Հազարավոր մարդիկ տարհանվել են Չեխիայում սաստիկ ջրհեղեղների պատճառով
Չեխիայի Մորավիայի շրջանից հազարավոր մարդիկ տարհանվել են, իսկ ավելի քան 260 հազարն այժմ հոսանքազրկված են։
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում տեղումների պատճառով բարձրացել է գետերի մակարդակը և հեղեղումներ են երկրի տասնյակ տարածքներում:
Չեխիայում ավելի քան 260,000 տնային տնտեսություն կիրակի առավոտյան արթնացել է առանց հոսանքի:
Հազարավոր մարդիկ տարհանվել են Մորավա-Սիլեզիայի շրջանից։ Կրնովում քաղաքի մեծ հատվածներ, ներառյալ կենտրոնը, ջրի տակ են հայտնվել։ Օպավա գետը բարձրացել է գրեթե հինգ մետրով, ուժի մեջ է մտել ջրհեղեղի երրորդ աստիճանի տագնապը:
Ուժեղ քամու հետևանքով ծառերն ու ճյուղերն ընկել են էլեկտրահաղորդման գծերի վրա՝ տապալելով մի քանի սյուներ:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հրշեջները վերջին երեք օրվա ընթացքում արձագանքել են շուրջ 6000 միջադեպերի: Երկաթուղու 40 հատված, հատկապես Յեսենիչկո շրջանում, փակ է ջրհեղեղի պատճառով, մեծապես տուժել է Պրահա-Օստրավա հիմնական երկաթուղային գիծը Ստուդենկա կայարանում:
Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան այս շաբաթվա սկզբին փրկարար ծառայությունների հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկիրը պետք է «պատրաստ լինի ամենավատ սցենարներին»: