ԿարևորՄիջազգային

Լեհաստանում ջրհեղեղից տուժած շրջաններն աղետի գոտի են հայտարարվել

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ որոշումը կհեշտացնի տարհանման աշխատանքները և կարագացնի ֆինանսական օգնությունը տուժածներին։

Կառավարության արտակարգ նիստից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը ջրհեղեղից տուժած շրջաններն աղետի գոտի է հայտարարել՝ տարհանման և փրկարարական աշխատանքները հեշտացնելու, ինչպես նաև տուժածներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

«Այս պահին մենք ունենք մեկ միլիարդ զլոտի: Ֆինանսների նախարարը վստահեցրել է ինձ, որ անմիջական և երկարաժամկետ օգնության միջոցների պակաս չի լինի»,- ասել է նա։

Կենտրոնական Եվրոպայում ջրհեղեղների հետևանքով արդեն 5 մարդ է զոհվել։ Ջրհեղեղները տարհանման պատճառ են դարձել նաև Չեխիայում, Ավստրիայում և Ռումինիայում:

Չեխիայի իշխանությունները շուրջ 100 բնակավայրերում ուժեղ ջրհեղեղների մասին նախազգուշացում են հայտարարել։ Սակայն իրավիճակն ամենածանրը հյուսիսարևելյան շրջաններում է, որտեղ գրանցվել են վերջին օրերին ամենաառատ տեղումները։

Տասնյակ հազարավոր մարդկանց խնդրել են տեղափոխվել ավելի բարձր վայրեր:

Օդեր գետը, որը հոսում է դեպի Լեհաստան, հասել է ծայրահեղ մակարդակի Օստրավայում՝ Չեխիայի մեծությամբ երրորդ քաղաքում: Քաղաքի շատ հատվածներ ջրի տակ են հայտնվել, կենտրոններ են ստեղծվել նրանց համար, ովքեր ստիպված են եղել տարհանվել:

Հունգարիայում Բուդապեշտի քաղաքապետը զգուշացրել է բնակիչներին, որ մայրաքաղաքին սպասվում է տասնամյակի ամենամեծ ջրհեղեղը: Քաղաքում հորդառատ անձրևներ են սպասվում շաբաթվա վերջին:

Դանուբ գետի ջրի մակարդակը բարձրացել է, և վտանգ կա, որ ջուրը կթափանցի քաղաքի ցածրադիր գոտիներ։

Կարդացեք նաև

Back to top button