ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան Հայաստանում

Հայաստանյան startup էկոհամակարգը, ներդրումային հնարավորությունները startup–ներում, ինչպես ներդրումներ կատարել բորսաներում։ Մասնագետները քննարկում են այս խնդիրները։ Նպատակը հանրային ու մասնավոր շուկաներում ներդրումները միավորելն է։ Մասնագիտական դաշտում կարծում են, որ ոլորտը չի զարգանում, քանի որ ֆինանսական գրագիտության պակաս կա։

Հայաստանում արդեն 30 տարի  կապիտալի շուկան գտնվում է զարգացման փուլում։ Formula VC ընկերության համահիմնադիր, գլխավոր գործընկեր Կարեն Վարդանյանը ընդգծում է՝ դանդաղումը տարբեր գործոներով է պայմանավորված․

«Հիմնականը գրագիտության ու տեղեկացվածության պատճառով է, որ չի զարգանում։ Մարդիկ տեղյակ չեն գործիքներից, չգիտեն՝ ինչպես ներգրավեն։ Դրա համար պետք է շատ խոսել ու ցույց տալ, թե ինչպիտի միջավայր կա ներդրումային ու վենչուրային ֆոնդերի համար»։

Բիզնեսի ընդլայման համար գումար հնարավոր է վարկով վերցնել, կամ բորսաներում գումար ներգրավել։ Վենչուրային ֆոնդը հնարավորություն է տալիս մինչև բորսա հասնելը զարգացման ճանապարհ անցնել՝ բացատրում է Freedom Broker Armenia կազմակերպության տնօրեն Հովակ Հովակիմյանը։ Վենչուրային ֆոնդը բորսա հասնելու առաջին քայլն է։ Հարցին՝ զարգացա՞ծ է արդյոք կապիտալի շուկան Հայաստանում, թե ոչ՝ նա վիճակագրութմբ է պատասխանում․

«Օրինակ՝ ԱՄՆ քաղաքացիների 60 տոկոսն այս կամ այն կերպ ունեն ինչ որ տեսակի բրոքերային հաշիվ։ Եթե համեմատենք, մեզ մոտ զարգացած չէ։ Հայաստանում 1 տոկոսից քիչ։ Բայց զարգացման տենդենցը նկատելի է։ Առաջիկա 5–7 տարում կարծում եմ՝ այդ թիվը մինչև 10 տոկոս կհասնի»։

Ղազախստանում 15 տարի առաջ բրոքերային հաշիվները 1 տոկոսից քիչ էին, այժմ մոտ 15 տոկոս են՝ ասում է։ Հայաստանում մոտ 100 նեդրումային մասնավոր ֆոնդեր կան, շուրջ 10–ը՝ հանրային, դրանցից վենչուրայինը են  2–3 –ը։ Մյուսները ավելի շատ են, ֆինանսական ֆոնդեր են։  Ինչո՞ւ ֆոնդերը իրական հատվածում հիմնականում ներդրումներ չեն անում։ Այս տարի կենսաթոշակային ֆոդերից «Ցե կվադրատ Ամպեգան» ներդում է կատարել նաև իրական հատվածում ՝ ասում է Կարեն Վարդանյանը․

«Formula VC–ում էական ներդրում արեց «Ցե կվադրատ Ամպեգան»։  Մյուս կողմից պետք է հասկանալ, որ իրենք պետք է շատ կոնսերվատիվ լինեն, քանի որ գործ ունեն սերունդների բարօրության հետ, ուստի պետք է շատ զգույշ լինել դրա հետ։ Այն սահմանափակումները, որ այսօր կան, հենց այդ շրջանակում են գործում»։

Ոլորտում խնդիրները շատ են։ Մասնագետները դրանք քննարկելիս հույս են հայտնում, որ առաջիկայում լուծումներ կգտնվեն։

Back to top button