Փեյջերների պայթյունների հետևանքով Լիբանանում վիրավորվել է ավելի քան 2700 մարդ
Լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման հարյուրավոր անդամներ վիրավորվել են այն բանից հետո, երբ նրանց փեյջերները սկսել են միաժամանակ պայթել, հաղորդում են լրատվական գործակալությունները:
Տեսահսկման տեսախցիկներն արձանագրել են պայթյունների բազմաթիվ դեպքեր․ տեսանյութերից մեկում պայթյուն է տեղի ունենում առևտրի կենտրոնում գտնվող մարդու գրպանում։
Լիբանանի իշխանությունները հաստատել են, որ պայթյունների հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել մոտ 2750-ը, որոնցից 200-ը ծայրահեղ ծանր վիճակում են:
Վիրավորների թվում է նաև Լիբանանում Իրանի դեսպանը։ Իրանական հեռուստատեսության տվյալներով՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքները թեթեւ են։
Լիբանանի պետական լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պայթյունները տեղի են ունեցել Բեյրութի հարավային թաղամասում, որը համարվում է Հեզբոլլահի հենակետը, ինչպես նաև երկրի մի քանի այլ շրջաններում։
Հայտնի է նաև, որ մի քանի փեյջեր պայթել է Սիրիայում։ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում և նրա շրջակայքում տուժել է 14 մարդ։
«Հեզբոլլահի» անանուն ներկայացուցիչը Reuters-ին ասել է, որ վերջին շրջանում դա կազմակերպության «անվտանգության ամենամեծ ձախողումն է»:
BBC-ի թղթակից Ֆրենկ Գարդները, որը զբաղվում է անվտանգության խնդիրներով, վկայակոչելով բրիտանական բանակի նախկին մի աշխատակցի, որի անունը չի նշվում, հաղորդել է, որ փեյջերները հավանաբար պարունակել են 10-ից 20 գրամ հզոր պայթուցիկ, իսկ պայթուցիկները թաքցված են եղել էլեկտրոնային կեղծ դետալում։
Պայթուցիկ սարքերը, փորձագետի կարծիքով, ակտիվացվել են հատուկ հաղորդագրության միջոցով: :
Reuters-ը հայտնում է, որ պայթյունները հնչել են ավելի քան 30 րոպե։
Լիբանանի անվտանգության աղբյուրները BBC-ին հայտնել են, որ «Հեզբոլլահի» անդամների կողմից հաղորդակցվելու համար օգտագործվող փեյջերները կոտրվել են Իսրայելի հետախուզական ծառայությունների կողմից:
Իր պաշտոնական հաղորդագրության մեջ «Հեզբոլլահը» նշել է, որ հետաքննում է պայթյունների պատճառները և պատասխանատվությունը դնում է Իսրայելի վրա:
Իսրայելի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել պայթյունների մասին տեղեկությունը։