Հակասությունները թույլ չեն տա միջանցքի գաղափարն իրագործել այն սցենարով, որով Բաքուն ու Մոսկվան են պատկերացնում
Ադրբեջանը Սյունիքով Նախիջևանին կապելու հարցում հեռահար նպատակներ կան` նկատում են իրանագետները։ Բաքուն շարունակում է կամ պնդել, կամ սպառնալ Հայաստանին՝ Սյունիքով այսպես ասած «միջանցք» ստանալու հարցում։ Հերթական արձագանքը Բաքվից հնչել է ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում՝ հայկական մոտեցումներին ի պատասխան։ Բաքուն, սակայն, այս անգամ ոչ թե սպառնացել է, այլ խոսել իր այլընտրանքների մասին։
Պաշտոնական Երևանը ևս մեկ անգամ հստակեցնում է, որ պատրաստ է Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ տրամադրել և պարզաբանում, որ այդ ճաապարհը պետք է գործի ՀՀ իրավասության ներքո, ՀՀ օրենքներին համապատասխան։ «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի ժամանակ ՀՀ վարչապետի կողմից այս մոտեցման վերահաստատումը Բաքվում դարձյալ անուշադրության չի մատնվել։ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Հաջիզադեն հայտարարել է, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Իրանի տարածքով հաղորդակցության ուղիների բացման ուղղությամբ։
Ըստ նրա՝ եթե Հայաստանը պնդում է իր դիրքորոշումը, ապա Ադրբեջանն այլընտրանքային տարբերակներ ունի և դրանցից մեկն էլ Իրանի տարածքով կապն է։
Իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում վստահեցնում է, որ Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապահի թեման Բաքվի ու Թուրքիայի համար հեռահար նպատակների տանող ծրագրի մաս է, քանի որ Ադրբեջանը Նախիջևանին Իրանի միջոցով կապող ավտոմոբիլային ճանապարհն այսօր էլ գործում է։
«Ավտոմոբիլային ճանապարհը հենց հիմա գործում է և Թուրքիայից ապրանքները տեղափոխում են հենց այդ ավտոմոբիլային ճանապարհով, նույն կերպ նաև Ադրբեջան-Նախիջևան ապրանքների տեղափոխություն է կազմակերպվում և բավականին ակտիվ գործող ճանապարհ է, բայց իրենք այլ, հեռահար նպատակներ ունեն»:
Ուշագրավ է, որ Իրանի տարածքով անցնող ավտոմոբիլային ճանապարհը գործում է Իրանի իրավազորության ու օրենքների ներքո, սակայն Հայաստանի դեպքում Սյունիքով անցնող ճանապարհի վերահսկողության հարցը քննարկումների առարկա է։ Այս հարցում ռուս-ադրբեջանական պնդումները իրանագետ Էմմա Բեգիջանյանը ռուս-թուրքական նկրտումներով է պայմանավորում․
«Իրանին չեն կարող պարտադրել։ Հիմա, որ Ռուսաստանին պետք է, հիմա որ Ուկրաինայով չի կարող իր գազն արտահանել, ուզում է Ադրբեջանով արտահանել և հիմա իր ռազմավարական շահերն են իր համար կարևոր։ Գուցե վաղն իրենց ռազմավարական շահերին դա վնաս հասցնի, բայց քանի որ հիմա նեղ վիճակում է և մարտավարական շահերը պահանջում են, պատրաստ է զոհաբերել Հայաստանը։ Եթե ճանապարհը բացվի ու ռուսները երկու տարի կանգնեն, հետո թուրքերն ու ադրբեջանցիները դուրս կթողնեն ռուսներին այստեղից»։
Իրանագետ Արման Վարդանյանի դիտարկմամբ Սյունիքով այսպես ասած «միջանցք» ունենալու հարցում պայքարը շարունակվում է, և այն արդեն սպառնալիքների բնույթ է ստացել։
«Իրենք շատ վստահ էին, որ Սյունիքով միջանցքի հարցը կիրագործվի։ Ես հիշում եմ պատերազմից անմիջապես հետո Ալիևը նույնիսկ հոխորտում էր, որ Հայաստանի հետ պետք էլ չի պայմանավորվել, որ Հայաստանի հարցերը իրենք շատ հանգիստ կլուծեն, մնում է պայմանավորվել ռուսական Հարավկովկասյան երկաթուղիների հետ, քանի որ Հայաստանի երկաթուղային ցանցը կոնցենսիոն կառավարման հիմքով շահագործում է ռուսական կողմը»։
Իրանագետը կարծում է, որ Սյունիքով անցնող ճանապարհի մասին ադրբեջանական պատկերացումները նպատակ ունեն թուլացնել Հայաստանի կենսունակությունը։
«Այն տարբերակը, որը իրենք ուզում են Ռուսաստանի հետ իրագործել, եթե իրագործվի ապա կարող են այդ ճանապարհի միջոցով կարող են նաև Հայաստանին կտրել Իրանից ու դարձնել ավելի անկենսունակ երկիր քաղաքական իմաստով, և Հայաստանի վրա նաև լրացուցիչ ճնմշումներ գործադրեն, իսկ Իրանի դեպքում բնականաբար այդ հնարավորությունները չունեն»։
Փորձագետը կարծում է, որ միջանցքի հարցում առկա հակասությունները թույլ չեն տա իրագործել միջանցքի նպատակն այն սցենարով, որով պատկերացնում են Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը։