
Սեպտեմբերի 9-11 աշխարհի 80 երկրների շուրջ 200 պատվիրակներ Երևանում կքննարկեն աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային թեմաներ, կլսեն հայկական կողմի դիրքորոշումն առկա խնդիրների վերաբերյալ։ «Երևանյան երկխոսություն» ֆորումի ուշադրության կենտրոնում կլինեն հատկապես «Խաղաղության օրակարգն» ու «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ֆորումի օրակարգի ու նպատակների շուրջ «Ռադֆիոլուր» զրույցել է ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի հետ։
80 երկրներից ժամանած ավելի քան 200 պատվիրակներ Հայաստանի մայրաքաղաքում կմասնակցեն «Երևանյան երկխոսություն» դիվանագիտական միջազգային համաժողովին։ Սեպտեմբերի 9-11–ը հայկական կողմը հնարավորություն կունենա ներկայացնել իր պաշտոնական դիրքորոշումը աշխարհաքաղաքական տարբեր հարցերի վերաբերյալ։ ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ պաշտոնական Երևանը մեկ տարի պատրաստվել է դիվանագիտական այս մեծ ֆորումին․

«Թեմաները տարբեր են՝ աշխարհակարգ, տնտեսական թեմաներ, տեղեկատվություն, հաղորդակցություններ․․․ Այս թեմաներով մի շարք պանելային քննարկումներ են կազմակերպվելու ֆորումի ընթացքում բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ։ Հյուրերի թվում են արտաքին գործերի նախարարներ, այլ նախարարներ, փոխնախարարներ շատ երկրներից՝ այդ թվում տարածաշրջանային։ Տարբեր ուղեղային ու վերլուծական կենտրոններից տնօրեններ, փորձագետներ, միջազգային հարաբերությունների մասնագետներ»։
Սեպտեմբերի 9-ին Երևան կժամանեն աշխարհի տարբեր երկրների ներկա ու նախկին պաշտոնյաներ, դիվանագետներ ու հեղինակավոր փորձագիտական կենտրոնների տնօրեններ։
Համաժողովի երկրորդ օրը ելույթ կունենան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԳՆ Արարատ Միրզոյանը, այնուհետև կծավալվեն պանելային քննարկումներ։
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը տեղեկացնում է, որ նախատեսված են և՛ երկկողմ հանդիպումներ, և՛ պանելային քննարկումներ։ Խնդիր է դրված միջազգային հանրությանը ավելի մոտիկից ծանոթացնելու Հայաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային իրադարձություններին ու դրանց հետ կապված խնդիրներին ․
«Խոսվելու է և՛ «Խաղաղության օրակարգի» մասին, և՛ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին։ Շատ մանրամասն մեր գործընկերներին ներկայացվելու է «Խաղաղության խաչմերուկի» տնտեսական բաղադրիչը, բավականին ազատ քննարկումներ են տեղի ունենալու «Խաղաղության օրակարգի» շուրջ։ Մենք մեր կարծիքն ենք ներկայացնելու, մեր գործընկերները՝ իրենցը։ Պանելային քննարկումների ձևաչափով այս բոլոր հարցերը վեր են հանվելու և քննարկվելու։ Խնդիրը այսօրվա բազմակողմ աշխարհում այն է, որ բոլորը խոսում են, բայց ոչ ոք չի լսում։ Մենք մեր առջև խնդիր ենք դրել, որ մեզ լսեն և մեր խնդիրներին ավելի մոտիկից ծանոթացնենք մեր գործընկերներին»։
Երևանի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը մի շարք երկրներ ընդունել են միանգամից, այդ թվում ՝ Հունգարիան, որը ներկայացված կլինի արտգործնախարարի մակարդակով։ Փաստը ուշագրավ է հատկապես նրանով, որ Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները սառեցված են եղել 10 տարի՝ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Սաֆարովին Հունգարիայից Ադրբեջան արտահանձնելուց հետո։ Հայաստանի ու Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնվեցին 2022 թ։
ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հույս ունի, որ համաժողովը կդառնա տարածաշրջանում ամենալուրջ աշխարհաքաղաքական, դիվանագիտական, միջազգային հարաբերություների քննարկման հարթակ։




