Խաղաղության պայմանագիրն ու «Խաղաղության խաչմերուկը»՝ «Երևանյան երկխոսության» առանցքում
Ավելի քան 200 պատվիարակ 80 երկրներից լսել է պաշտոնական Երևանի տեսակետը՝ Հայաստանի ու տարածաշրջանի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, խոսել հայ–ադրբեջանական բանակցությունների ու Խաղաղության պայմանագիրը ստորագրելու հայկական առաջարկի մասին։
Միջազգային համաժողովին մասնակցելու հրավեր, ի դեպ, ուղարկվել է բոլոր գործընկեր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին ու Թուրքիային։ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ համաժողովին այս երկրներից մասնակիցներ չկան, սակայն նախարարությունը նրանցից մերժում չի ստացել։
Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը հնարավոր է․ սա Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն է, որը «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական համաժողովի ժամանակ ձևակերպեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, սակայն, որ այս առումով խոսք ունեն ասելու նաև մյուս երկրները։
«Դուք վերջին շրջանում շատ եք լսել, որ խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է, այդ մասին եղել են հայտարարություններ տարբեր ամբիոններից, և ուզում եմ գործնականում նշել, թե ինչ է դա նշանակում։ Խաղաղության պայմանագրի նախագծի՝ այս պահի դրությամբ առկա արդյունքներով 13 հոդված և նախագծի նախաբանն ամբողջությամբ համաձայնեցված են, ևս երեք հոդված, որոնք հիմնականում բաղկացած են երկու նախադասությունից, մասնակի համաձայնեցված են։ Եթե ավելի առարկայական լինեմ, այդ հոդվածների նախադասություններից մեկը համաձայնեցված է, մյուսը համաձայնեցված չէ»։
Եվ քանի որ «Խաղաղության պայմանագրի» հիմնական դրույթները համաձայնեցված են, պաշտոնական Երևանն առաջարկում է և պատրաստ է ստորագրել փաստաթղթի համաձայնեցված բովանդակությունը, ապա շարունակել քննարկումները մյուս հարցերի շուրջ։ Առավել ևս, որ փաստաթղթի դրույթներից մեկն այդ հնարավորությունը տալիս է։ Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին է։
«Մենք առաջարկում ենք վերցնել այս պահին այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որը երկու կողմերին՝ Հայաստանին և Ադրբեջանին, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները։ Խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված մասում կա դրույթ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Հետևաբար, մենք կարող ենք գնալ նման լուծումների, մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային և պաշտոնապես, և ես ուզում եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը, իմ պատրաստակամությունը՝ առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն էլ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում կարևորում է իրական երկխոսությունը։ Նա ելույթը սկսեց ու ավարտեց Վիլյամ Սարոյանի «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» հայտնի արտահայտությամբ։
Միջազգային իրավունքի նորմերի բացահայտ ոտնահարումները, ընթացող պատերազմները, մարդկության դեմ ոճրագործությունները վկայում են՝ երկար տարիներ գոյություն ունեցած աշխարհակարգի և քիչ թե շատ ընդունելի ու կենսունակ խաղի կանոնների փաստացի քայքայման մասին՝ արձանագրում է ՀՀ արտգործնախարարը։
