
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը
սեպտեմբերի 13-ին այցելել է «Ինժեներական քաղաք»՝ ծանոթանալու ընթացող
աշխատանքներին:

«Ինժեներական քաղաքը» պետություն-մասնավոր գործընկերության հենքով ծրագիր
է, որն իրականացվում է ՀՀ կառավարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր»
հիմնադրամի, Համաշխարհային բանկի և մասնավոր հատվածի համագործակցությամբ ու
աջակցությամբ։

Նախաձեռնության նպատակն է Հայաստանում «Ինժեներական քաղաքի» հիմնման
միջոցով նպաստել ինժեներական և բարձր տեխնոլոգիաների (ԻԲՏ) ոլորտի հետագա
զարգացմանը` խթանելով Հայաստանում տնտեսության մրցունակության և
արտադրողականության բարձրացումը:

Նախարար Հայրապետյանը «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն
Բագրատ Ենգիբարյանի, Հայաստանի ինժեներական ասոցիացիայի տնօրենների խորհրդի
նախագահ Արամ Սալաթյանի և նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի ուղեկցությամբ
շրջայց է կատարել «Ինժեներական քաղաքում», ծանոթացել տարածքում ընթացող և
նախատեսվող շինարարական աշխատանքների ժամանակացույցին,
ենթակառուցվածքներին, քաղաքի համար նախատեսվող կանաչ հատվածին: Նախարարին
ներկայացվել է տարածքում իրենց տեղն ամրագրած ռեզիդենտ ընկերությունները,
նրանց հետ տարվող աշխատանքները:

Նախարարը տեղեկացվել է նաև որոշ խնդիրների առկայության մասին, որոնք
խոչընդոտում են աշխատանքների արդյունավետ իրականացմանը, հայտնել, որ պետք է
արվի ամեն բան հնարավորինս սեղմ ժամկետում քաղաքի կառուցումն ավարտին
հասցնելու համար:

Ինժեներական քաղաքում գործունեության հիմնական ոլորտներն են լինելու
անվարորդ տեխնոլոգիաների առաջատար լաբորատորիան, ինչպես նաև 5G
հետազոտական, իրերի ինտերնետ /IOT/ արդյունաբերական, կիսահաղորդիչների
տեստավորման, ռադիոհաճախականության և միկրոալիքների, մեքենաների և չափման
լաբորատորիաները:




