Արցախյան շունչը՝ «Երազ» այգում
«Մենք ենք, մեր Արցախը» խորագրով միջոցառումը «Երազ» այգում օրերս համախմբել է արցախցիներին։ Արցախյան բառ ու բանը, երգերն ու պարերը, վարպետաց դասերն արցախցիներին թույլ են տվել մտովի տեղափոխվել Արցախ ու վերհիշել գեղեցիկ ավանդույթները։
Արցախցի Գրետա Համբարձումյանը, չնայած առողջական խնդիրներին, եկել է «Երազ» այգի մեկ նպատակով՝ տեսնել իր հարևաններին, բարեկամներին, մարդկանց, որոնց Արցախից դուրս գալուց հետո չէր հանդիպել։ Գրետայի նման շատ արցախցիներ նույն նպատակով են այստեղ։
Ջազային երգչուհի Տաթևիկ Բալայանը անկեղծանում է՝ դժվարությամբ է եկել, բայց «Երազ» այգին պարգևեց այն երազը, որ մի քանի ժամ իրենց Արցախում զգան։
«Մի կողմից շատ ուզում եմ, մյուս կողմից էլ կարոտը, մարդկանց հետ շփումը շատ հիշողություններ են բերում։ Այսօր եկա այստեղ շատ հարազատ մարդկանց տեսա ու բոլորը խոսում են մեր բարբառով։ Շնորհակալ եմ այս մի փոքր Արցախը մեզ նվիրելու համար»։
Արտեմ Վալտեր․ «Սա այն քիչ միջոցառումներից է, որ մենք կարող ենք մեկս մյուսի տեսնել հարցնել։ Ասես մեր Ստեփանակերտի հրապարակում ենք ու այնքան հարազատ մարդկանց ենք տեսնում։ Մենք այսօր մարդկանց դեմքին քիչ թե շատ ժպիտ ենք տեսնում, հարցնում ենք, ասում են՝ արդեն լավ են, ոչինչ։ Փորձում ենք հարմարվել»։
Իսկ այգում ամեն անկյունից լսելի է արցախյան բառն ու բանը, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու բարբառային ելևէջները։ Խոսքն ու զրույցը միախառնվել են արցախյան գաթայի, ժենգյալով հացի ու կորկոտի անուշ բուրմունքին։ Ու դրանք ոչ միայն կարելի է համտեսել, այլև տեսնել, թե ինչպես են պատրաստվում։
«Ցավոք սրտի այսօր մի այգում ենք հավաքված, ու չենք շրջում մեր շեները, բայց ես քանի ողջ եմ հավատալու եմ, որ մենք վերադառնալու ենք Արցախ»։
Այգու մեկ այլ հատվածում ասեղնագործության, նկարչության, կավագործության, կարպետագործության վարպետաց դասեր են։ Իսկ ազգային տարազը գնահատողները հնարավորություն ունեն լուսանկարվել «Տերյան» մշակույթի կետրոնի կողմից կարված արցախյան տարազներով։
Փոքրիկ արցախցիներին նույնպես չեն մոռացել․ այգու մի անկյունում այցախյան բարբառով հեքիաթասացն է։
Միջոցառման կազմակերպիչ «Երազ Փրոջեքսի հիմնադիր Անժելա Պետրոսյան․ «Այս միջոցառման նպատակն է ստեղծել ևս մեկ հնարավորություն, որպեսզի կարողանանք մոտ լինել մեր ազգային արժեքներին, փոխանցելով ևս մեկ սերունդ մշակությային ժառանգությունն ու ավանդույթները կարողանանք պահպանել մեր ինքնությունը։ Այսօր, վաղը և միշտ Արցախը պետք է ապրի մեր մեջ»։
«Մենք ենք մեր Արցախը» միջոցառման եզրափակիչ ակորդը հնչեցրեցին արցախյան երաժշտախմբերը, Արցախում ու Հայաստանում ճանաչում ունեցող կատարողական արվեստի ներկայացուցիչները։