9/11. ահաբեկչությունից 23 տարի անց
Ամեն տարի սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում 2001 թվականի ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին:
Հարձակումները կազմակերպել էր «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը։ Ահաբեկիչների կողմից առևանգված չորս մարդատար ինքնաթիռներից երկուսը բախվեցին Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնինին, որի երկու աշտարակները երկու ժամվա ընթացքում փլուզվեցին:
Երրորդ ինքնաթիռը հարվածեց Պենտագոնի շենքին։ Չորրորդ օդանավի ուղևորները և անձնակազմը փորձեցին կանխել ահաբեկիչներին, սակայն ինքնաթիռն ընկավ Փենսիլվանիայում։
Ահաբեկչությունների զոհ դարձավ 2977 մարդ (չհաշված 19 ահաբեկիչներին)՝ ինքնաթիռների 246 ուղևոր և անձնակազմի անդամներ, 2606 մարդ Նյու Յորքում՝ ՀԱԿ շենքերում և գետնի վրա, 125 մարդ՝ Պենտագոնի շենքում։ Զոհվեցին ԱՄՆ և ևս 91 պետությունների քաղաքացիներ։
Համաձայն 9/11 հանձնախմբի եզրակացությունների՝ մոտավորապես 16 000 մարդ էր գտնվում ՀԱԿ աշտարակներում՝ ինքնաթիռների բախման կետից ներքև։ Նրանց մեծամասնությունը ողջ մնաց։
Սեպտեմբերի 11-ի հարձակումների կազմակերպիչը՝ Ուսամա բեն Լադենը, ազատության մեջ մնաց մինչև 2011 թվականի մայիսի 2-ը, երբ սպանվեց ամերիկյան զորքերի կողմից Պակիստանի Աբոտաբադ քաղաքում գտնվող թաքստոցում: