Բարձրլեռնային տեղանք, մաքուր օդ, գոլորշիացում ապահովող ոռոգման համակարգի բացակայություն։ Այդ ամենը գիտական ներուժի հետ նպաստել է, որ տարածաշրջանի միակ «օզոնաչափիչ սարքը» տեղադրվի Արագածի լանջին։ Դրանով ձևավորված ինդեքսները ամեն ամիս ուղարկվում են Կանադա՝ տվյալների միջազգային բանկ։ Օզոնի շերտի պաշտպանության համաշխարհային օրվա առիթով կայանի աշխատանքին հետևել է Աստղիկ Փիլիպոսյանը։
Արագածի լանջին՝ Ամբերդ օդերևութաբանական կայանում ունենք համաշխարհային նշանակության չափման սարք։ Դրա որսած տվյալներով որոշվում է օզոնի պարոնակությունը վերնոլորտում։
Դոբսոնի սպեկտրոմետրը 2000թ.-ից է այստեղ։ Այն թույլ է տալիս հաշվել արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթման կարճ և երկար ալիքների էներգիայի տարբերությունը։ Հիդրոմետ ծառայության հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնում տվյալը վերամշակվում է և ամիսը մեկ ուղարակվում Կանադա՝ Օզոնի և ուլտրամանուշակագույն ճառագայթման տվյալների միջազգային կենտրոն։
Բաժնի պետ Անահիտ Ասատրյանը մանրամասնում է՝ սարքն ապահովում է 99% ճշգրտություն։
«Ամբողջ Հարավային Կովկասում միակ սարքն է, որով իրականացվում են այդ չափումները։ Օրինակ՝ Վրաստանում, Թուրքիայում, Ադրբեջանում չկա։ Ընտրված է բարձրլեռնային այս տեղանքը՝ 2070մ բարձրության վրա։ Պատճառն այն է, որ այստեղ համեմատաբար մաքուր օդ է, բացակայում է ոռոգման սիստեմը՝ այսինքն գոլորշիացում, ջերմոցային էֆեկտներ չեն լինում»։
Սեպտեմբերի 16-ին աշխարհում նշվում է մարդուն և բնությանը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող Օզոնային շերտի պահպանության օրը։
Շրջակա միջավայրի նախարարության նույն հարցով ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը կեսկատակ առաջարկում է՝ եկեք օզոնային շերտը իրապես ճանաչենք։
«Երբ որ մենք ասում ենք օզոնային շերտ, դա պայմանական է, եթե փորձենք սեղմել օզոնի բոլոր մոլեկուլները, այն կստացվի շատ բարակ 0.3 միլիմետրանոց շերտ, բարակ, բայց կենսական լուրջ նշանակություն ունեցող՝ մեր կյանքը Երկիր մոլորակի վրա ապահովելու համար։ Այդ պայմանական կոչվող շերտը ֆիլտրում է Արեգակի վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթները»։
Կարևոր միացությունը սովորական ջերմաստիճանային պայմաններում կապույտ գազ է։ Դրա ամբողջ ծավալը մեծ չէ՝ մոտ 3.3 մլրդ տոննա, 10%-ը Երկիր մոլորակից մինչև 10 կմ, 90%-ը՝ մինչև 30 կմ բարձրության վրա է։
Օզոնային շերտի քայքայումը բնական պրոցես է՝ այն քայքայվում է ու գոյանում, բայց մարդն իր գործունեությամբ խախտել է բալանսը՝ մանրամասնում է Լիանա Ղահրամանյանը։
«Սկսել է քայքայվել ավելի շատ, քան բնությունն ի վիճակի է վերականգնել: Մարդածին քիմիական նյութեր էին ստեղծվել, որոնց շնորհիվ սառեցվում էին մեր սառնարանները, հովացվում էին օդորակիչները։ Խոսքը սառնագենտների մասին է։ Սառնագենտները 3 խմբի են բաժանվում՝ օզոնաքայքայիչ, 2-րդ խումբը հիդրոֆտոր ածխածիններ են կամ ջերմոցային գազը։ Համամոլորակային ջանքերի շնորհիվ այսօր աշխարհում վերացվել են 99% օզոնաքայքայիչ նյութերը՝ թե արտադրությունում, թե օգտագործման մեջ։ Ջերմոցային գազն էլ նպաստում է կլիմայի գլոբալ տաքացմանը։ 2024թ.-ի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում դրանց ներկրումը քվոտավորված է։ 3-րդ խումբը բնական սառնագենտներն են»։
Արագածի լանջին իմ գտնվելու պահին հորդառատ անձրև էր, կաթնագույն օզոնաչափիչ սարքը՝ ծածկի տակ։ Խնդիրը ոչ միայն թրջվելու վտանգն է, այլև արևի բացակայությունը՝ ասում է կայանի օզոնոմետրսիտ Հովիկ Ոսկանյանը։
«Դիտարկումները կատարում ենք դրսում։ Միացնում ենք սարքը, արևն ուղղում գործիքի մեջ և սկսում ենք դիտարկումը՝ օրը 4 անգամ, կապ չունի ժամանակը, արևը որքան ուժեղ է, այնքան ստույգ են դիտարկումները։ Ամիսը 1 անգամ մենք սարքը տեխնիկական ստուգման ենք ենթարկում, իսկ 4 տարին մեկ ուղարկում ենք Եվրոպա, ստուգում են, ուղարկում մեզ»։
Հայաստանի և միջազգային մոնիթորինգին մասնակցող մյուս Դոբսոնի սպեկտրոմետրերը ցույց են տալիս՝ օզոնի շերտի «վերականգնում-քայքայում» հարաբերակցությունում կա դրական միտում։
Երկրները «չվնասելու» առումով ստանձնած պարտավորությունները կատարում են, Հայաստանը՝ առաջանցիկ տեմպերով՝ ասում է Շրջակա միջավայրի նախարարության օզոնային շերտի հարցերի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։
«Հայաստանի Հանրապետությունը պատվով կատարում է ստանձնած պարտավորությունները՝ ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների օժանդակությամբ։ Համատեղ ծրագրերի միջոցով իրականացնում են գործողություններ, որոնք ուղղված են Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը։ Մասնավորապես, կրթության ոլորտում, մաքսային մարմինների հետ համագործակցություն, որպեսզի մաքսանենգ ճանապարհով օզոնը քայքայող նյութերը չմտնեն երկիր»։
Մասնագետը մանրամասնում է՝ բարձր գնահատականը հնչում է ՄԱԿ-ի Օզոնի քարտուղարությունից, որին մեր երկիրը հաշվետու է յուրաքանչյուր տարի օգտագործած օզոնաքայքայիչ նյութերի և հիդրոֆտոր ածխածիններիհամար։