Մատենադարանի պատվիրակությանը հյուրընկալել է Նյու Յորքի նշանավոր Մորգանի գրադարան-թանգարանը
Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի գլխավորությամբ՝ Մատենադարանի պատվիրակությունը ԱՄՆ-ում է։
Սեպտեմբերի 12-ին պատվիրակությանը հյուրընկալել է Նյու Յորքի նշանավոր Մորգանի գրադարան-թանգարանը, որը հիմնադրվել է 100 տարի առաջ և ունի գրավոր ժառանգության` ձեռագրերի, հնատիպ գրքերի, փաստաթղթերի հազվագյուտ հավաքածու, հայտնում են Մատենադարանից։
Պատվիրակությանը ներկայացվել է կենտրոնի վերականգնման և ցուցադրական գործունեությունը:
Այցի ավարտին տեղի է ունեցել քննարկում Միջնադարյան և վերածնության ձեռագրերի բաժնի ղեկավար Ռոջեր Ուիեքի և ձեռագրերի մասնագետ Սիլվի Մերյանի հետ:
Արա Խզմալյանը ներկայացրել է «Հիշողության կերպարանքները» միջազգային սեմինարի նպատակներն ու պատմությունը և հրավիրել վերականգնող մասնագետներին մասնակցելու սեմինարին:
Քննարկվել է նաև Մորգանի գրադարան-թանգարանում հայերեն ձեռագրերի ցուցադրման հարցը, կանխորոշվել է այս ուղղությամբ կատարվելիք աշխատանքների հաջորդականությունը:
Պատվիրակությունը ծանոթացել է նաև կենտրոնի հավաքածուներում պահվող հայերեն ձեռագրերի լավագույն նմուշներին: