ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Միջազգային իրավունքը ձեր կողմից է․ Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կարծիքով՝ նոյեմբերին Բաքվում տեղի ունենալիք COP29 գագաթաժողովի ընթացքում ադրբեջանական բանտերում պահվող  հայերի ազատ արձակման հարցը պետք է քննարկվող հարցերի օրակարգում լինի։ Օկամպոն այս դիտարկումն արել է Երևանում կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում՝ ուղերձ հղելով COP29 գագաթնաժողովի մասնակիցներին և որոշում կայացնողներին։ Նա չափազանց կարևոր է համարում այն հանգամանքը, որ գագաթնաժողովի ժամանակ մասնակիցների կողմից չարհամարհվի Բաքվում անազատության մեջ գտնվող հայերի խնդիրը և հույս ունի, որ հայ գերիներն ազատ կարձակվեն գագաթնաժողովից առաջ։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում սեպտեմբերի 19–ին նախատեսված լսումներին մասնակցելու են ադրբեջանցիների վայրագություններից տուժած Արցախի 3 և Հայաստանի մեկ քաղաքացի։ Ամերիկայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնի» անունից դատավոր Կասյա Աբգարյանը նշում է, որ սա պատմական կարևոր քայլ  է  հետագայի համար․  

«Առաջին անգամ չորս զոհ ադրբեջանցիների դաժանություններից տեղափոխվում են Վաշինգտոն։ Տուժածները, ոչ թե նրանց ներկայացուցիչները, ոչ թե իշխանությունները, ոչ թե ջատագովները կամ փաստաբանները, այլ հենց տուժածները գնում են, տեղափոխվում են Վաշինգտոն, հանդիպելու են կոնգրեսականների հետ, սեպտեմբերի 19–ի լսումներին մասնակցելու։ Ուղիղ մեկ տարի անց այն օրից, երբ Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախը։ Այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք, սա պետք է անենք շատ ակտիվ ձևով։ Այդ մարդկանց ձայնը պետք է լսելի դարձնենք, հասկանանք՝ այնտեղ, որտեղ քաղաքականություն է ձևավորվում, օրենսդրություն է փոխվում, պետք է փոխվի, ձևավորվի ի շահ մեզ»։

Կենտրոնն այս պահին համագործակցում է Իրավապաշտպան և Միջազգային քրեական դատարանի առաջին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի հետ։ Երկրորդ օրն է նա Հայաստանում է, արդեն հասցրել է լինել սահմանամերձ բնակավայրերում, հանդիպելու է Արցախից բռնի տեղահանվածների հետ։ Ասում է՝ երկու ամիս ունեն ակտիվ աշխատելու նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 միջազգային համաժողովից առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու համար։ 

Իրավապաշտպանը հստակ ծրագրով է հանդես գալիս, կոչով դիմում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին միանալ պայքարին և հաստակ քայլեր ձեռնարկել։ 

«Առավոտյան արթնանում եք, գրեք «COP29` դադարեցրեք հայերի ցեղասպանությունը։ Ազատ արձակեք հայ պատանդներին»։ Կարծում եմ, դա արդեն բավական հզոր ուղերձ կլինի։ Անկախ դատավորներ Ադրբեջանում չկան, հետևաբար՝ դատավարություն չկա, արդար քննություն չկա, որ կասի՝ այս մարդիկ որևէ բան չեն արել, ազատ արձակվեն։ Դատարան չկա Ադրբեջանում և չկա միջազգային տրիբունալ։ Ի՞նչ ենք մենք պլանավորում անել։ Նախ՝ պլանավորում ենք անել հետևյալը․ հայ ժողովուրդը, ոչ կառավարությունը, ամբողջ աշխարհի հայերին դիմի և խնդրի, պահանջի, որ Ադրբեջանից պահանջեն ազատ արձակել պատանդներին։ Ձեր ընկերները ԱՄՆ–ում, հայրենակիցները, Կոնգրեսում ներկայացուցչություն ունեն, սենատորներից մեկն ասում էր՝ Ալիևին կդիմեմ, որ պատանդներին ազատ արձակի։ Դա արդեն տեղի է ունենում, այսօր անհրաժեշտ է պարզապես դա ընդլայնել։ Ոչ միայն հայերը Ավստրալիայից դիմեն Ավստրալիայի կառավարությանը, այլև հայերը Բրազիլիայում դիմեն Բրազիլիայի կառավարությանը և այլն։ Դա է մեթոդը և դա է առանձնահատկությունը, հատուկ կարողությունը, որ հայ սփյուռքն ունի։ Դուք ունեք գլոբալ ներկայացվածություն։ Սփյուռք ԱՄն–ում, Կանադայում, Բրազիլիայում, Ֆրանսիայում, ովքեր կարող են ձեզ օգնել, ներկայացված լինել։ Ահա դա է, որ մենք հիմա անում ենք»։

Թեև ի հեճուկս ՄԻԵԴ-ի և ՄԱԿ–ի քրեական դատարանի միջանյալ որոշումների Ադրբեջանը ավարտին հասցրեց Արցախում ծրագրած էթնիկ զտումը, բայց Լուիս Մորենո Օկամպոն համաձայն չէ, որ ժամանակակից աշխարհում ուժի իրավունքը ստորադասում է միջազգային և մարդու իրավունքները։ «Ռադիոլուր»–ի հարցին՝ միջազգային կառույցների կոչերը գործի վերածելու գործուն մեղանիզմ առաջարկելու մասին, Օկամպոն պատասխանեց․

«Ես առաջարկեցի իմ օգնությունը արցախցիների առաջնորդներին և հիմա մենք կարող ենք պարզապես քննարկել, թե ո՞նց ենք պլանավորելու վերադարձը և ինչպե՞ս է Ադրբեջանը ճանաչելու ԼՂ բնակչության իրավունքները և ինչպես պետք է այդ իրավունքներն իրականացվեն։ Մեզ պլան է պետք աշխատանքային։ Պլան է պետք արցախցիների կողմից մշակված։ Իրավունքը կա և մենք համեմատաբար ավելի բարենպաստ պայմաններ ունենք այն գործադրելու, այն կիրառելու։ Ես միշտ հիշում եմ, Նյուրնբերգյան դատախազներից մեկը 103 տարեկան էր։ Ամեն ինչ տեսել էր այդ մարդը և հարցրեցինք՝ ինչ անենք, երեք խորհուրդ տվեց․ երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք, երբեք մի հանձնվեք։ Հայերը, կարծում եմ, դա շատ լավ գիտեն, թե ինչ է տոկունությունը, դիմակայությունը։ Երբ ես եկա այս երկիր, ինձ բոլոր հնարավոր ուղղություններից պատմում էին, թե ինչ դաժանություններ էին տեղի ունենում Արցախում և Հայաստանում։ Եվ այս պահին միջազգային իրավունքը ձեր կողմից է»։

Մինչև այս պահը Օկամպոն երկու բաց նամակ է հղել աշխարհասփյուռ հայությանը՝ ուշադրություն հրավիրելով երեք խնդրի, որոնք փոխկապակցված է համարում։ Ըստ իրավապաշտպանի՝ «Հայաստանը շարունակում է մնալ վտանգի տակ, քանի որ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ։ Հստակություն չկա, թե ինչպես կարող է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ 2023 թվականի ցեղասպանության զոհը, ապահով վերադառնալ իր նախնիների հողը, իսկ 23 հայ պատանդ դեռ Բաքվի բանտերում է»։

Այս պայմաններում նա անթույլատրելի է համարում ՄԱԿ–ի միջոցառումներից մեկը՝ COP29 միջազգային համաժողովը Բաքվում անցկացնելու որոշումը։ Օկամպոն գործնականորեն պայքարում է միջոցառման կազմակերպման վայրը չեղարկելու ուղղությամբ՝  ուշադրություն հրավիրելով  Ադրբեջանում բռնաճնշումների, ավտորիտար որոշումների ու   էկոլոգիական լրջագույն խնդիրների վրա։

Back to top button