ԿարևորՏնտեսական

Դիվերսիֆիկացումը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար. Պապոյան

Սեպտեմբերի 11-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Համաշխարհային տնտեսական ֆորումի Եվրոպայի և Եվրասիայի բաժնի ղեկավար Էնդրյու Կարուանա Գալիցիային, որը Հայաստան է այցելել «Երևանյան երկխոսություն» նախարարական մակարդակի միջազգային համաժողովի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից:

Որպես պետություն-մասնավոր համագործակցության միջազգային կազմակերպություն՝ Համաշխարհային տնտեսական ֆորումը հանդիսանում է անկախ և անաչառ հիմնադրամ, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Շվեյցարիայի Ժնև քաղաքում:

Զրուցակիցները քննարկել են այն ուղղությունները, որոնք առավել նպատակահարմար են արդյունավետ գործակցության ծավալման և փորձի փոխանակման տեսանկյունից:

Անդրադարձ է կատարվել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը, որի նպատակն է օտարերկրյա շուկաներում հայկական արտադրանքի առաջխաղացմանն աջակցելը և հեռանկարային շուկաներ մուտք ապահովելը:

«Դիվերսիֆիկացիան ոչ միայն տնտեսական կարևորություն ունի, այլև կենսական նշանակություն մեր երկրի համար»,- նշել է նախարարը:

Նախարարը ներկայացրել է նաև երկրի ներդրումային միջավայրը, ինչպես նաև ՀՀ Կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը կնպաստի Հայաստանի և հարևան երկրների համար տարածաշրջանում խաղաղության և կայունության նոր իրավիճակի ստեղծմանը:

Back to top button