ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ով և ինչով է կրակում․ զենքի գործադրմամբ սպանության դեպքերի աճը՝ գործադիրի օրակարգում

Կրակոցներ, սպանություններ, թմրանյութերի շրջանառություն, ապօրինի գույք․ սա այն խնդիրների ոչ ամբողջական ցանկն է, որ քննարկվել է կառավարության նիստում։ Հանրապետության վարչապետը դեռ նախօրեին՝ խորհրդարանում հարց ու պատասխանից հետո էր մտահոգվել, երբ ընդդիմադիրները հարցեր էին ուղղել երկրում հանցավորության աճի առնչությամբ։ Քննարկումը զուգադիպեց Եվրոպական Միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանի սպասվող այցին և նախապատրաստվող նոր փաստաթղթի ստորագրմանը։

Թեև հանցավորության ընդհանուր մակարդակը Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում նվազել է նախորդ տարվա համեմատ՝ ըստ Գլխավոր դատախազության, նույն կառույցը միաժամանակ մտահոգիչ է համարում իրավիճակն առանձնապես ծանր հանցագործությունների և զենքի գործադրմամբ սպանության դեպքերի առումով։ Իրավապահ համակարգի ղեկավարները վարչապետի հետ հարցը քննարկել են մեկ ժամից ավելի, կառավարության նիստի սկզբում․

«Այդ կրակոցները պետք է լռեցնել»։

Ո՞վ է կրակում՝ մի հարց է, իսկ ինչի՞ց են կրակում, դա արդեն ավելի լուրջ խնդիր է։ Փաշինյանն այդ փաստը հիշեց հենց հաճախակիացած կրակոցների քննարկման ժամանակ․

«Ես չգիտեմ, մենք դրա մասին ասել ենք, թե չենք ասել, մենք 44–օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ և մենք մի քանի անգամ այդ թեման քննարկել ենք։ Նաև Անվտանգության խորհրդում է այդ հարցը քննարկվել։ Ապօրինի զենք–զինամթերքի փնտրտուքի հետ կապված մեր մեթոդաբանությունները որոշակի պետք է վերանայենք, որովհետև այն մեթոդաբանությունները, որոնցով մենք աշխատել ենք, այլևս չեն համապատասխանում նոր մարտահրավերներին»։

Այս թեմայի շուրջ վարչապետը բացահայտեց այսքանը։ Անհետացած զենքերի տեսակի և քանակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։  Հանցավորության աճի թեման արդիական դարձավ նախօրեին ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանից հետո, երբ ընդդիմադիր պատգամավորները վարչապետին տագնապալի թվերով հագեցած հարցեր ուղղեցին։

Կար պնդում, օրինակ, որ թմրանյութերի շրջանառությունը 170 տոկոսով է աճել և Հայաստանում թմրանյութ ձեռք բերելը դարձել է նույնքան հեշտ, որքան կոնֆետ գնելը։ Վարչապետը խոստովանում է․

«Որ ճիշտն ասեմ, երեկ Աժ–ում մտածում էի, որ մի՞թե ինչ–որ բան է տեղի ունեցել և տեղի ունենում, որը մեր ուշադրությունից վրիպել է»։

Իրավապահ համակարգի ղեկավարները բացատրեցին՝ պատգամավորների վկայակոչած թվերը 2023 թվականի հաշվետվության վրա էին հիմնված և համեմատվում էին նախորդ տարվա ցուցանիշների հետ։ Իսկ այդ ընթացքում տեղի է ունեցել վիճակագրության մշակման մեթոդաբանության փոփոխություն, ինչի արդյունքում բացահայտումները, վերաբացված գործերը և գրանցված այլ հաջողություններն անգամ, դատախազ Աննա Վարդապետյանի պատկերավոր ձևակերպմամբ՝ «լցվել են վիճակագրության մեջ»։  

Այս բացատրությունը թմրանյութերի շրջանառությանն առնչվող կոնկրետ օրինակով է ներկայացնում ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը․

