Քաղաքական

Անկում ունենք թե լրագրողական, թե պատգամավորական կորպուսում, ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրման նոր կարգ առայժմ չկա, երբ լինի, կտեղադրվի պաշտոնական կայքէջում, այս պարզաբանումն է տրվում լրատամիջոցներին ՝ ի պատասխան հարցման, թե արդյո՞ք ԱԺ աշխատակազմը պատրաստավում է վերանայել խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների հավատարմանգրման կարգը։ Հիշեցնենք, սրա մասին լրագրողների հետ զրույցում խոսել էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ գործող կարգը վերանայելու անհարժեշտություն կա և ցանկություն՝ նախապատվությունը տալու 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող լրագրողներին։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղյակ է, որ խորհրդարանում քննարկվում է լրագրողների հավատարմանգրման կարգը վերանայելու հարցը, բայց տեղյակ չէ, թե կոնկրետ ինչ տարբերակներ են քննարկվում։ Կարծում է, որ վերջնական որոշումը պետք է կայացվի՝ լրագրողների հետ քննարկման ու համաձայնեցման արդյուքնում։ «Ինձ թվում է, որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը պարտավոր չէ լրագրողների հավատարմանգրման նոր կարգը քննարկել խմբակցությունների ղեկավարների հետ, բայց լրագրողների հետ քննարկել պարտավոր է»,- ասում է։

Ընդհանուր առմամբ՝ Հանրապետական խմբակցության ղեկավարին խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների աշխատանքը չի գոհացնում: Տարիների կտրվածքով ՝ Վահրամ Բաղդասրայանը որակական անկում է նկատում՝ հանուն արդարության նշելով, որ անկումը ոչ միայն լրագրողական թևում է, այլ նաև՝ պատգամավորական։ «Երբ ես համեմատում եմ 95, 99, 2003 թվականների հետ, զգում եմ, որ աստիճանական անկում ունենք ՝ և պատգամավորական կորպուսի, և լրագրողական: Կարծում եմ՝ դերի բարձրացման խնդիր ունենք: Ներողություն եմ խնդրում լրագրողներից, բայց Ազգային ժողովը պրակտիկանտի տեղ չէ»։

Խոսքը երկրի կարևորագույն պետական ինստիտուտի, քաղաքական թիվ 1 հարթակի մասին է, հիշեցնում է Հանրապետական խմբակցության ղեկավարը, որի աշխատանքը լուսաբանելը պատրաստված լրագրողներ է պահանջում: Հակառակ դեպքում՝ ասում է, անպակաս են թյուրիմացությունները: Թե ինչ թյուրիմացության մասին է խոսքը, Վահրամ Բաղդասրայանը հետևյալ օրինակով է բացատրում։ «Եթե մի պատգամավոր մի սայթաքում է թույլ տալիս, բոլոր կայքերը, լրատվամիջոցները ողողվում են դրանով»։ Այն, ինչ Հանրապետական խմբակցության ղեկավարն անվանում է թյուրիմացություն, խորհրդարանի որակական անկման հետևանք է համարում։

«Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե նախաձեռնության նպատակը խորհրդարանից լրատվության հոսքը կանոնակարգելն է։ «Նպատակը, որքան հասկանում եմ, այն է, որ լրագրողները հնարավորինս քիչ առնչվեն պատգամավորների հետ, նրանց հետ շփվեն օգնականների կամ այլ միջնորդների միջոցով: Իսկ սա անհրաժեշտ է, որովհետև պատգամավորների մեծ մասը պատրաստ չէ լրագրողի հարցերին պատասխանելու»։

Մեր հիշեցմանը, թե խորհրդարանում կարծես թե հակված են շեշտելու լրագրողների պրոֆեսիոնալիզմը, համենայն դեպս, ԱԺ նախագահը խոսել էր առնվազն 5 տարվա լրագրողական ստաժ ունենալու նախապայմանի մասին, Արամ Աբրահամյանն արձագանքեց տարակուսանքով. հնարավոր է սկսնակ լրագրողը որևէ բանով չզիջի աշխատանքային երկար փորձ ունեցող լրագրողին: Իսկ հարցին, թե այնուամենայնիվ լրագրողական դաշտում խնդիր տեսնո՞ւմ է, թե՞ ոչ ՝ «Առավոտի» խմբագիրն արձագանքեց. «Որոշ չափով տեսնում եմ, բայց կարծում եմ, որ հապշտապ ու ադմինստրատիվ լուծումներ տալը սխալ է: Պետք է հավաքել մի քանի լրատվամիջոցների ղեկավարների, խորհրդակցել նրանց հետ և ավելի օպտիմալ լուծումներ գտնել: Մեխանիկորեն արգելել լրագրողների մուտքն ու կրճատել հավատարմագրված լրագրողների թիվը, համոզված եմ, որ սխալ է»։

«Առավոտ» օրաթերթի խմբագիրը հույս ունի, որ քննարկման հրավեր ստացողների թվում կլինի նաև ինքը։

 

Back to top button