ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Մեդալի հակառակ կողմը»․ սպորտային դրամա` հիմնված իրական փաստերի վրա

Անվանի ծանրորդ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը, ավտովթարի հետևանքով ստանալով ողնաշարի լուրջ վնասվածք, յոթ տարի դուրս է մնում մեծ սպորտից։ Իսկ հետո, չնայած շրջապատի անվստահությանը, ֆիզիկական ցավերին, վերադառնում է ու կրկին դառնում Եվրոպայի չեմպիոն՝ ապացուցելով, որ եթե կա կամք և աննահանջ ոգի, ոչինչ անհնարին չէ: «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը Նազիկ Ավդալյանի անցած մարզական ուղու, կյանքի դժվարությունների ու այդ դժվարությունները հաղթահարելու մասին է։ Մարզուհու կերպարը ֆիլմում մարմնավորում է Աննա Հարությունյանը (Մաքսիմ): Նա նաև ֆիլմի գլխավոր պրոդյուսերը, ռեժիսորը և սցենարի հեղինակն է։

2022 թ-ին դերասանուհի Աննա Հարությունյանը մարզասրահում վնասեց մեջքն ու մտածեց մարզումները դադարեցնելու մասին։ Բայց նույն պահին  հիշեց այն մարզիկներին, որոնք, չնայած վնասվածքներին, չեն դադարեցնում պարապունքները ու ի վերջո հաջողության են հասնում։ Այդ մարզիկներից մեկը աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն էր։

Այդ պահից սկսած Աննա Հարությանյանն իր առջև նպատակ դրեց՝ նկարահանել ֆիլմ, որը կպատմի չհանձվող, իր առաքելության հետևից գնացող կնոջ մասին։

Սկսվեցին դերասանուհու մարզումները հենց այն դահլիճում, որտեղ ժամանակին մարզվել էր Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Աննան անգամ չգիտեր ինչպես մոտենալ ծանրաձողին, ուր մնաց ծանրություն բարձրացներ։ Մարզումների ամբողջ փուլը անցան Նազիկի հետ միասին։

«Շատ բան եմ դրել խաղատախտակին, որ այդ գաղափարները տարածվեն, և լինի արվեստի, մտքի և հոգու հեղափոխություն» ։

Արդյունքում Աննա նույնիսկ ողնաշարի ճողվածք ստացավ, բայց, չնայած բժիշկների հորդորներին, մարզումները չդադարեցրեց։ Անգամ երեք ամիս մարզվեց պառկած վիճակում։ Միայն այսքանով չսահմափակվեցին։ 12 կգ քաշ հավաքեց ու հրաժարվեց իր երկար վարսերից, որոնք չէր կտրել ավելի քան 20 տարի։

Բայց ֆիլմի գաղափարը առաջ տանելու համար դրանք երկրորդական բաներ էին, ասում է։

«Այս պատմությունը բարձրացնում է հարցեր, տալիս է որոշ պատասխաններ։ Ի՞նչ եմ ես ուզում, ի՞նչն է ինձ խանգարում դա անել, ինչքանո՞վ է իմ ցանկությունը կարևոր նաև Հայաստանի համար։ Ըստ իս՝ Նազիկ Ավդալյանը պատասխանել է այդ հարցերին»,- ասում է Աննա Մաքսիմը։

Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը անկեղծանում է՝ ժամանակ առ ժամանակ մտածել է, որ Աննան կդադարեցնի մարզումները, բայց Աննայի պատասխանը մեկն է եղել․ իսկ ու՞մ եմ մարմնավորում, որ դադարեցնեմ։

«Երբ կողքից ես նայում կյանքիդ, տեսնում դերասանների, որոնք ներկայացնում են այն ամենն, ինչի միջով անցել ես, տարբերություն տեսնում ես, բայց կարևորը գաղափարն է։ Շատ ուրախ կլինեմ, որ իմ անցած ճանապարհով կարողանամ օգտակար լինել որևէ մեկին»,-ասում է Նազիկ Ավդալյանը։ 

Նազիկը մասնակցել է սցենարի ստեղծմանը։ Նա Աննային վստահել է ոչ միայն իր սպորտային կյանքին առնչով դետալներ, այլև անձնական կյանքին վերաբերող շատ մանրամասներ։ Ֆիլմում ներկայացվում է Ավդալյանի սիրո պատմությունը, ամուսնությունն ու հիասթափությունները։

Չեմպիոնն  անկեղծանում է՝ փորձել է երբեք չհանրայնացնել իր անձնական կյանքի մանրամասները, քանի որ իր խնդիրները, կյանքի գեղեցիկ պահերը միայն իրենն է համարում։

«Այն, ինչ կա կինոնկարում, չափազանց անձնական է, նույնիսկ ամենամտերիմ մարդկանց շատ բան չեմ պատմել, սակայն անհնար էր անկեղծ կինոնկար ստեղծել առանց անձնական կյանքին վերաբերող հատվածների»,-անկեղծանում է Նազիկը։

Չեմպիոնի մարզչին՝ Արտաշես Ներսիսյանին մարմնավորել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Նա հանդիպել էր մարզչին, ներկա գտնվել մարզումներին, երկար խոսել և քննարկել դերը։ ֆիլմում հաճախ օգտագործվում են հենց իրական մարզչի արտահայտությունները։

«Ես այս ֆիլմում մարմանվորում եմ Նազիկի մարզչի կերպարը, որը շատ բարդ խնդրի առաջ է կանգնած, որովհետև, եթե բժիշկը ֆիզիկապես է բուժում, իր անձնական մարզիչը նախ հոգեպես պետք է բուժի և պետք է շատ նուրբ լարերի վրա խաղա, նեցուկ կանգնի, որպեսզի կարողանա այդ ծանր վիճակից հանել։ Իսկ լուսահոգի Սոս Սարգսյանն ասում էր՝ եզի նման աշխատեց, քաշեց էդ սայլը, որ այսօր տեսնեք այդ քաշած սայլի արդյունքը: Դրա համար, ես կոչ եմ անում բոլոր երիտասարդ դերասաններին, եթե ուզում են դառնալ արտիստ, պետք է նմանվեն Աննային»:

Բարդ ու անդադար մարզումների ֆոնին, օլիմպիական ոսկուն հասնելու ճանապարհի տեսարաններին միախառնվում է հերոսուհու սիրո պատմությունը։ Ամուսնու դերում Սոս Ջանիբեկյանն է։

«Ֆիլմը կարևոր է նաև հայ կնոջ այդ տեսակը ներկայացնելու համար։ Սա ոչ թե կարիերիստ, այլ չհանձնվող կնոջ մասին կինոնկար է։ Մեծամտություն թող չթվա, բայց ես եմ նաև մեդալի հակառակ կողմը»,– ասում է դերասանը։

Աննան Նազիկի կերպարը լիարժեք փոխանցելու համար փորձել է յուրացնել անգամ Գյումրու բարբառը․

«Ծանրաձողը բարձրացնելն ավելի հեշտ էր, քան Գյումրու բարբառը յուրացնելը»:

Ֆիլմում առանցքային դերերով հանդես են եկել նաև Խորեն Լեւոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը, Անահիտ Քոչարյանը և այլք։ Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, նկարիչը՝ Արմեն Ղազարյանը։ Ֆիլմի կոմպոզիտորը Անդրանիկ Բերբերյանն է։

Հոկտեմբերի 13-ին ֆիլմը կներկայացվի նաև լոսանջելեսյան հանդիսատեսին։

Back to top button