ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր իշխանության աղմկահարույց ՍՈՒ–երի և հին իշխանության ԱԹՍ–ների ճակատագրերը

Հայաստանի և Ադրբեջանի սպառազինությունների թեման առանձին ուղղություն է հայ–ադրբեջանական խաղաղության բանակցություններում։ Ադրբեջանը շարունակում է պնդել Հայաստանի սպառազինությունը կրճատելու իր պահանջը, իսկ Հայաստանը հանդես է եկել սպառազինությունների վերահսկման մեխանիզմ ստեղծելու առաջարկով, որը Բաքուն անպատասխան է թողել։ Զուգահեռ Հայաստանը վկայակոչում է միջազգային իրավունքը, ըստ որի՝ ցանկացած պետություն պաշտպանվելու իրավունք ունի։ Այս ամենի ֆոնին կրկին արտահոսք է եղել Հայաստանի ԶՈՒ կողմից տարբեր զինատեսակներ ձեռք բերելու մտադրությունների և հետաքրքրությունների առնչությամբ։ Նշվում են սպառազինության տարբեր տեսակներ։ Դրանց հիման վրա ռազմական վերլուծաբանների օգնությամբ «Ռադիոլուրը» փորձել է հասկանալ, թե ինչ ուղղությամբ է շարժվում Հայաստանը։

Օրերս հերթական արտահոսքն ու հրապարակումն է եղել տարբեր զինատեսակների ուղղությամբ Հայաստանի ԶՈՒ հետաքրքրվածության մասին։ Կոնկրետ ուղղությունը Հնդկաստանն է։ Արտահոսքի նորությունը թերևս վերաբերում է ՍՈՒ–30ՍՄ կործանիչների արդիականացմանը՝ նոր հրթիռներով վերազինելու հնարավորությանը։

ՍՈՒ–30–ները Հայաստանը գնել էր 2019-ին, բայց ռուսական այս կործանիչները Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրին 44-օրյա պատերազմից հետո, երբ վարչապետ Փաշինյանը խոստովանեց, որ դրանք առանց հրթիռների են գնել։ Հնդկաստանից բացվող նոր հնարավորությունը ռազմական փորձագետները բարձր են գնահատում, բայց նաև դեռ հարցականներ կան այս հարցում։ «Հայոց հզոր բանակ» ծրագրի ղեկավար Կարեն Հովհաննիսյանը վկայակոչում է միջզգային փորձը, մինչդեռ ոլորտն ուսումնասիրող «APRI Аrmenia» վերլուծական կենտրոնի ավագ հետազոտող Լեոնիդ Ներսիսյանը շեշտում է կործանիչների հնարավոր տեխնիկական տարբերությունը։

Կարեն Հովհաննիսյան․ «Սա բավականին խոստումնալից ծրագիր է և աշխարհը սրա փորձը ունի։ Մի կործանիչի վրա տեղադրում են նորագույն տեխնոլոգիաներով հագեցված հրթիռներ կամ մեխանիզմներ, որոնք ավելի արդիական են դարձնում կործանիչը։ ՍՈՒ–երը ոչ միայն հարձակողական, այլ նաև պաշտպանողական ֆունկցիա են իրականացնում»։

Լեոնիդ Ներսիսյան․ «Ինձ թվում է՝ այս պահին դա դեռ ինչ–որ շատ նախապատրաստական փուլում է գտնվում, որովհետև պետք է հասկանալ, օրինակ, մեր ՍՈՒ–30ՍՄ–ները ու հնդկական ՍՈՒ–30MKI–ները որոշ տեխնիկական տարբերություններ էլ ունեն։ Նշանակում է, որ ասենք՝ այն մոդերնիզացիայի փաթեթը, որ Հնդկաստանում իրենց ՍՈՒ–երի համար են մշակել, կարո՞ղ է ադապտացիայի խնդիրներ ունենա Հայաստանի ՍՈՒ–30–նների վրա։ Ու հարցը գնային էլ կարող է լինել։ Եթե 4 հատ կործանիչի համար պետք է ինչ–որ առանձին ադապտացիայի աշխատանք անել, դա կարող է, օրինակ, ձեռնտու էլ չլինի։ Բայց սա դեռ քննարկում է։ Տեխնիկական դետալները կողմերը դեռ պետք է հասկանան, եթե ուզում են այդ ճանապարհով շարժվեն»։

Պաշտոնական Երևանը այս մտադրությունները դեռ չի հաստատել։ Թեմային անդրադարձել է Դելիում լույս տեսնող անգլալեզու Hindustan Times թերթը՝ վկայակոչելով ՀՀ ԶՈՒ ավիացիայի վարչության պետ Հովհաննես Վարդանյանին։  

Ըստ հրապարակումների՝ Հայաստանը հետաքրքրված է նաև ATAGS, Swathi, Pinaka զինատեսակներով։ Ռազմական վերլուծաբանները նշում են, որ դրանք Հայաստանի համար նորություն չեն։ 155 մլն դոլարի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգերը՝ ATAGS–ները Երևանը պատվիրել էր Դելիին դեռևս 2022 թվականին։ Մանևրող կայանքների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 6 միավորից, մատակարարվել էր 2023 թվականի օգոստոսին։

Swathi ռադիոլոկացիոն համալիրների համար գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար, ինչպես նաև Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ, ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը մոտ 250 մլն դոլարի հետաքրքրություն է ցուցաբերել։ Այս ամենի հիմքով Կարեն Հովհաննիսյանը եզրակացնում է․

«Եթե մենք առաջին խմբաքանակը ձեռք ենք բերել, դա նաև կարելի է ասել՝ փորձնական խմբաքանակ է, որը պետք է ադապտացվի, տեղայնացվի, որից հետո ամբողջությամբ անցում կատարվի նման զինտեխնիկայի։ Մեծ հաշվով՝ այս բոլոր խոսակցությունները կամ արտահոսքերը, որոնք տեղի են ունենում, դրանք հայ–հնդկական ռազմական համագործակցության տրամաբանական շարունակություններն են»։

Սպառազինության հետ կապված նոր հեռակա բանավեճ է հասունանում Հայաստանի ներսում։ Նախօրեին խորհրդարանական «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը դեռևս չհրապարակված տվյալներ ներկայացրեց։ Ըստ պատգամավորի՝ նախկին իշխանությունները պայմանագիր էին կնքել և գումար հատկացրել 2500 ԱԹՍ գնելու համար։

Դրանց ուղիղ կեսը Հայաստանին պետք է մատակարարվեր մինչև 2020 թվականը, եթե նոր իշխանությունը չփոխեր սպառազինության կառուցվածքը։

«Դե հիմա թող գնան պատասխան տան, որ մենք ԱԹՍ չենք ունեցել 44–օրյա պատերազմին»։

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանն այս հայտարարության հիմքով դժվարանում է հստակ պատասխան տալ պատերազմի ենթադրյալ ընթացքի մասին «Ռադիոլուրի» հարցին․

– 1250 ԱԹՍ–ն պատերազմի ընթացքի վրա էական ազդեցություն կարո՞ղ էր թողնել։

– Դա կախված է նաև նրանից, թե ի՞նչ տեսակի ԱԹՍ–ների մասին է խոսքը։ Բացի դրանից, մինչ 2020 թիվը կհասցնեի՞ն դրանք ինտեգրել բանակի մեջ, թե՞ ոչ։ Հատկապես այս մեծ քանակությամբ ԱԹՍ գնելուց, պետք է մեծ քանակությամբ էլ բանակում ունենալ անձնակազմ, որ կարողանում է դա կիրառել, ու բացի դրանից, անձնակազմ, որ կարողանում է դա կիրառել ու կոմունիկացնել, ճիշտ ձևի կոորդինացնել մնացած զորքերի տեսակների հետ՝ հրետանու, հետևակի հետ և այլն։ Այսպես ասենք, եթե այդ պրոցեսը սկսվեր ասենք՝ 2014 թվականի կողմերը, այդ ժամանակ ես կհաստատ կարող եմ ասել, որ այո, հաստատ կարող էր ազդել։ Եթե այդ պայմանագիրը ստորագրել են 18 կամ 17 թվին ու 19 թվին այդ ամեն ինչը նոր պետք է սկսեր գալ, կարող է ազդեր, կարող է չազդեր։ 

Վերջին շրջանում Հայաստանն ու Ադրբեջանը շատ են խոսում սպառազինության մրցավազքի մասին։ Ադրբեջանն անգամ խաղաղության բանակցություններում է պնդում Հայաստանի սպառազինության կրճատման և վերահսկման պահանջը՝ միաժամանակ ինքն էլ շարունակելով ձեռք բերել մեծ քանակությամբ սպառազինություն։ Սրան ի պատասխան ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հստակեցնում է՝ Հայաստանի ԶՈՒ–ում աշխատանքներն ուղղված են մի նպատակի․

«Նպատակը խաղաղության հասնելն է։ Թղթի կտորի հետևում կանգնած են ուժային կառույցները, որոնք պետք է պահպանեն դա։ Եվ միջազգային իրավունքը։ Այդ ամբողջը դրել ենք մի կողմ, ասում ենք՝ չէ, ստորագրելու ենք, մեկ ա հարձակվելու են։ Է, հարձակվելու են, մենք էլ պետք է պաշտպանվենք, հարձակվողական պետք է պաշտպանվենք»։

Բաքվից հնչող պահանջների ի պատասխան Երևանը վկայակոչում է միջազգային իրավունքը, որով ցանկացած պետություն իրեն պաշտպանելու իրավունք ունի։ Բացի այդ Ադրբեջանին Հայաստանն առաջարկել էր սպառազինությունների վերահսկման մեխանիզմ, որը Բաքուն այդպես էլ չի ընդունել։  

Back to top button