ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Աշխատանքային պայմանագրերը կլինեն էլեկտրոնային․ կառավարությունը փոփոխություններ է նախատեսում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է աշխատանքային պայմանագրերը կնքել միայն էլեկտրոնային տարբերակով։ Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին, որոնցով առաջարկվում է արդեն 2026թ հունվարի 1-ից կիրառել այդ փոփոխությունը։ Գործադիրում վստահ են՝ սա կօգնի բարձրացնել աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը, մինչդեռ արհմիությունները ներկայացնող կառույցում կարծում են՝ նորամուծությունը կարևոր, բայց փոքր քայլ է առկա բոլոր խնդիրները լուծելու համար։

Աշխատանքային հարաբերությունները կարգավորելու համար այլևս թղթային պայմանագրեր չեն կնքվի։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է աշխատանքային պայմանագրերի թղթային տարբերակից անցնել էլեկտրոնայինի։ Միանգամից երկու օրենքում փոփոխություններ առաջարկող նախագծի հեղինակները վստահ են, որ թվայնացումը առաջին հերթին թույլ կտա աշխատանքային իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնել։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանն ասում է՝ այս փոփոխությունը կստիպի գրագետ կազմված աշխատանքային պայմանագրեր ունենալ։

«Ինչպես գիտեք «Աշխատանքային օրենսգիրքը» ունի նվազագույն պահանջներ, որոնք պետք է ներառված լինեն աշխատանքային պայմանագրում, այդ բոլոր դաշտերը մեխանիկորեն կլինեն, եթե աշխատողը կամ գործատուն փոխադարձ համաձայնությամբ կուզենա ինչ որ կետեր ավելացնել, որոնք չեն հակասում «Աշխատանքային օրենսգրքին», հանգիստ կկարողանան ձևակերպել այնտեղ և հենց նույն տիրույթում էլ կստորագրեն»,– ասում է Սարգսյանը։

Թղթային պայմանագրերից էլեկտրոնայինի անցումը փուլային կլինի։ 2025թ հուլիսի 1-ից համակարգին անցումը կամավոր կլինի, իսկ արդեն 2026-ի հունվարի 1-ից բոլոր գործատուները ստիպված կլինեն պայմանագրերը ՊԵԿ կայքում կնքել։ Իսկ տվյալներն ու պայմանագրերը ՊԵԿ–ից բացի հասանելի կլինեն միայն տեսչական մարմնին, սա էլ իր հերթին հնարավորություն կտա ստուգումներն ու ուսումնասիրություններն ավելի թիրախային իրականացնել, կարծում են նախաձեռնության հեղինակները։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանն ասում է՝ գործնականում շատ են հանդիպում դեպքեր, երբ գործատուն խուսափում է պայմանագիր կնքելուց, կամ պայմանագիրը լիարժեք չի արտացոլում աշխատանքային պայմանները։

«Շատ դեպքերում պայմանագրերում աշխատավարձի չափն է նվազեցված գրվում, չեն գրում աշխատաժամանակը, իսկ թվային պայմանագրերը կլինեն միանման ու միատիպ․․․․․ աշխատակիցը միանգամից սմս հաղորդագրություն է ստանալու, որ իր հետ այս պայմաններով պայմանագիր է կնքվել»։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, որի նախագահ Էլեն Մանասերյանն ասում է՝ իրենց առաջարկների մեծ մասը տեղ է գտել փաթեթում, սակայն կան հարցեր ու խնդիրներ, որոնք շարունակում են չլուծված մնալ։ Մանասերյանը նկատում է՝ այս կարգավորումը, միևնույն է, չի ստիպի գործատուներին անպայման աշխատանքային պայմանագրեր կնքել։

«Այսինքն՝ այն գործատուն, որը չունի այդ պատասխանատվությունը աշխատանքային պայմանագիրը կնքելու, մենք էլի չունենք գործիք, որ կարողանանք այդ գործատուին հսկենք։ Եթե մենք չենք տվել տեսչական մարմնին, որպես պետական հսկողություն իրականացնող մարմնի կամ չենք տվել արհմիությանը, որպես ոչ պետական վերահսկողություն իրականացնող մարմին գործիքներ ցանկացած ժամանակ ցանկացած գործատուի մոտ այդ հսկողությունը իրականացնելու, ապա խնդիրը չի լուծվելու այնպես, ինչպես մենք ենք ուզում լուծել»,– ասում է Էլեն Մանասերյանը։

Սա առաջին հերթին մշակութային խնդիր է, բացի այդ տեսչական մարմնի լիազորություններն են քիչ՝ նկատում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վահագն Գրիգորյանը։ Այս պահին քննարկվում են մեխանիզմեր ու ընթացակարգ, որ տեսչական մարմինը կարողանա պահի ստուգումներ իրականացնել։ Իսկ թվային պայմանագրերը հնարավորություն կտան մինչև բուն ստուգումը նաև ուսումնասիրել առկա խնդիրները։

«Շատ դեպքերում գրում են մինիմալ աշխատավարձը, մնացած մասը ստանում են ծրարային տրամաբանությամբ։ Ու շատ աշխատակիցներ մինչև հիմա, ի զարմանս ինձ, մտածում են, որ այդ ծրարայինը նորմալ ընթացակարգ է։ Ասում է՝ ինձ տվեցին 75000 աշխատանքային պայմանագրով աշխատավարձ, էն մնացածն էլ ծրարով վճարեցին ամեն ամիս ու ,երբ որ օրինակ, վերջնահաշվարկի հարցն է, արդեն նվազեցվում են աշխատողի իրավունքները»։

Աշխատանքային էլեկտրոնային պայմանագիրը շատ քիչ երկրներում է ներդրված, առհասարակ սա նոր մոտեցում է աշխատանքային հարաբերությունների կարգավորմանը։ Սա այս ոլորտում իրականացվող բարեփոխումների միայն առաջին փուլն է, որը կնվազեցի ռիսկերը՝ նկատում են մասնագետներն ու շեշտում ՝ օրենսդրական փոփոխությունների ու կարգավորումների հետ մեկտեղ պետք է աշխատանք տարվի հենց աշխատողների հետ, որ իրենք պահանջատեր լինեն իրենց իրավունքներին։

Back to top button