ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Սրտանց օգնությունն էլ հախուռն չի լինի․ գործարկվել է հրատապ արձագանքման հարթակը

Գործարկվել է հրատապ արձագանքման հարթակը, որի նախատեսված է հրատապ արձագանքման իրավիճակներում հայտնված անձանց ու ընտանիքիների առաջնային կարիքների գնահատման և ըստ այդ կարիքների հանրային ռեսուրսների արդյունավետ, հասցեական բաշխման համար։ Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ այսուհետ ճգնաժամային իրավիճակներում մարդկանց արագ, բայց հաճախ հախուռն օգնությունն ավելի համակարգված կիրականացվի։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնը մշակել և բարելավել է թվային մի հարթակ, որը խոստանում է դառնալ հրատապ արձագանքի ամենաճկուն համակարգը։ Եթե մարդը վերջին 72 ժամում տուժել է անսպասելի ճգնաժամից, ասենք՝ բնական, կլիմայական, տեխնոլոգիական աղետներից, ռազմական գործողություններից կամ կյանքին ու առողջությանը վտանգ սպառնացող այլ իրավիճակներից և ունի այնպիսի կարիքներ, որոնց պետք է հրատապ արձագանքել, ապա կարող է օգտվել այս հարթակից։ Նման հարթակ ունենալու անհրաժեշտության մասին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն է պատմում․

«Մենք ԼՂ-ից բռնի տեղահանման առաջին իսկ օրերից գործարկել էինք կարիքի գնահատման և եղած ռեսուրսների քարտեզագրման հարթակներ ու կարողացել էինք հասանելիություն տալ համայնքներին, մարզպետներին, աջակցություն տրամադրել ցանկացող ՀԿ-ներին, անհատական նախաձեռնություններին, ինչպես նաև այն անձնանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Ըստ էության այս նոր հարթակը համադրում է բոլոր գործիքները մեկ շրջանակի մեջ, և դրանք կցվում են նաև բոլոր այն ծառայությունների համար նախատեսված հարթակները, որոնք գործում են միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում, և հնարավորությւոն է տալիս մեկ պատուհանի սկզբունքով հրատապ արձագանքի գործիքները մեկտեղել մեկ ծրագրային լուծման մեջ»։

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանում ճգնաժամային իրավիճակում հայտնված մարդկանց աջակցելու պատրաստ քաղաքացիների պակաս չկա։ 2020-ի պատերազմական և հետպատերազմական իրավիճակներում, նրա խոսքով, անհատներն ու կազմակերպությունները գործում էին սրտացավորեն, բայց հախուռն։ Հետո իրավիճակը փոքր-ինչ փոխվեց․

«2023-ի ԼՂ–ից մեր հայրենակիցների բռնի տեղահանման ժամանակահատվածում, երբ արդեն ունեինք գործարկած հարթակներ, տեսանք, որ նախաձեռնությունները ինքնաբուխ բնույթ չկրեցին, այլ համակարգված։ Ամիսների ընթացքում տեսնում էինք, որ դիմումների թիվը հասնում է 50-60 000-ի, մինչև 90 000 դիմումներ են եղել։ Սա նշանակում է, որ որոշակի վստահություն է եղել։ Այս նոր գործիքը ավելի համակարգված, մեկտեղված ու արդյունավետ ծառայութուններ տրամադրելու մասին է»։

Գործիքը մշակել է «Նորք» տեխնոլոգիական կենտրոնը, որի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը պարզաբանում է՝ ինչպես և ինչ ակնկալիքով ճգնաժամային իրավիճակում հայտնված անձը կարող է օգտվել կայքից։ Առաջին հերթին պետք է մուտք գործել hratapkariq.am կայք, որտեղ առաջարկվում է երկու կարգավիճակ՝ «Կարիք ունեմ» և «Աջակցում եմ»․

«Բացվում է դիմումաձև, որտեղ անձը տեղեկություն է տալիս՝ ով է, քանի տարեկան է և այլն, մի մասը մենք լրացնում ենք գրանցման պետական ռեգիստրով՝ վստահ լինելով, որ անձն իսկապես ՀՀ տարածքում է, քաղաքացի է կամ ունի իրավական կարգավիճակ։ Երկրորդ հատվածում հարցեր ենք տալիս սոցիալական իրավիճակի մասին՝ տեսնելու, թե արդյոք կոնկրետ իրավիճակով պայմանավորված անհատն ունի հատուկ անհրաժեշտություն դեղորայքի կարիք, կամ քաղաքացու հետ կա հղի, կամ ինքը անձամբ հղի է, նմանատիպ բաներ, որոնք կօգնեն մեզ կարիքն ավելի լավ ձևակերպելու, և երրորդ հարցը քաղաքացու կարիքներն են, երբ ինքը ձևակերպում է, թե ինչի կարիք ունի տվյալ իրավիճակում»։

Նույն կերպ համակարգվում, լրացվում է նաև աջակցության ցանցում առկա՝ հրատապ կարիք ունեցող քաղաքացուն փոխանցելու ենթակա իրերի ցանկը, հայտը ստանալուց հետո տեղի է ունենում կարիքի և առկա միջոցների համադրում, և անհրաժեշտ իրերը սոցիալական աշխատողի միջոցով փոխանցվում են մարդուն․

«Ե՛վ աջակցություն է առաջարկում, օրինակ՝ կացարանի մասով, եթե կարիք կա, և՛ հագուստ, կոշիկ, դեղորայք, ուտելիք՝ չոր և պատրաստված, տարբեր պարագաներ, որոնք կոնկրետ սոցիալական աջակցությանն են վերաբերելի»։

Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, «Դիմոքրասի Ինթերնեյշնլ» կազմակերպության կողմից «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով։ Հրատապ արձագանքման իրավիճակների ժամանակ սոցիալական պաշտպանության ծառայությունների պլանավորումն ու համակարգումը լավարկող հարթակը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջնորդվող սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ բարեփոխումների մաս է կազմում։

Կարդացեք նաև

Back to top button