ԿարևորՀասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Լուիս Մորենո Օկամպոյին

Սեպտեմբերի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին ու «Ճշմարտության և արդարության կենտրոն» կազմակերպության անդամներին՝ ուղեկցությամբ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի։

Ողջունելով ՄՔԴ նախկին դատախազի այցը հայոց հոգևոր կենտրոն՝ Նորին Սրբությունը տեղեկություններ փոխանցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի՝ հայ ժողովրդի կյանքում ունեցած կարևոր դերակատարության, հոգևոր, մշակութային արժեքների, ազգային ինքնության կերտման և ազգապահպան առաքելության մասին։

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել տիար Օկամպոյին միջազգային տարբեր ատյաններում հայ ժողովրդի և արցախահայության արդար իրավունքների պաշտպանության, Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության դատապարտաման և գերիների վերադարձման գործում ներդրած ջանքերի համար։

Խոսելով երկրի առջև ծառացած անվտանգային հիմնախնդիրների մասին՝ Հայոց Հայրապետն իր մտահոգություններն է բարձրաձայնել՝ ընդգծելով, որ Եկեղեցին մշտապես իր կարելի նպաստն է բերում առկա մարտահրավերների հաղթահարմանը, արցախահայերի հոգևոր և հումանիտար կարիքների բավարարմանն ու նրանց ապահով ապագայի կերտմանն ուղղված ջանքերին։ Հիշյալ խնդիրների ամբողջական լուծման ուղղությամբ, Վեհափառ Հայրապետը կարևորել է, ինչպես միջազգային հանրության գործուն աջակցությունը, այնպես էլ տիար Օկամպոյի ծավալած գործունեությունն ի խնդիր արդարության հաստաման և մարդու իրավունքների պաշտպանության։

Իր հերթին Լուիս Մորենո Օկամպոն Նորին Սրբությանը ներկայացրել է իր մտածումներն ու նախաձեռնած գործողություններն Ադրբեջանի կողմից Հայաստանի բռնազավթված տարածքների ազատագրման, Արցախում իրագործված էթնիկ զտումների բարձրաձայնման, Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ՝ ընդգծելով միջազգային իրավունքի սկզբունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը: Այս առնչությամբ տիար Օկամպոն կարևորել է աշխարհասփյուռ հայության համախմբումը այդ սկզբունքները կյանքի կոչելու գործում: ՄՔԴ նախկին դատախազը անդարաձել է նաև Հայ Եկեղեցու կարևոր դերակատարությանը տեղահանված արցախահայերի հոգևոր առաջնորդության, նրանց ոտնահարված իրավունքների պաշտպանության և գերիների վերադարձման  ուղությամբ։

Back to top button