ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անսովոր մտածելակերպ ու ճիշտ մարտավարություն․ որտե՞ղ է թաքնված ալգորիթմական և օպտիմիզացիայի խնդիրների լուծումը

ՀՀ դպրոցականները մեկական արծաթե և բրոնզե մեդալների են արժանացել Ինֆորմատիկայի միջազգային 36-րդ օլիմպիադայում, որն անցկացվել է այս ամիս Ալեքսանդրիա քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 96 երկրի 370 աշակերտ: Հայաստանի թիմը ներկայացրել են Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հակոբ Այվազյանը, Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Ծովակ Եգորյանը, Քվանտ վարժարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը և Գագիկ Գևորգյանը։ Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանը և ուսանող Սամվել Անդրեասյանը։

Նամակ ուղարկել մեկ անձից մյուսին այն դեպքում, երբ նրանք ուղիղ հարաբերություն չունեն, սակայն ունեն կապ մեկ այլ անձի միջոցով։ Այդ երրորդ անձը կարողանում է նամակի որոշ մասեր փոփոխել իր հայեցողությամբ։ Առաջին անձը երկրորդ անձին նամակ փոխանցելու համար պետք է մտածի կոնկրետ ալգորիթմ, որ երրորդ անձն ինչպես էլ փոխի նամակի պարունակությունը, միևնույն է իմաստը հասկանալի լինի։ Սա ինտերակտիվ խնդիրներից մեկն է, որն Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ժամանակ լուծել է Քվանտ վարժարանի աշակերտ Գագիկ Գևորգյանը․

«Իմ լուծումն այն է, որ պետք էր հասկանալ՝ երրորդ անձը նամակի ո՞ր հատվածներին ունի հասանելիություն և որին՝ ոչ։ Եվ արդեն ուղարկել նամակն այն հատվածներով, որով երրորդ անձը չունի հասանելիություն։ Այդ արդյունքին հասնելու համար արբեր մեթոդներ եմ կիրառել , որոնցից մեկն էլ պատահական թվեր գեներացնելն ու ուղարկելն է, այնպես, որ երրորդ անձը, որքան էլ խորամանկ լինի, միևնույն է չկարողանա թաքցնել իրեն հասանելի մասերը»։

Գագիկ Գևորգյանը օլիմպիադային մասնակցում է արդեն 3-րդ անգամ։ Նկատում է՝ օլիմպիադան իրենից ենթադրում է ալգորիթմական և օպտիմիզացիայի խնդիրների միասնություն։ Խնդիրները լուծելու համար պահանջվում է ստեղծագործ մտածելակերպ և ծրագրավորման գիտելիքներ և ճիշտ մարտավարություն․

«Այդ խնդրի տեսակը գրավիչ է նրանով, որ պահանջում է մտածելակերպ, որն անսովոր է սովարական խնդիրների լուծման համար, այսինքն՝ այդ խնդիրները լուծելու համար պետք է կարողանալ մտածել այլ ուղղություններով , որոնք շատ հազվադեպ են հանդիպում սովորական ինֆորմատիկայի օլիմպիական խնդիրների լուծման ընթացքում»։

Օլիմպիադան անցկացվել է 2 փուլով. յուրաքանչյուրում՝ 3-ական առաջադրանք։ Ընդհանուր տևել է 5 ժամ։ 2023 թ. Հայաստանի թիմը արժանացել էր 3 բրոնզե մեդալի, այս տարի՝ մեկական արծաթե և բրոնզե մեդալների։

Ինֆորմատիկայի հանրապետական օլիպիադաների հանձնաժողովի նախագահ, Երևանի պետական համալսարանի դասախոս Արմեն Անդրեասյանի խոսքով՝ հիմա բարդ խնդիրներ կազմելն ավելի հեշտ է, քան հեշտ խնդիրները․

«Գիտական կոմիտեն է զբազվում խնդիրների մշակմամբ, ու իրենք դիմում են ամբողջ օլիմպիական հանրությանը, որ ուղարկեն հետաքրքիր խնդիրներ, որովհետև խնդիրները պետք է լինեն չկրկնվող։ Այդտեղ է խնդիրը։ Բարդ խնդիրները հիմա ավելի հեշտ են ստացվում, քան հեշտ խնդիրների կազմելը, քանի որ որպեսզի և հեշտ լինի, և չկրկնվող լինի դա բարդ գործ է»։

Սոցցանցերում հաճախ կարելի է հանդիպել քննադատությունների, որոնք մատնանշում են «Ինֆորմատիկա» առարկայի դասագրքերի պարզունակությունը։ Դրանք ժամանակակից մարդուն փորձում են սովորեցնել այն, ինչ, ըստ էության, սովորեցնելու կարիք չկա, քանի որ տեխնոլոգիաները վաղուց առօրյայի մաս են կազմում։ Միաժամանակ, դասագրքերը հետ են մնում տեխնոլոգիական արագ զարգացումներից ու փոփոխություններից։

Արմեն Անդրեասյանը նկատում է, որ օլիմպիական առաջադրանքների և դասագրքերի բովանդակությունը «սար ու ձորի տարբերություն է»։ Նրա խոսքով՝ թեպետ կոչվում է ինֆորմատիկայի օլիմպիադա, ըստ էության ծրագրավորման օլիմպիադա է։

«Այսինք, կան բավականին բարդ ալգորիթմներ, կան բավականին բարդ տվյալների կառուցվածքներ, որոնց իմացությունը պետք է օլիմպիադային պատրաստված լինելու համար։ Ինֆորմատիկայի դասագրքերում ցանկալի է, որ ծրագրավորման մասն ավելի շատ լինի, որ վերջապես հեռանանք այդ տեխնոլոգիական հասարակ գործողություններից՝ տեքստ հավաքել, աղյուսակ կազմել։ Արդյունքում ավելի շատ երեխաներ պատեկերացում կունենան ծրագրավորման մասին։ Ենթադրում եմ, որ կա նաև ուսուցիչների խնդիրը կարծում եմ՝ շատ դպրոցներում ինֆորմատիկայի ուսուցիչնեը կդժվարանան հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի խնդիրները լուծել»։

Նրա խոսքով՝ օլիմպիադան ունի իր ուսումնական պլանը, որտեղ թվարկված թեմաներում կան այնպիսիք, որոնք ոչ միայն դպրոցում, այլև համալսարանում չեն անցնում։ Իբրև լուծում օլիմպիական խմբակների քանակի ավելացումն է տեսնում։

«Ինֆորմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայով ավարտվել են 2023-2024 ուսումնական տարվա 7 հիմնական բնագիտական առարկաների միջազգային օլիմպիադաները, որոնց մասնակցել է Հայաստանի 8 կրթօջախի 29 աշակերտ: Նրանք արժանացել են 1 արծաթե և 18 բրոնզե մեդալների։ Նախորդ՝ 2022-2023 ուսումնական տարում ՀՀ աշակերտներն արժանացել էին 1 ոսկե, 4 արծաթե և 14 բրոնզե մեդալների։

Back to top button