Երևանը պնդում է իր առաջարկը, Բաքուն՝ դարձյալ մերժում
Բաքուն մերժում է Խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները ստորագրելու հայկական կողմի առաջարկը։ Այն իրականության խեղաթյուրում է անվանել Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն։ Փորձագետների գնահատմամբ՝ Ադրբեջանի շարունակական մերժումները վկայում են, որ Բաքուն շահագրգռված չի փաստաթղթի ստորագրմամբ։
Ի պատասխան խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները ստորագրելու հայկական կողմի առաջարկների՝ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ դեմ է այդ տարբերակով առաջ շարժվելուն։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե Բաքուն «անընդունելի է համարում Հայաստանի պաշտոնյաների կոչը՝ ստորագրել խաղաղության պայմանագրի նախագիծ՝ դրանից չհամաձայնեցված կետերը բացառելով»։
Նախօրեին «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել էր հայկական կողմի վերջին առաջարկը, որն ավելի վաղ վարչապետն արել էր իր վերջին ասուլիսում։
«Ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ ստորագրել, առաջիկա հնարավոր ժամկետում, համաձայնեցված տեքստը խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի»։
Խաղաղության պայմանագրի 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. 16 հոդվածներից 13-ն ամբողջությամբ, 3 հոդվածներում երկուական նախադասություններից մեկը։
«Հայաստանի Հանրապետությունը, հաշվի առնելով, որ համաձայնեցված դրույթները խաղաղության պայմանագրի Ադրբեջանի և Հայաստանի միջև, ըստ էության, ներառում են հարաբերությունների հաստատման միջազգայնորեն ընկալելի բոլոր, կամ՝ առանցքային, անկյունաքարային հիմնարար դրույթները, մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչ որ համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ»։
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով, Բաքուն շարունակում է ակտիվորեն օգտագործել քարոզչական մեխանիզմները՝ զուգահեռաբար տարածելով ապատեղեկատվություն այն մասին, թե իբր հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։ Նրա խոսքով՝ այդ քարոզչությունը սնուցվում է հատկապես այնպիսի աղբյուրներով, որոնք կապված են Ադրբեջանի պաշտպանության նախարարության և նախագահի աշխատակազմի հետ։
«Բացի այդ, աշխարհաքաղաքական թոհուբոհը՝ կապված Սյունիքի հետ, էլ ավելի է խորացնում իրավիճակը։ Ադրբեջանը ձգտում է արտատարածքային միջանցքի ձեռքբերմանը՝ այս հարցում ստանալով Ռուսաստանի աջակցությունը, ինչը անհանգստացնում է պաշտոնական Թեհրանին։ Վերջերս Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչների միջև նոր խորհրդակցություններ են տեղի ունեցել Մոսկվայում»։
Հայրապետյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի համար առաջնայինը խաղաղություն հաստատելու ցանկությունը չէ, այլ գործընթացը շարունակելու միջոցով հնարավորինս մեծ առավելություններ ստանալը։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը դարձյալ անդրադարձել է Հայաստանի Սահմանադրության փոփոխությանը և Ադրբեջանը Նախիջևանին Սյունիքով կապող ճանապարհին։ Վերջինի առնչությամբ հայկական կողմի մոտեցումը վերահաստատեց «Երևանյան երկխոսություն» համաժողովի ժամանակ։
«Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել։ Պատրաստ ենք ցանկացած պահի ձեռնամուխ լինել «Խաղաղության նախագծի» իրագործմանը՝ ներառյալ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը»։
Վերջին շրջանում Ռուսաստանն ակտիվորեն հիշեցնում է նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին, մասնավորապես՝ շեշտադրելով 9-րդ հոդվածը, որով Մոսկվան վերահսկողություն է ցանկանում ստանալ Ադրբեջան-Նախիջևան հնարավոր ճանապարհի վրա։ Այս հանգամանքը որոշակի լարվածություն է առաջացրել նաև ռուս-իրանական հարաբերություններում։ Թեհրանը կոշտ արձագանքով հայտարարել է՝ իր համար նման ճանապահի գոյությունը հասկանալի է բացառապես Հայաստանի ինքնիշխան վերահսկողության դեպքում։