«Այս աճի վրա էականորեն ազդել է նաև նախադեպը չունեցող բացահայտումը՝ թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիայի, որը թույլ է տվել վիճակագրական առումով ունենալ դեպքերի աճ։ Այսինքն՝ այստեղ միանշանակ չէ, որ դեպքերի աճը բացառապես բացասական ֆոնով պետք է նկարագրվի։ Սա նաև իրավապահ համակարգի կարողությունների զարգացման տրամաբանության մեջ է, և նաև ինչ–որ տեղ ուրախալի է, որ մենք կարողանում ենք այս դեպքերը, ի վերջո, լատենտային մակարդակից բարձրացնել դեպի տեսանելի մակարդակ»։

Հայաստանի ներքին անվտանգության միջավայրի մասին, այսպես ասենք՝ կողքից տպավորություններ, որքան էլ առաջին հայացքից զարմանալի է, փորձել է ստանալ նաև Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը․

«Էկոնոմիկայի նախարարությունը Համաշխարհային բանկի հետ վերջերս իրականացրել է հարցում միջազգային զբոսաշրջիկների մոտ։ Այնտեղ բոլոր ցուցանիշներն էին, բազմաթիվ հարցեր ենք մենք տվել և ուզում եմ նշել, որ զբոսաշրջիկները շատ բարձր գնահատական են տվել մեր ներքին անվտանգային միջավայրին։ Մեր հյուրերը նվազագույնը իրենց փորձառությունը համեմատել են այլ երկրների հետ՝ Հայաստանի և այլ երկրների, իրենց տպավորությամբ՝ Հայաստանը եղել է շատ անվտանգ երկիր օրվա տարբեր ժամերին։ Սա, կարծում եմ՝ շատ կարևոր արձանագրում է»։

Իրավապահների հետ երկարատև զրույցից հետո վարչապետը եզրակացրեց․

«Փաստորեն ես ձեր ասածներից հասկացա, որ լուրերը, թե հանրապետությունում հանցավոր վակխանալիա է, առնվազն չափազանցված են»։

Հայաստանի իրավապահ համակարգը առաջիկայում կստանա հանցավորության դեմ պայքարի համար նոր գործիք և լայն հնարավորություններ։  

Հարուցված քրեական գործերի շրջանակում տեղեկություններ ստանալու կամ ապացույցներ ձեռք բերելու համար Հայաստանը ԵՄ անդամ երկրներին մինչ այս պահը ներքին համագործակցության խողովակներով ուղարկել է 68 հարցում։ Չհստակեցնելով, թե ինչ գործերի մասին է խոսքը, գլխավոր դատախազը հաստատում է՝ քրեական արդարադատության ոլորտում համագործակցությունը ԵՄ հետ առաջիկայում կտեղափոխվի պաշտոնական մակարդակ։  

Եվրոպական Միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության՝ Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը սեպտեմբերի 23-ին կայցելի Երևան և նույն օրը կկնքվի քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրին կից աշխատակարգ-համաձայնագիրը։ Նոր համագործակցությամբ ստացվող հնարավորությունները կարևորում են թե՛ Հայաստանի արդարադատության նախարարը, թե՛ գլխավոր դատախազը․

Գրիգոր Մինասյան․ «Նպատակն է՝ զարգացնել կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, փողերի լվացման, թրաֆիքինգի և այլ ծանր հանցագործությունների դեմ պայքարում Եվրաջասթի և ՀՀ իրավասու մարմինների միջև միջազգային համագործակցությունը»։

Աննա Վարդապետյան․ «Եվրաջասթը ունի նաև տեղեկատվական բազա, որտեղ հասանելի են գույքերի վերաբերյալ տվյալներ, որոնք քրեական վարույթի շրջանակներում մենք իրավունք ունենք հայցել և ստանալ»։

Այս հնարավորությունը շատ դեպքերում ասոցացվում է հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյաներին առնչվող տարբեր քրեական գործերի հետ։

Չարաշահումների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերջին հաջողված օրինակը գրանցվել է օրերս։ Գլխավոր դատախազությունը սեպտեմբերի 9-ին հաշտության համաձայնություն է կնքել, որով ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը և նրան փոխկապակցված անձինք պարտավորվել են հօգուտ Հայաստանի Հանրապետության փոխանցել 200 մլն դրամ, ինչը համարժեք է շուրջ 500 հազար դոլարի։ Պետությանը փոխանցվող գումարը կազմում է դատախազության ներկայացրած հայցագնի 79 տոկոսը:

Կարդացեք նաև

Back to top button