Վենետիկ դարձած իմ Երևան․ մայրաքաղաքի անձրևատար համակարգը հորդառատ անձրևներին պատրաստ չէ
Մայրաքաղաքի հեղեղատար, անձրևատար համակարգը պատրաստ չէ նման ծավալի տեղումներին։ Վերջին հորդառատ անձրևից 2 օր հետո քաղաքային իշխանությունը բացատրում է՝ երևանյան վարարումների պատճառը հեղեղատար համակարգի մաշվածությունն ու անկատարություն է։ Մասնագետներն էլ հակադարձում են՝ համակարգը պետք է պատշաճ սպասարկել, մաքրել, հատկապես մայրաքաղաքում փոշու ու աղբի քանակի ավելացման պայմաններում։ Ներքին գործերի նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ հորդառատ անձրևից հետո տարբեր հասցեներից ավելի քան 230 տոննա ջուր է հեռացվել։
Նորից հորդառատ անձրև և նորից հեղեղ ու վարարած գետեր Երևանի փողոցներում ու լճեր գետնանցումներում։ Սեպտեմբերի 13-ին տեղացած անձրևից հետո Երևանը դարձյալ Վենետիկ էր դարձել։ Քաղաքապետարանում արձանագրում են՝ արդեն հաջորդ օրը հեղեղումների հետևանքները վերացվել են, բայց թե ինչպես կանխել նույն հետևանքները հաջորդ անձրևի ժամանակ, առայժմ հստակ չգիտեն։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն ասում է՝ հեղեղատար ու անձրևատար համակարգն անկատար է, թողունակությունը բավարար չէ։
«Այս հեղեղումների ժամանակ շատ էին բերվածքները։ Սա չեմ ասում որպես արդարացում, այլ ուղղակի օբյեկտիվ վիճակն եմ ներկայացնում։ Փողոցներից, գազոններից ու մայթերից բերվածքները շատ–շատ էին, ու րոպեների ընթացքում անձրևընդունիչ ամբողջ ցանցը պատվում է պոլեթիլենային տոպրակներով, հագուստի կտորներով, տերևերով, ու այդ ցանցը չէր կարողանում ջուրն ընդունել դեպի անձևատար հորեր»,– ասում է Արեյանը։
Անձրևին զուգահեռ քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները Վեոլիա ջրի ու փրկարար ծառայության հետ աշխատել են խնդիրներն արագ վերացնելու ուղղությամբ։ ՆԳՆ ճգնաժամային կառավարման կենտրոնն անձրևի օրը 6 տասնյակից ավելի ահազանգ է ստացել։ Փրկարարները տարբեր հասցեներից շուրջ 230 տոննա ջուր են հեռացրել։
«Բայց այս ռեսուրսները բավարար չէին, որ կարողանայինք ամբողջությամբ վերացնել հետևանքները»։
Սեպտեմբերի 13-ի վարարումը վերջին շրջանի միակ դեպքը չէ․ ամռան ամիսներին նույնպես հորդառատ անձրևներից հետո մայրաքաղաքում գրեթե նույն իրավիճակն էր։ Քաղաքապետարանում արձանագրել էին, որ համակարգը պատրաստ չէ տեղումների այս ծավալին։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասում է՝ առաջիկայում նախատեսում են կառավարության հետ քննարկել հեղեղատար համակարգում ներդրումներ անելու հարցը։
«Այս համակարգում ներդրումներ շատ վաղուց պետք է իրակնացվեին, բայց չեն իրականացվել․ լավ է ուշ, քան երբեք։
Որոշ դեպքերում ոչ մի տեսակի համակարգ այս տեսակի ֆորսմաժորի չի կարող դիմանալ։ Իհակե, բոլոր այն հատվածներում, որտեղ կարող ենք նվազագույնը մեղմել հեղեղումներից առաջացած խնդիրները, պետք է անպայման դա անենք, որտեղ որ պետք է անձրևատարներն ու հեղեղատարները նորից կառուցենք, պետք է կառուցենք»,– ասում է Տիգրան Ավինյանը։
Ինչպես ջրամատակարարման, ջրահեռացման, այնպես էլ հեղեղատար ու անձրևատար համակարգերը մայրաքաղաքում սպասարկում է «Վեոլիա ջուր» ընկերությունը։ Քաղաքային իշխանությունը հիշեցնում է՝ այս ոլորտում ներդրումներ անելու ուղղակի պարտավորություն չունի, բայց ինչպես կոյուղացանցի, այնպես էլ անձրևատար համակարգի արդիականացման հարցում մասնավորին օգնում է։
«Փորձենք ամեն ինչ անել նման հետևանքներից խուսափելու համար»,– ասում է քաղաքապետի խորհրդականը։
Բացի հեղեղատար համակարգի մաշվածությունից Երևանն այլ խնդիրներ էլ ունի, որոնց հետևանքն այս վարարումներն են՝ նկատում է ճարտարապետ, քաղաքաշինարար Սիրեկան Օհանյանը։ Նախ աղբն է շատացել, հետո համատարած շինարարությունների հետևանքով փոշու քանակն է անհամեմատ ավելացել։
«Ըստ էության՝ անձրևատար համակարգի խցանումներն ավելի հաճախակի են դարձել։ Դա ենթադրում է, որ շահագործող կազմակերպությունը պետք է ավելի ակտիվ ու փոքր պարբերականությամբ մաքրման աշխատանքներ իրականացնի։ 3 օր առաջվա անձրևի հետևանքով Մաշտոցի պողոտայի վրա մայթերին բավականին մեծ քանակի հող էր կուտակվել, հարց է առաջանում՝ որտեղից այդ հողը, եթե հատկապես այդ շրջակայքում շինհրապարակ չկա։ Կարելի է ենթադրել, որ անձրևի հետևանքով է կուտակվել․ օդի աղտոտվածության, փոշու մակարդակը այնքան բարձր է, որ անձրևի հետևանքով լցվում է փողոցներ»։
Նման դեպքեր «Երևաննախագծի» նախկին տնօրենն էլի է հիշում։ Երևանում անձրևի հետևանքով վարարումներ եղել են նաև 2009-ին։ Այդ ժամանակ ևս խնդիր էր դրվել պատճառները պարզելու՝ պատմում է Սիրեկան Օհանյանը։
«Երբ ես դարձա «Երևաննախագիծ» ինստիտուտի տնօրեն, նման իրավիճակ այդ տարի գարնանը եղել էր, ու սկզբունքային հարց էր դրվել՝ պարզելու, թե ինչու է այդպես։ Այն ժամանակ ջուրը լցվել էր Ազատության պողոտայից մինչև «Ռոսիա» կինոթատրոն եկող թունելը ու խնդիր դրվեց, որ գուցե նախագծողն է քիչ կամ սխալ նախագծել հեղեղատար համակարգը։ Պարզվեց, որ անձրևատարները լավ չեն մաքրել, իսկ մաքրելուց հետո խնդիրը լուծվեց»,– պատմում է Սիրեկան Օհանյանը։
Առհասարակ քաղաքներում հեղեղատար համակարգը նախագծվում է՝ հիմքում ունենալով տեղումների միջին քանակը։ Քաղաքաշինարարն ասում է՝ հնարավոր չէ նախատեսել այնպիսի համակարգ, որը արտակարգ բոլոր իրավիճակներին պատրաստ և հարմարեցված կլինի, բայց հետևանքները նվազեցնելու համար առնվազն պետք է ճիշտ տնօրինել ու սպասարկել այդ համակարգը։