
Ասկերանում ադրբեջանական կողմից արձակված կրակոցից սպանվել է արցախցի տրակտորիստը՝ հերկի ժամանակ, հայտնում են ԼՂՀ դատախազությունից։
«2014 թ. հուլիսի 14-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Արվիդ Դանիելյանը Ասկերանի շրջանի վարչական տարածքում գտնվող Ակնա թաղամասի մերձակայքում տեղակայված Սարիջալու կոչվող տեղանքում, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի «Ագրոտնտեսություն թիվ 1» ՓԲԸ պատկանող` իրեն ամրակցված «Ջոն-դեր» մակնիշի 13-97 ՆԿ պետհամարանիշի տրակտորով հերկի աշխատանքներ կատարելու ժամանակ, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մարտական դիրքերից ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, ազգային ատելության շարժառիթով արձակված կրակոցի հետևանքով, դեմքի շրջանում ստացել է հրազենային գնդակային վիրավորում և տեղում մահացել»,- ասված է ԼՂՀ դատախազության մամուլի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաեւ նշված է, որ փաստի առթիվ ԼՂՀ ոստիկանության ՔՎ Ասկերանի շրջանի քննչական խմբի կողմից հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարումը և հսկողությունն իրականացնում է Ասկերանի շրջանի դատախազությունը:




