Սկսվել է Երևանի Դավիթ Բեկ փողոցի փլուզված հատվածի նորոգումը
Շուրջ 4 ամիս առաջ փլուզված ճանապարհի վերանորոգման աշխատանքները սկսվել են։ Երևանի Դավիթ Բեկ փողոցում տեղի ունեցած փլուզման պատճառն իրականում ոչ թե մայիսին դիտված անձրևներն էին, այլ ծանր բեռնատարները, ինտենսիվ երթևեկը, լրագրողներին ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Քաղաքային իշխանությունը խոստանում է փլուզված հատվածի վերականգնումն ավարտել մինչև տարեվերջ։ Հաջորդ տարի կշարունակեն ճանապարհի չփլուզված, բայց նույն վտանգի տակ գտնվող հատվածի վերանորոգումը։ Երկու նախագծերը միասին կարժենան 300 մլն դրամ։ 2025 թվականին սեյսմիկ ուսումնասիրության կենթարկվեն Երևանի մյուս կամուրջները, ինչպես նաև վերգետնյա և ստորգետնյա անցումները, ջրատար համակարգը:
Երևանի Դավիթ Բեկի փողոցի շուրջ 4 ամիս առաջ փլուզված հատվածում այսօրվանից շինտեխնիկա է աշխատում։ Քանդված հատվածը արդեն տևական ժամանակ է մեկուսացված էր երթևեկությունից։ Այս ամիսների ընթացքում այդ տարածքով երթևեկը կատարվում էր հանդիպակաց երթևեկելի գոտով։ Սակայն շուտով փլուզված հատվածը կվերանորոգվի և երթևեկությունը կնորմավորվի, հավաստիացնում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Այս հատվածի վերականգնումն, ըստ նրա, կավարտվի մինչև տարեվերջ։
«Թվում էր, թե փոս է այստեղ, բայց սա հսկայական կառույց է, որը մշտական խնամք և հետևողականություն է պահանջում։ Հուսով ենք, որ կվերականգնենք, երկարատև ամրություն ապահովող կառույց կունենանք»։
Խոսքն ընդհանուր մոտ 200 մետր թունելային ծածկ-ենթակառուցվածքի մասին է, որի տակով գետ է հոսում։ Փլված հատվածը 82 մետր է։ Վերականգնումը երկու փուլով է իրականացվելու։ Առաջին փուլի համար քաղաքապետարանը հատկացրել է 150 մլն դրամ, նույնքան էլ 2-րդ փուլի համար է նախատեսվում։
«Այսքան տեղն ենք հիմա քանդում, նախագիծն այս փուլում այս թևի համար է։ 42 մետր, 42 պանել։ Ամբողջն 82 մետր է։ Մնացածը բաժին է ընկնում բարձրացող թևին, որի նախագծային փաստաթղթերը ևս պատրաստ են։ Դրա վերաբերյալ ևս կա սեյսմիկ եզրակացություն, նույնությամբ քայքայված են պանելները, որի վրա մենք կանգնած ենք, հենապատերը նույն վիճակում են»։
Կամո Արեյանը խոստովանում է՝ փլուզված ճանապարհի վերականգնումը ուշացավ։ Պատճառը անհրաժեշտ պանելների չափսն էր։ Գործողը փոխարինելու համար գործարանային նոր արտադրանք էր պետք։ Ժամանակ էր պետք ոչ միայն նոր պանելների արդադրության, այլև շինթույլտվության համար։
«Հույս ունենանք, որ մոտ 40 օրում, առավելագույնը՝ 2 ամսում, այս հատվածը կվերականգնվի, կասֆալտապատվի և կհանձնվի շահագործման։ Բավականին դժվար է լինելու աշխատանքը, որովհետև տակից կան հոսող գետեր»։
Պարզվում է՝աղմուկ հանած փլուզման պատճառն իրականում ոչ թե մայիսին տեղացած անձրևներն էին, այլ ծանր բեռնատարները, ինտենսիվ երթևեկը, «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանում է քաղաքապետի խորհրդականը։
«Հատակը անզեն աչքով էլ է երևում, որ բրնձի նման պատերը փշրվում են, պարզապես ցեմենտ-ավազի խառնուրդից հենապատ են կառուցել։ Իսկ դա երկար չի ապրելու։ Նման ինտենսիվ երթևեկ, ինչպիսին Դավիթ Բեկի վրա է, նորից կրկնեմ ֆուռերի երթուղին է սա»։
Թե որքան կդիմանա նորակառույց ճանապարհը, ժամանակը ցույց կտա, թեև շինարարական ընկերությունը առնվազն 8 տասնամյակի երաշխիք է տալիս։ Նաև հավաստիացնում է՝ հնարավորինս արագ պետք է գործեն։
Կամրջային երկաթբետոնե կոնստրուկցիաների գործարանի տնօրեն Մինաս Մինասյան.
«Որոշեցինք ամբողջովին հավաքովի անել, որ ճանապարհը երկար քանդված չմնա։ Որակապես առնվազն 80 տարի կաշխատի, քանի որ ամբողջովին նոր գործարանային արտադրանք է և հաշվարկված նոր նորմերին համապատասխան, նախատեսված է120 տոննա ծանրության համար»։
Այս դեպքը նաև առիթ էր ընդհանուր ուսումնասիրություն սկսելու համար, նկատում է քաղաքապետի խորհրդականը։ Չբացառելով նույն սցենարը նաև այլ հասցեներում, Կամո Արեյանը հայտնեց, որ սեյսմիկ ուսումնասիրության կենթարկվեն Երևանի 42 կամուրջները, 26 վերգետնյա, 39 ստորգետնյա անցումները, ջրատար համակարգը: Նախնական ուսումնասիրությունն արդեն իսկ լավատեսություն չի ներշնում։ Նույն խնդիրն ունեն բազմաթիվ ենթակառուցվածքներ։ Կամո Արեյանը հավաստիացնում է՝ ուսումնասիրությունն ամբողջությամբ ավարտելուց հետո, հնարավոր կլինի գումար հատկացնել նաև այդ աշխատանքների համար: