ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

«5 րոպե սպասելը» կվերանա․ Վանաձոր-Ալավերդի-Օձուն խաչմերուկի հատվածը վարորդինը կլինի 3 շաբաթից 

Վանաձորից Վրաստանի հետ սահման ճանապարհի բարդ ու կարևոր հատվածի երկար ձգված շինարարությունը մոտենում է ավարտին։ Նախորդ տարի դրան խանգարում էին հորդառատ անձրևները, այս տարի էլ մասամբ խանգարեց Դեբեդի վարարումը։ Տեղում աշխատանքների ընթացքին հետևել է Աստղիկ Փիլիպոսյանը, զրուցել կառուցապատող ընկերության ներկայացուցչի և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ։

Դեպի Վրաստանի հետ սահման  ճանապարհին՝ «Վանաձոր-Ալավերդի-Օձունի խաչմերուկ» հատվածում այս օրերին վարորդները 5-ական րոպե կանգ են առնում․ անցնելու համար 1 գիծ է գործում, ճանապարհը տրամադրվում է հերթափոխով։

Ալավերդի տանող ճանապարհահատվածը, որով մեծ ավտոբուսներն ուղևորվում են ՅՈՒՆԵՍԿՈ-ի ցանկում ներառված Հաղպատ և Սանահին վանքեր, իսկ խոշոր բեռնատարները՝ Վրաստան, մեծ թեքությամբ ժայռի ծայրին էր, որին վերևից միանում  էր Օձունի ճանապարհը։

Նախորդ տարվանից սկսված աշխատանքների արդյունքում՝ ժայռի ծայրամասում կառուցվել է նոր հենապատ։ Դրանում մետաղակոնստրուկցիան հիմքեր են տեղադրվել և միաձույլ բետոնացման շնորհիվ ստացել ճանապարհի հավելյալ տարածք։   

«Սիսիանի ԲՈՒԱՏ» ընկերության ներկացացուցիչ, շինտեղամասի պետ Արթուր Գալոյանն ասում է՝ հատվածով դանդաղ վարելու խնդիրը շուտով կվերանա, տեղում աշխատում է 14 միավոր տեխնիկա։

«Հասել ենք վերջնական փուլին, մնում է մանրահատիկ ասֆալտը փռենք, դրանից հետո մի փոքր կոսմետիկ աշխատանքներ կան, և կսպասենք ճանապարհի ընդունմանը»։

Աշխատանքի արդյունքում հիմնական Մ6 ճանապարհը լայնացել է 11, Օձունի հետ կապող ճանապարհը՝ 9 մետրով։

«Օձունի խաչմերուկից 3 գիծ է, այսինքն՝ 1-ը Վանաձորից ուղիղ է գալիս մինչև խաչմերուկ, խաչմերուկ հասնելուց հետո շրջադարձ է անում ,2-րդ գծով բարձրանում Օձուն, 3-րդ գիծն էլ Ալավերդուց եկող և Օձուն բարձրացող գիծն է»։

Բացի նոր հենապատի շնորհիվ Մ6 և Հ39 խաչուղին լայնացնելուց՝ փորվել է նաև հակառակ կողմում ժայռի ներքին հատվածը։ Դեպի Սանահին կայարան տանող ջրագիծն անցնում է ճանապարհի տակով, մեջտեղում գրունտե հատված է, որը կկանաչապատվի։

-Ջրահեռացման համակարգն ինչպե՞ս է արված։

-Ջրահեռացման համակարգերը դրված են՝ երեսը բաց եռակողմ բետոնե կոնստրուկցիա է՝ 40 սմ լայնությամբ։  Պաշատպանական բլոկները բոլորը համաձայն նախագծի շարված է, մնում է դրանց ներկելը։

Ալավերդի ժամանած տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է՝ ճանապարհն ամբողջությամբ վարորդներինը կլինի 2-3 շաբաթ անց։

«Քիչ աշխատանքներ են մնացել, ասֆալտապատման մի մասն իրականացրել են։ Գիտեք բավական բարդ ծրագիր էր, մենք ստիպված եղանք առանձին լուծումներ գտնել հենապատերի տեսքով, որպեսզի կարողանանք նաև անվտանգության նորմերը պահպանել։ Այնուամենայնիվ, ինչքան էլ դժվար էր, առաջիկայում կավարտվի»։

Նախորդ տարի «Վանաձոր-Ալավերդի-Օձուն խաչմերուկ» հատվածի շինարարությանը խանգարում էին Լոռու մարզի համար նորմայից ավելի տեղումները։

2024թ.-ի մայիսի 25 լույս 26-ի գիշերը Դեբեդի վարարումը բարդացրել էր իրավիճակը։ Շինարարների մեծ մասը ներքևում գտնվող «Սանահին կայարան» թաղամասի բնակիչներ էին, որոնց մի մասը հեղեղման պատճառով ստիպված էր դրա հետ կապված խնդիրներով զբաղվել։

Back to top button