ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

19 դպրոցներում ֆրանսերենի ուսուցումը կխորացվի

Հայաստանի հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի դասավանդումը խթանելու, երկրի ավագ դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցում և լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր իրականացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև փաստաթղթեր են ստորագրվել։ Նախաձեռնվող ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Առայժմ 19 դպրոցներում կներդրվի առավել խորացված ուսուցում, հետագայում թիվը հնարավոր է մեծանա։

Հայաստանի մարզերի և Երևանի 19 դպրոցներում ֆրանսերենն ավելի խորացված կուսուցանվի։ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության միջև ստորագրված փաստաթղթերով Հայաստանի դպրոցներում կփորձեն զարգացնել և խթանել ֆրանսերենը։ Նախարար Ժաննա Անդրեասյանի հավաստիացմամբ՝ ծրագիրն ամբողջությամբ համահունչ է հանրակրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։

«Հանրակրթության նոր չափորոշիչներով մենք առանձին խնդիր ենք դրել բարելավելու օտար լեզուների իմացությունը մեր դպրոցներում։ Այս ծրագրի շրջանակում Հայաստանի դպրոցներում ներդրվելու են ֆրանսերենի ուսուցման նոր ծրագրեր, օգտագործվելու են նոր դասագրքեր և նյութեր։ Ուսուցիչների կարողությունների զարգացման ուղղությամբ էլ մեծ աշխատանքներ են տարվելու»։

Նախարարի խոսքով` կհստակեցվի ֆրանսերենի խորացված ուսուցման ծրագրերով աշխատող դպրոցների և հավելյալ դպրոցներ ընդգրկելու հնարավորությունը։ Անդրեասյանը համոզված է, որ ծրագիրը լայն հետաքրքրություն կառաջացնի, ու հնարավոր կլինի 19 դպրոցից բացի, նոր ուսումնական հաստատություններ նույնպես ներգրավել։

Ծրագրի միջոցով առաջին հերթին աջակցելու ենք ֆրանսերենի ուսուցիչներին՝ ասում է Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոնտինյին՝ ընդգծելով, որ արդեն հասցրել է հանդիպել նրանց հետ տարբեր քաղաքներում և գյուղերում։ Նաև շեշտում, որ նպատակն է դեսպանության ծառայություններն առաջարկել բոլոր այն դպրոցներին, ուսուցիչներին, որոնք ընտրում են ֆրանսերենը սովորելու ուղին։

«Մենք ցանկանում ենք ոչ միայն Երևանում, այլև մարզերում տարածել ֆրանսերենը, իսկ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը տարբեր կարգավիճակներում անդամակցելը շատ ռազմավարական և լավ մտածված քայլ էր»։

Ֆրանսիայի կառավարությունն այս նախագծի շրջանակում պատրաստվում է 600 000 եվրո ներդնել, որպեսզի ֆրանսերենի ուսուցման մակարդակը բարձրացվի։  Դեսպանը կարծում է՝ ֆրանսիական մշակույթի, գրականության ու լեզվի  նկատմամբ առանձնահատուկ սերն կա Հայաստանում, և ուսուցիչները շատ լավ գիտեն, թե ինչպես փոխանցել այդ սերը։

«Նախագծի նպատակն է ֆրանսերենի ուսուցիչների համար վերապատրաստումներ իրականացնել նախևառաջ Հայաստանում, նրանց նոր մեթոդներով զինել, որոնք կհամապատասխանեն նոր չափորոշիչներին։ Նախագծի նպատակներից է նաև ֆրանսերենի խորացված ուսուցմամբ ցանցի ընդլայնումը և այս աշակերտների կարիքների կառավարումը։ Նաև ավելացնելու հաստատությունները, որտեղ ֆրանսերենի հետ կապ չունեցող առարկաները ևս ֆրանսերենով կդասավանդվեն»։

Այս ուսումնական տարվանից հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում ներդրվել է պետական կրթական նոր չափորոշիչը, ըստ որի  «Ռուսաց լեզուն» շարունակում է մնալ դասավանդվող առաջին և պարտադիր օտար լեզուն։ Սակայն ըստ շրջաբերականի՝ ուսումնական հաստատությունների մի շարք դասարանների համար «Ռուսաց լեզուն» հիմնական կարգավիճակից անցել է օտար լեզվի կարգավիճակի ու դարձել կամընտրական։ Սա ռուսերենի մասնագետների  շրջանում մտահոգության առիթ էր դարձել, նրանք մտավախություն էին հայտնել, որ իրենց  դասաժամերը, հնարավոր է կրճատվեն  կամ հանվեն դպրոցական ծրագրից։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն այդ մտահոգությունը չի կիսում։ Առնվազն հիմնական դպրոցին այդ հեռանկարը չի սպառնում։

«Չափորոշիչում հստակ գրված է, որ դպրոցներում կա «օտար լեզու 1» և այդ օտար լեզուն ռուսերենն է, որի դասավանդումը սկսվում է 2-րդ դասարանից։  Այս պահին մենք, ըստ էության, չունենք այլ դասագիրք, որը նախատեսված լինի 2-րդ դասարանի համար։  Նոր չափորոշչի առանձնահատկությունն այն է, որ դպրոցներին տրվում է շատ մեծ ազատություն, ընտրության հնարավորություններ, ավագ դպրոցում նաև աշակերտներն են ընտրություն կատարում, և այս համատեքստում կարող են լինել դեպքեր, որ ռուսերենի ժամերը պակասեն, կամ ավագ դպրոցում դպրոցը կամ աշակերտն առհասարակ չընտրեն։ Բայց հիմնական դպրոցում առարկան այս պահին չափորոշչով ֆիքսված է»։

Ըստ փորձագետի՝ ուսումնական պլանում «օտար լեզու 1» և «օտար լեզու 2» ձևակերպումների առկայությունը դեռևս չի նշանակում, որ  կրթական ծրագրից «Ռուսաց լեզուն» կարող է դուրս մնալ։ Ժամաքանակաները կարող են փոխվել՝ ըստ դպորցի ընտրության։

Back to top button