Վարչապետ Նիկոլ փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի հյուրերին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ անդրադառնալով նաև սահմանազատման գործընթացում վերջին արդյունքներին։ Նշել է, որ ստորագրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։
Նա ասել է, որ տարածաշրջանում իրադրության գնահատման ու տևական խաղաղության հաստատման առումով կարևոր է տարածաշրջանայի կոմունիկացիաների բացումը:
««Խաղաղության խաչմերուկը» մեզ համար կարևոր է նաև այն պատճառով, որ դրանով հնարավորություն ենք ստանում երկաթուղային կապ ունենալ ԻԻՀ-ի հետ, ում հետ հարաբերությունները շատ կարևոր են մեզ համար, հնարավորություն ենք ունենում երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի, Եվրոպայի, ՌԴ-ի հետ:
Ադբեջանն էլ հնարավորություն է ունենում ՀՀ-ի տարածքով երկաթուղային կապ ունենալ Թուրքիայի, Իրանի հետ: Այստեղ կարևոր է նաև Նախիջևանի ու Ադրբեջանի միջև ավտոմոբիլային ու երկաթուղային կապի հաստատումը ՀՀ-ի տարածքով:
Մենք պատրաստ ենք նման հաղորդակցություն տրամադրել: Բայց պետք է նաև արձանագրենք, որ Նախիջևանը զրկված չէ տրանսպորտային կապից, որովհետև և՛ Իրանի տարածքով և՛ Թուրքիայի տարածքով Նախիջևանը հնարավորություն ունի կապ հաստատել Ադբեջանի հետ»,-ասել է նա:
Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը պատրաստ է նախագծի իրագործմանը, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև տրանսպորտային կապի ապահովմանը, սակայն գործընթացին խանգարում է այն, որ ոչ բոլոր գործընկերներն են հակված օգտվել առաջարկվող հնարավորությունից։
«Քննարկվում է այն, թե ինչքանով է «Խաղաղության խաչմերուկը» տեղավորվում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ: Փորձ է արվում ներկայացնել, թե եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ այս կոմունիկացիաների անվտանգությունը ՀՀ-ում պետք է ապահովեն երրորդ ուժեր, դա կապ չունի իրականության հետ»,- ասել է Փաշինյանը:
«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ չկա այնպիսի դրույթ, որով ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: