ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

20 տոկոսից ոչ ավելի կախվածություն․ Հայաստանը վերանայում է ռազմատեխնիկական համագործակցության կառուցվածքը

Հայկական երկրորդ գագաթնաժողովի հարթակում այսօր քննարկվել են Հայաստանի անվտանգային միջավայրն ու հիմնական մարտահրավերները։ Առաջին բանախոսը եղել է Հայաստանի վարչապետը։  Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցերի լայն շրջանակի, որոշ թեմաներում բացել փակագծեր։

«Խաղաղության պայմանագրի» 17 կետանոց նախագծում չհամաձայնեցված միակ կետը, որի բովանդակությունը կողմերը չեն բացահայտում, փաստաթղթում  Բաքվի նախաձեռնությամբ ընդգրկվել է վերջերս՝ Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ չբացահայտելով բովանդակությունը։

Վարչապետ Փաշինյանը համոզված է, որ անհնար է Խաղաղության պայմանագրում արտացոլել բոլոր խնդիրների լուծումները, ինչպես պնդում են որոշ շրջանակներ թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում։

«Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում։ Ենթադրենք կա X թվով հոդված, այդ ամեն ինչը համաձայնեցված է, կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ էլ հոդված կա, դա էլ պետք է համաձայնեցնենք։ Փաստն այն է, որ աշխարհում չկա որևէ պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին։ Մենք ասում ենք՝ այն, ինչ համաձայնեցված է, կարո՞ղ է շրջանակային նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար։ Այո, կարող է։ Ասում ենք՝ եկեք ստորագրենք, գնանք այն ենթադրվող 27, 28, 30–40 հոդվածները քննարկենք, որովհետև դա ստորագրելուց հետո այդ հոդվածների քննարկման մթնոլորտը, միջավայրը, ամեն ինչը կփոխվի։ Այստեղ քաղաքական կամքի մեջ է խնդիրը»։

Փաստաթղթի նախագծում, օրինակ, բացակայում է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը, բայց վարչապետի համոզմամբ՝ «Խաղաղության պայմանագիրն» է, որը պետք է լուծի Ադրբեջանում գերիների և պատանդ պահվող անձանց հարցը։

Նախագծում անդրադարձ չկա Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքից ադրբեջանական Զինված ուժերի  դուրս գալու մասին։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում, որովհետև կարծում է, որ Ադրբեջանի հետ ստորագրված սահմանազատման կանոնակարգը հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում այդ տարածքները վերադարձնել սահմանազատման գործընթացով։

«Խաղաղության պայմանագրի» նախագծից բացակայում է նաև ճանապարհների ապաշրջափակման հարցը։ Այն ամիսներ առաջ է հանվել փաստաթղթից և արտացոլվել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, որը Հայաստանի տարածքով  անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամության մասին է։  

«Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Շիրակով, Վայոց Ձորով, բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել՝ առանց ստորադասելու Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը։ Հայաստանը պատրաստ է և ուզում է նույն պայմաններով, ինչ Իրանի Իսլամական Հանրապետությունն է անցում տալիս Ադրբեջանին, ճշգրիտ նույն պայմաններով այդ նույն անցումը ապահովել։ Ավելին՝ մենք չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և ընկալում ենք դա երկկողմանիության տրամաբանության մեջ»։

Հայաստանի անվտանգության երաշխավոր Փաշինյանը համարում է ոչ թե տարբեր անվտանգային համակարգերը, այլ հենց «Խաղաղության պայմանագիրը»։ Ավելին՝ մեր անվտանգային համակարգը Հայաստանի վարչապետը թերի է համարում․

«Մենք ՀԱՊԿ–ում մեր անդամությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ կազմակերպությունը չի ապահովում Հայաստանի նկատմամբ իր անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ մեր կարծիքով՝ Հավաքական անվտանգության պայմանագիրը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար և Հայաստանի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Ամեն րոպե և ամեն վայրկյան ՀՀ–ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ–ից և մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք «անդառնալիության կետը»։   

ՀԱՊԿ–ին առնչվող խնդիրները սկսվեցին դեռ երկու տարի առաջ՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և տարածքների օկուպացիայի ժամանակ։ Հայաստանը կառույցից հստակ գործողություններ և քաղաքական գնահատական էր սպասում, երը որն այդպես էլ չհնչեց։

Փոխարենը Հայաստանի վարչապետի նոր հայտարարություններին ՀԱՊԿ–ից արձագանքել են գրեթե անմիջապես։ Կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ ՀԱՊԿ–ը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես իրավահավասար գործընկեր և պատրաստ է երկխոսության բոլոր հարցերի շուրջ։

Սակայն ՀԱՊԿ–ի հենասյուն և հիմնադիր ՌԴ–ի հետ Հայաստանի անվտանգային հարաբերություններում թվերն ավելի քան խոսուն են։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի ներկայացմամբ՝ նախկինում 90%–ից ավելի ռազմատեխնիկական համագործակցությունը ՌԴ–ի հետ այսօր մոտ 10%–ի է հասել։ Խնդիրը ոչ միայն Ռուսաստանում, այլև Հայաստանի վերանայված մոտեցումներում  է։ Ցուցանիշը վերջին 3–4 տարիների քաղաքականության հաջողություն է համարում Անվտանգության խորհրդի քարտուղարը․

«Այսօր մենք ունենք մի քանի կարևոր գործընկերներ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում։ Դրանցից մեկը Հնդկաստանն է, մյուսը Ֆրանսիան և մենք փնտրում ենք նոր գործընկերներ։ Մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 20–30%–ը լինի Հայաստանի ներսում։ Այսինքն՝ ռազմաարդյունաբերական ոլորտը սպասարկի ՀՀ կարիքը։ Դա այս պահի ռազմավարական նպատակն է և ունենալ 4–5 գործընկերներ, որոնց հետ ռազմաարդյունաբերական համագործակցության ծավալը 20%–ից չի գերազանցի ամեն մի գործընկերոջ հետ»։

Այս առիթով Ադրբեջանից հնչող դժգոհություններին, թե Արևմուտքը զինում է Հայաստանին, վարչապետ Փաշինյանը հակադարձում է օրինակներով․

«Այդ երբվանի՞ց են, որ Չեխիան, Սլովակիան, Իտալիան այլևս Արևմուտք չեն։ Այսինքն՝ ինչո՞ւ կարող է Ադրբեջանը զենք գնել Իտալիայից, Չեխիայից, Սլովակիայից, Սերբիան Եվրոպայում է, իսկ Հայաստանը չի կարող Ֆրանսիայից ձեռք բերի։ Ինչո՞ւ կարող է Ադրբեջանը Պակիստանից զենք ձեռք բերի, ՀՀ–ն չի կարող Հնդկաստանից զենք ձեռք բերել»։  

Արդեն հայտնի է Ադրբեջանի ցանկությունը ընդհուպ մինչև «Խաղաղության պայմանագրով» սահմանափակել Հայաստանի սպառազինության հնարավորությունները։ Մինչդեռ Հայաստանի վարչապետը վկայակոչում է ՄԱԿ–ի կանոնադրության 51–րդ հոդվածը, որը յուրքանչյուր երկրին իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս։   

Back to top button