Ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, անհիմն է և կեղծ․ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ
Ցանկացած պնդում, թե Թեհրանը բալիստիկ հրթռիներ է վաճառում Ռուսաստանին, անհիմն է և կեղծ, հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանին՝ անդրադառնալով ուկրաինական հակամարտությանն Իրանի ներգրավվածության վերաբերյալ ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչի մեղադրանքին, հաղորդում է ԻՌՆԱ-ն։
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելն երեկ ասել էր, որ Բրյուսելը «բազմիցս խստորեն զգուշացրել է Իրանին բալիստիկ հրթիռներ Ռուսաստանին չփոխանցելու մասին»։
Նասեր Քանանին ԵՄ-ին խորհուրդ է տվել զերծ մնալ Թեհրանի հասցեին հնչեցվող կեղծ մեղադրանքներից։ Նա նաև հավելել է, որ պատժամիջոցների կիրառումը ոչ միայն չի օգնում խնդիրների լուծմանը, այլ հենց խնդրի մի մասն է և արժանանալու է Իրանի արձագանքին։
Եվրամիությունը դատապարտել է իրանական արտադրության բալիստիկ հրթիռների փոխանցումը Ռուսաստանին, հայտարարելով, որ Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռների փոխանցումը ուղղակի սպառնալիք է Եվրոպայի անվտանգությանը և վկայում է այն մասին, որ իրանական ԱԹՍ-ների և զինամթերքի վաճառքի ծավալներն աճել են և Ռուսաստանը դրանք կիրառել է Ուկրաինայի դեմ պատերազմում։