ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Նոր Արմավիրում գյուղատնտեսական հողերից 70 հեկտարը չի մշակվում

Արմավիրի մարզի Նոր Արմավիր գյուղում գյուղատնտեսական նշանակության հողերից 70 հեկտարը չի մշակվում: Հիմնական խնդիրը ոռոգման ջրի պակասն է, որի պատճառով սեփականաշնորհված հողերում հրաժարվել են նաև բանջարեղեն մշակելուց, փոխարենը հիմնել են խաղողի այգիներ. դրանք համեմատաբար քիչ ոռոգում են պահանջում: Գյուղացիները դժգոհում են թունաքիմիկատների որակից։

Նոր Արմավիր գյուղից Միհրան Ավդալյանը տնամերձ հողամասից չորացած լոբին հավաքել է ու պատիճներից առանձնացնում է տափակ ու խոշոր հատիկները: Իր հողամասի վաճառքի առաջին բերքն է, սպասում էր գնորդին: 1 կգ-ը 1500 դրամով է վաճառում։ Շուկայում, ասում է,  լոբու այդ տեսակն ավելի պահանջված է, ու գինը գերազանցում է 2000 դրամը:

«Հիմա ջրի փողն են ուզում, բայց ես չունեմ, որ տամ: Ասում եմ՝ կտամ, անպայման կտամ, ես էդ մարդը չեմ, որ չտամ, համբերեք, լոբին հեսա մաքրում եմ, վաճառեմ՝ կտամ ձեր ոռոգման ջրի փողը»:

Միհրանն իր տնամերձից արդեն 50 կգ բերք է հավաքել, դեռ այդքան էլ կհավաքի: Լոբին ցանել էր 250 քմ տարածքում, որտեղ մի քանի տարի առաջ որոշել էր ջերմոց հիմնել, բայց գործի կեսն էր կարողացել անել:

«Ջերմոց դրեցի, հետո բոլոր երկաթները հավաքեցի, վիճակ չկար, չկարողացա շարունակել, պակաս բաներ կային: Ուզում էի վարունգ ու լոլիկ դնեի, ցելոֆոնով փակեի, մետաղալարերով ամրացնեի, բայց չկարողացա գնել: Հինգ-վեց տարի այդպես մնաց»:

Տնամերձ հողամասի մի հատվածն էլ  խաղողի այգի է, սեղանի սորտեր են՝ քիշմիշ, մսխալի, մեղրաբույր: Արդեն երկու տարի է, ինչ քիշմիշ սորտից գրեթե բերք չի քաղում։ Ողկույզները վնասող հիվանդության դեմ երկարամյա այգեգործը միջոցներ է ձեռնարկել, բայց՝ անօգուտ:

«Սրսկեցինք, սրսկեցինք, օգուտ չտվեց: Անցած տարի ես իմ ամբողջ այգուց 25000 դրամի խաղող եմ վաճառել շուկայում: Հիմա շարունակում է խաղողը նեխել, բայց էլ չեմ սրսկելու: Թույների անորակության պատճառով է այսպես եղել, օգուտ չեն տալիս: Հիմա ինչ կլինի, կլցնեմ տակառներն ու փլուշ կսարքեմ»:

Միայն Միհրան Ավդալյանը չի բողոքում քիշմիշի հիվանդությունից ու բուժանյութերի անորակությունից: Նոր Արմավիրում շատերի վազերն են վնասվել:  Խաղողի սեղանի սորտերի գինը մեծածախ շուկայում էժան է՝ 200-250 դրամ: Ասում են՝ ավելի էժան էլ են տալիս, որպեսզի արագ իրացնեն ապրանքն ու վերադառնան մյուս գործերին:

«Գյուղացին երբեք չի կարող իր ապրանքը շուկայում ծախել, որովհետև իր ապրանքը շատ է: Եթե ինքը 500 կգ խաղող տանի վաճառելու, կարող է 10 օր մնա շուկայում, իսկ կես գնով մեծածախ վաճառքի դեպքում մարդիկ տանում են 200-250 դրամ, նույնիսկ՝ 180 դրամ:  Երբեմն երկու օր նստում ես շուկայում, հոգնում ես, զայրանում, ինչ գնով  ուզում են, տալիս ես, կամ բերում լցնում տակառը»:

Զրուցակիցս սեղանի Շահումյան սորտը դարձյալ տնամերձ հողմասի շուրջ 500 քմ հատվածում է մշակում, մնացածը ծառապտուղներ են: Պտղատու այգի է հիմնել նաև սեփականաշնորհված հողերում: Հինգ տարի առաջ վարելահողերում տարբեր պտուղների տնկիներ էր դրել ու այս տարի ստացել առաջին բերքը: Բերքի մի մասն է արտահանվել, մի մասը՝ շուկայում իրացրել:

Նոր Արմավիրում չմշակվող հողեր շատ կան՝ շուրջ 70 հեկտար, պատճառը հիմնականում ոռոգման ջուրն է: Արմավիր ջրանցքից  ինքնահոս ջուրն այստեղ է հասնում մի քանի գյուղերի միջով: Վարչակազմի միակ աշխատակից  Հարություն Սիմոնյանն ասում է, որ հիմա էլ ջուր կա, բայց՝ քիչ թողունակությամբ: Ոռոգման ջուրը  հաճախ կռվախնձոր է դառնում:

«Օրինակ՝ 5 օր է ջուր չկա, հիմա, որ բարձրանաք վերև, կտեսնեք, որ շատ քիչ ջուր է գալիս, դրա համար պետք է կամ կռվեն, կամ չմշակեն: Բանջարեղեն գրեթե չեն մշակում: Խաղողն է, որ քիչ է ոռոգվում, ու այդ տեսակետից մի քիչ հեշտ է. մարդիկ մի 4-5 ջուր ջրում են, իսկ բանջարեղենը 3-5 օրը մեկ պիտի ջրեն, ջուր էլ չկա և ստիպված չեն մշակում»:

Ոռոգման ջրի պատճառով Միհրան Ավդալյանը նույնպես հրաժարվել է սեփականաշնորհված հողատարածքը մշակել:

«Ընդամենը 5000քմ հող էր, ոռոգման ջուրը լավ չէր, էն տարիներին չկար, ես էլ թողեցի մշակելը: Էդ հողում առվույտ եմ ցանել, ավել, սոխ: Մի կտոր հող էր, մի շաբաթ էր տևում մինչև ջրում էի: Դրանից հոգնեցի ու էլ չմշակեցի»:

Նոր Արմավիրում  վերջին տարիներին են ավելացել  խաղողի տեխնիկական սորտի այգիները: Ամասիայում խաղողի մթերման կետի բացումն ու գործարանի հիմնադիրի այգեգործությունը խթանելու խոստումները տարիներ առաջ ոգևորել էին գյուղացիներին: Սկզբնական շրջանում խաղողն իրացվում  էր առանց հերթերի ու կանխիկ վճարում էին  գումարը՝ ասում է Հարություն Սիմոնյանը.

«10 տարի առաջ, երբ Գագիկ Ծառուկյանը գործարանը բացեց, այդ ժամանակ խաղողի գինը բարձր էր՝ 150-170 դրամ, ովքեր ունեին խաղող լավ եկամուտ էին ստանում,: Մարդիկ տեսնելով՝ սկսեցին այգիներ հիմնել: Հետո սկսեցին չընդունել, խաղողի գինը իջեցնել, հիմա էլ սկսել են քանդել այգիները»:

Արդեն մի քանի օր է սկսվել է խաղողի մթերումը, բայց Ամասիայի մասնաճյուղից դեռ գյուղ չեն եկել ու պայմանագրեր չեն կնքել: Նոր Արմավիրի խաղողի այգիներում մշակում են գինու, կոնյակի և օղու հումք հանդիսացող մի քանի սորտեր՝ կանգուն, ռկածիթելի, ներկենի, հաղթանակ, մեղրաբույր:  

Back to top button