Խիստ նախազգուշացում Մոսկվային․ Իրանը կրկին հայտարարում է՝ Ռուսաստանն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ անընդունելի պնդումներ է անում
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին հայտարարել է՝ Ռուսաստանը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ «պնդումներ է անում», որոնք բացարձակապես ընդունելի չեն Իրանի ժողովրդի և խորհրդարանի համար, գրել է isna.ir կայքը: Վերջին շրջանում այսօրինակ հայտարարություններ Իրանից ավելի հաճախ են հնչում։ Որոշ փորձագետներ, նկատելով, որ Իրանը բավականին կոշտ է սկսել արձագանքել ճանապահների ապաշրջափակման հարցով Ռուսաստանի մոտեցումներին, նշում են, որ այս պահին վտանգն ավելի շատ Ռուսաստանի, քան Ադրբեջանի կողմից է գալիս։
Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադա Հոսեյն Մալեքին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը կոչ է արել «խիստ նախազգուշացում» անել ռուսական կողմին։
Քաղաքական գործիչն ասել է. «Երկրի դիվանագիտական համակարգը ռուսներին պետք է լուրջ նախազգուշացում տա: Մեզ մի կողմից մեղադրում են ուկրաինական պատերազմում ռուսներին աջակցելու համար, մյուս կողմից՝ ռուսները մեկնաբանություն են անում երեք կղզիների (Մեծ և Փոքր Թոմբերը, Աբու Մուսան) վերաբերյալ և չգիտես ինչու իրանական կղզիները համարում են Արաբական Միացյալ Էմիրություններինը, իսկ մյուս կողմից՝ միջամտում են Ադրբեջանի և Հայաստանի հարցերին, ինչը ոչ մի կերպ ընդունելի չէ»։
Իրանի կողմից վերջին շրջանում թեմայի վերաբերյալ նման կտրուկ հայտարարություններն հաճախակի են դարձել, գրեթե՝ ամենօրյա ռեժիմով։ Փորձագետները նկատում են, որ թեման հատկապես ակտիվացավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Ադրբեջան այցից հետո։
Որոշ փորձագետներ չեն բացառում, որ Իրանի ակտիվացման պատճառներից մեկը կարող է լինել Իրանի ունեցած ինչ-որ տեղեկություն՝ կապված ռուս-ադրբեջանական ինչ-ինչ պայմանավորվածության հետ, որը ստիպում է Իրանին գործել շատ կտրուկ և ակտիվ։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը, սակայն, կարծում է, որ այդ դեպքում Իրանը կկիսվեր իր ունեցած գաղտնի տեղեկությամբ Հայաստանի հետ, ինչը չկա և դա երևում է հայակական կողմի հանգստությունից։
«Հետևաբար, նշանակում է, որ դրա ակտիվացումն այս պահին առավելապես անհրաժեշտ էր իրանական կողմին»։
Իսկ թե ինչո՞ւ է թեման տաք պահելն անհրաժեշտ իրանական կողմի համար, ըստ փորձագետի, երկու առանցքային պատճառ կարող է լինել։ Դրանցից մեկն, այսպես ասած, սեպտեմբերյան իներցիայի գործոնն է.