«Գլոբալ խաղացողների միջև հակասություններն ու մրցավազքն էլ ավելի են խորացնում համաշխարհային քաղաքականության բևեռացումը և ֆրագմենտացիան, միաժամանակ տարբեր ռեգիոնալ դերակատարներ իրենց հերթին են մարտահրավեր նետում աշխարհակարգին՝ հավակնելով ավելի մեծ դեր խաղալ և իրենց ազդեցության գոտիները ձևավորել։ Փոքր պետությունները ձգտում են հնարավորինս անվտանգ նավարկել ալեկոծվող օվկիանոսում՝ իրենց առաջ ունենալով սեփական պետականությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և պահպանելու հրամայականը»։
Ստեղծված իրավիճակում որպես լուծում Արարատ Միրզոյանը ընդգծում է երկխոսության կարևորությունը։
«Երկխոսությունը, ինչու ոչ՝ կարծիքների բախումը, բանավեճը կարող են հնարավորություն ստեղծել հասնելու ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների ձևավորմանը։Արդյո՞ք երկխոսությունը կերաշխավորի հաջողություն, փաստ չէ։ Բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը։Սա է Հայաստանի մոտեցումն ու հավատամքը՝ շարունակել երկխոսել անգամ ամենաբարդ իրավիճակներում՝ փորձելով հասնել համակեցության ընդհանուր կանոնների, դրանց հարգման, առնվազն միմյանց հանդուրժելուն, իսկ հնարավորության դեպքում նաև փոխշահավետ կերպով համագործակցելուն։ Հենց այս մոտեցումն ենք որդեգրել՝ ձգտելով տևական խաղաղության մեր տարածաշրջանում»։
Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության արտաքին գործերի և առևտրի փոխնախարար Զորան Դիմիտրովսկին կարծում է, որ թեժ կետեր կան տարբեր տարածաշրջաններում, բայց հույս կա, որ Հարավային Կովսկասում կհաջողվի հասնել խաղաղության։
«Դուք ապրում եք մի տարածաշրջանում որտեղ շատ միջազգային խաղացողներ կան, ձեր հարևան Թուրքիան է, Ռուսաստանը նույնպես այստեղ է, ԱՄՆ–ն այստեղ է։ Կարծում եմ միջազգային հանրության օգնությամբ այստեղ դուք կարող եք հասնել խաղաղության համաձայնագրի Ադրբեջանի հետ և կլուծեք ճգնաժամը։ Իհարկե դուք ունեք տարբեր պատկերացումներ ճգնաժամերը հաղթահարելու վերաբերյալ։ Ադրբեջանը այլ բան է մտածում, դուք՝ այլ։ Ես գիտեմ ձեր պատմությունը, գիտեմ, որ անցյալում շատ եք տառապել։ Հույս ունեմ, որ կառավարությունը կօգնի խաղաղության ձգտող ժողովրդին հասնել դրան»։
Հնդկական Observer Research Foundation վերլուծական կենտրոնի նախագահ Սամիր Սարանի համոզմամբ էլ՝ մարտահրավերները հաղթահարելու հարցում կարևոր են երկկողմ համագործակցությունները։ Հայ-հնդկական հարաբերությունները, նրա գնահատմամբ, ապագայում ավելի ամրանալու միտումներ են դրսևորում։
«Հնդկաստանը մտածում է հաղորդակցության տարբեր ուղիների մասին։ Հայաստանը նույնպես կարող է լինել այն կենտրոնը, որտեղով կարող են անցնել հաղորդակցության ժամանակակից ուղիները։ Կա վստահություն և հավատ Հայաստանում և Հնդկաստանում, որ նրանք պետք է համագործակցեն։ Եվ այն, ինչ մենք արել ենք վերջին տասնամյակում, միայն ուժեղանալու է հաջորդ տասնամյակում։ Մեր հարաբերություններում առկա են մեծ վստահություն և համընկնող ռազմավարական շահեր», –ասում է Սամիր Սարանին։
Yerevan Dialogue դիվանագիտական ֆորումը կշարունակվի վաղը՝ պանելային թեմատիկ տարբեր քննարկումներով՝ թվային կառավարումից մինչև կանաչ տնտեսություն ու առողջապահություն։ Համաժողովին մասնակցում են աշխարհի մի քանի տասնյակ երկրների ներկա և նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ ու հեղինակավոր փորձագիտական կենտրոնների տնօրեններ։
Ֆորումին մասնակցելու հրավեր, ի դեպ, ուղարկվել է բոլոր գործընկեր երկրներին, այդ թվում՝ Ռուսաստանին ու Թուրքիային։ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի փոխանցմամբ՝ համաժողովին այս երկրներից մասնակիցներ չկան, սակայն նախարարությունը նրանցից մերժում չի ստացել։