շարունակում է ստուգումները ոչ միայն բենզալցակայաններում, այլև առևտրի խոշոր կենտրոններում։ Տարեսկզբին 12 առևտրի կենտրոններում, այդ թվում «Սուրմալուում» իրականացրել են հրդեհատեխնիկական հետազոտություններ։ Վերջին ստուգման ժամանակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում հայտնաբերվել են մեկ տասնյակ թերություններ։ Առևտրի կենտրոնը մոտ մեկ ամիս փակվել է, ինչից հետո տնտեսվարողը տեսչական մարմնին է ներկայացրել թերությունները վերացնելու վերաբերյալ դիմում։
Կրկնաստուգումից հետո տեսչական մարմինը տնտեսվարողին ժամանակ է հատկացրել բոլոր թերությունները վերացնելու համար։ 12 առևտրի կենտրոններից 10-ի վերաբերյալ տեսչական մարմինը գործունեության ամբողջական և մասնակի դադարեցման որոշում է կայացրել։ Տնտեսվարողներին աշխատանքը վերսկսելու թույլտվություն է տրվել թերությունները վերացնելուց հետո միայն։ Խոշոր առևտրի կենտրոններից բացի տեսչական մարմինը հսկողություն է իրականացնում նաև մոլերում։ Այս պահին փակված առևտրի կենտրոններ չկան, բայց կան թերությունները վերացնելու վերաբերյալ կարգադրագրեր, որոնց ժամկետը շուտով կլրանա։