«2020-ից հետո տարածաշրջանում անընդհատ սեպտեմբերին զարգացումներ են եղել, որոնք, այս կամ այն կերպ, առնչվել են նաև Իրանի շահերին։ Այսինքն, իրենք գնահատում են, որ կարող է սեպտեմբերի ընթացքում Ադրբեջանն էլի ինչ-որ գործողություն իրականացնել՝ հատկապես Ադրբեջան-Ռուսաստան այս վերջին սերտացումից հետո։ Այդ համատեքստում, կարծում եմ, ինչ-որ կանխարգելիչ բան կա»։
Այսինքն, կարելի է ենթադրել, որ իրանական կողմից վերջին շրջանում հաճախակիացած հայտարարությունները նախևառաջ կանխարգելիչ նշանակություն ունեն։ Բացի այդ, ըստ փորձագետի, տարածաշրջանում բավականին մեծ է միմյանց նկատմամբ անվստահությունը՝ բոլորը բոլորին կասկածում են, անգամ Թուրքիայի և Ադրբեջանի միջև անվստահության տարրեր են նկատվում, նույնը՝ ռուս-իրանական գործընկերության մասով կա։ Ըստ փորձագետի՝ հենց այդ անվստահությունն է նաև մղում Իրանին կանխարգելիչ հայտարարություն-քայլերի։ Ակնհայտ է, որ այս պահին ապաշրջափակման վերաբերյալ մոտեցումները հակոտնյա են, հետևաբար, Պետրոսյանի կարծիքով, հնարավոր չէ, որ այդ ապաշրջափակումը տեղի ունենա այն պատկերացմամբ, որը կա հայկական կողմում և որը պաշտպանում է նաև հենց Իրանը։ Փորձագետը, շարունակելով պարզաբանումը, նաև հավելում է.
«Ինչու՞ հավանական այս պահին ես չեմ համարում, որովհետև ես միանշանակ չեմ էլ կարծում, որ Թուրքիայի և Ադրբեջանի շահերից է դա բխում, որ նոյեմբերի 9-ով ապաշրջափակումը լինի։ Իրենց համար ամենաընդունելի սցենարը առանց որևէ վերահսկողության, այսինքն՝ հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհն է, որովհետև, եթե Ռուսաստանն է վերահսկում, ապա՝ ի՞նչ տարբերություն – երրորդ ուժ է, որը փաստացի, այդ կապի վրա ազդում է»։
Ադրբեջանի համար, սակայն, Ռուսաստանի վերահսկողությունը շատ ավելի ընդունելի է, քան, օրինակ, Հայաստանի վերահսկողությունն է՝ նկատում է փորձագետը, հիշեցնելով, որ անցյալ տարիների պատմությունը ցույց տվեց, որ Բաքուն Մոսկվայի հետ լավ էլ պայմանավորվում է։
«Կարողանում են ռուսների հետ պայմանավորվել, բայց երբ Հայաստանի վերահսկողությամբ լինի, արդեն շատ ավելի մեծ զսպող միջոցներ են աշխատելու. և՛ միջազգային հարաբերություններն են, և՛ մյուս գերտերություններն են, որոնք պետք է վերահսկեն այդ միջազգային կանոնների գործարկմանը»։
Արմեն Պետրոսյանը նաև կարծում է, որ այս պահին պատերազմի հիմք չկա։ Չի բացառում, սակայն, որ նման արհեստական օրակարգ առաջ բերվի.
«Արհեստական օրակարգը կա, այսինքն՝ Ռուսաստանը հասկանա, որ այդ ճանապարհը բացվում է և ինչ-որ կերպ ինչ-որ խնդիր առաջացնի, որպեսզի դա նոյեմբերի 9-ի հայտարարությամբ լինի։ Այսինքն, այս պահին ես անգամ ամենամեծ վտանգը տեսնում եմ Ռուսաստանից, քան Ադրբեջանից։ Ադրբեջանին դա ընդհանրապես պետք չէ»։
Թեպետ, ըստ փորձագետի, Ադրբեջանի համար դեպի Նախիջևան հնարավոր ճանապարհի երկրորդ ընդունելի սցենարը Ռուսաստանի վերահսկողությունն է, այնուամենայնիվ, նա չի կարծում, որ Ռուսաստանի դրդմամբ նրանք գնան ագրեսիվ գործողությունների՝ որքան էլ նրանց այս պահին անհրաժեշտ է այդ միջանցքը։ Ապաշրջափակման թեմայով կան հստակ պայմանավորվածություններ և այնպես չէ, որ Հայաստանը հրաժարվում է դրանից, նկատում է փորձագետը։ Նա եզրահանգում է՝ որևէ հիմք ռազմական էսկալացիայի չկա, պարզապես, այս պահին ամբողջ խնդիրը բանավեճն է, թե ինչ սկզբունքով պետք է այդ ապաշրջափակումը տեղի ունենա։