
Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը հայտարարել է, որ Գերմանիան ժամանակավոր հսկողություն կսահմանի իր բոլոր ցամաքային սահմաններին՝ ընդլայնելով սահմանային որոշ հատվածներում արդեն իսկ գործող ստուգումները և փորձելով զսպել անօրինական միգրացիան:
«Ցանկանում ենք էլ ավելի նվազեցնել անօրինական միգրացիան: Այդ նպատակով այժմ ձեռնարկվում են քայլեր, որոնք դուրս են գործող միջոցառումների շրջանակից», — ասել է ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերը:
«Մինչև մենք հասնենք ԵՄ արտաքին սահմանների ուժեղ պաշտպանությանը Ապաստանի նոր միասնական եվրոպական համակարգով, պետք է ուժեղացնենք հսկողությունը մեր ազգային սահմաններին: Այս հսկողությունները նաև հնարավորություն կտան արդյունավետ կազմակերպել միգրանտների վերադարձը», -հավելել է նա:
Նույն միջոցներն արդեն իսկ գործում են Լեհաստանի, Չեխիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հետ սահմաններին։
Եվրոպայի Շենգենյան գոտին թույլ է տալիս ազատ ճանապարհորդել անդամ երկրներում: Այնուամենայնիվ, անդամ երկրներին թույլատրվում է սահմանային ստուգումներ մտցնել, եթե կարծում են, որ սպառնալիք կա հանրային կարգուկանոնի կամ ներքին անվտանգության համար:
Ֆեյզերը նշել է, որ 2023 թվականին Գերմանիան սահմանային մասնակի հսկողություն իրականացնելուց հետո 30,000 մարդ է հետ վերադարձրել: Նա հավելել է, որ թիվը կավելանա, երբ սահմանային հսկողությունը տարածվի մնացած սահմանների վրա։




