ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Հույսը դրել են իրենց ուժերի վրա. հադրութցի անասնաբույժ ամուսինները զբաղվում են գյուղատնտեսությամբ

2020թ Հադրութից, 2023թ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո Հենրիկ Պետրոսյանի ընտանիքն այժմ ապրում է Արմավիրի մարզի Խանջյան գյուղում: Պատերազմն ու հայրենիքի կորուստը կոտրել էր նրանց, բայց թևաթափ լինելու փոխարեն նորից ուժ են գտել ու շարունակում են ապրել ու արարել: Նրանք գյուղի իրենց ժամանակավոր կեցավայրում պարապ չեն մնացել, փոքրիկ գյուղացիական տնտեսություն են հիմնել, որով էլ ստեղծում են ապրուստի միջոցը:

Մարիայի ու Հենրիկի օրը վաղ է սկսվում. առավոտ շուտ արթնանում են ու անցնում առօրյա գործերին: Արմավիրյան շոգը ստիպում է վաղորդայն հովին նախ մտնել բանջարանոց, հետո զբաղվել թռչուններով ու կենդանիներով: Մարիա Գրիգորյանի հետ ետնամուտքով մտնում ենք բանջարանոց, որտեղ ամեն ինչ մշակել է ու հասցրել բերքից պահածոներ պատրաստել:

«Պարարտանյութ ես չեմ տվել, բայց բուժումներ արել եմ: Ծիծակից ահագին պահածոներ եմ արել: Մի մառան ունեմ՝ արդեն լիքն է ամեն ինչով: Լոլիկն էլ արդեն երկու անգամ փակել եմ: Հիմա նորից քաղել եմ, որ վաղը պահածոյացնեմ»:

Բանջարանոցի շուրջ բոլորը կանաչ ու դեղին, կլոր ու տանձաձև դդումներ են աճում: Մարիան ասում է՝ 88-ամյա մայրն է դրանցով զբաղվում, Արցախում դդմով տարբեր կերակուրներ են պատրաստել: Հողը մշակել է, բարիքը քաղել, բայց կեսից անակնկալի եկել:

«Առավոտ շուտ վեր կացա ու տեսա, որ բիբարներս չորանում են: Զարմանլի բան է, չես հասկանում, թե այս հողն ինչ է. հիվանդ է, թե մակաբույծ կա, ինչ որ բան այն չէ: Ճիշտն ասած, ես արդեն ահագին հավաքել եմ՝ ծիծակ էլ կա, բուլղարական էլ: Դրանք լրիվ փչացան, հանել եմ: Մեզ մոտ ՝ Ղարաբաղում, հողն ուրիշ ձևի էր, մենք ուրիշ ձևով էինք մշակում: Էս լոբին նոր եմ ցանել՝ մոտ երկու շաբաթ առաջ, վարունգ կա, բամիա: Բամիան արդեն քաղել եմ, բայց նորից բերք է տալիս, անընդհատ ծաղկում է»:       

Հողամասի մի անկյունն էլ գեղագիտական նպատակով է օգտագործել՝ վարդեր է աճեցրել: Մարիան ծնունդով Հադրութի Վարդաշատ գյուղից է, դեռ մանկուց է զբաղվել գյուղատնտեսությամբ:

«Առավոտ շուտ ժամը 6-ին, 7-ին մեր կովերը տանում էի, որ նախիր տանեին, հետ էի գալիս, մեր հայաթը մաքրում, գնում ջրի: Մեր գյուղի աղբյուրը հեռու էր, մոտ 300 մետր, ջուրը բերում էի ու գնում դասի: Գիրքը ձեռքիս գնում էի գառների ու հորթերի հետևից, որ այնտեղ և՛ պահեի, և՛ սովորեի: Իմ մանկությունն այդ տեսակետից դժվար է եղել, բայց ես գոհ եմ, որովհետև այդ դժվարությունը ինձ սովորեցրեց ապրել»:

Գործի դժվարություններն անտեսելով Արցախում երկու անգամ տունն ու տնտեսությունը կորցրած հադրութցի ընտանիքը հիմա էլ շարունակում է Խանջյանում ստեղծել՝ ընտանի կենդանիներ ու թռչուններ են պահում: Բակում աղմկում էին սագերն ու բադերը՝ կերակրելու ժամն էր մոտեցել:

«Էս գոմը կար, բայց առանց դռան ու թառերի: Հիմա ինչ որ կա՝ մենք ենք սարքել: Թռչուններին առանձնացրել եմ, բայց ոչ բոլորը: Ընդհանուր շուրջ 300 թև հավեր ունենք, ճուտ ենք առել, հավ սարքել»:

Ջրլող թռչունների համար էլ բակում փոքրիկ ջրավազան էին հարմարեցրել: Ունեն նաև նապաստակներ ու խոզեր: Յուրքանչյուր թիզ հողը նպատակին են օգտագործել: Խոշոր եղջերավոր անասուն պահելու հարմարություն չունեն, բայց Արցախում՝ Ակնայի շրջանում, անասնապահությամբ են զբաղվել: Հենրիկ Պետրոսյանն ասում է՝ ֆերմայում 7-8 աշխատող են ունեցել:

«Ֆերմայով ենք զբաղվել, ամեն կենդանուց ունեցել ենք. 200 գլուխ խոշոր, 500 գլուխ այծ ու ոչխար, խոզ, մի 40-50 գլուխ գոմեշ: Մեր ֆերման գտնվում էր Խաչին գետի ափին: Կաթը հանձնում էինք «Արվարդ» ՍՊԸ-ին: Եթե կովերի կաթնատվությունը կազմում է 4-4.5 տոկոս, ապա գոմեշինը՝ 8-12 տոկոս, ավելի խիտ է քան կովի կաթը՝ պանիր էինք անում, մածուն, ոնց ստացվում էր»:

Հենրիկն ու Մարիան մասնագիտությամբ անասնաբույժներ են: Աշխատասեր ու եռանդուն կնոջը իրենց շրջանում գրեթե բոլորն են ճանաչել: Բացի անասնապահությունից Հադրութում հողագործությամբ էլ են զբաղվել:

«Տան առաջ հողամաս կար՝ ծառեր ունեինք, ամեն ինչ կար, բոստան էի դրել: Առանձին մենք 30-ից ավելի հեկտար հող ունեինք, ցորեն ու գարի էինք ցանում: Մեր մոտ էլ մի 300-400 հավ եմ թողել»:   

Ամուսինները գործից չեն նեղվում, չեն տրտնջում, հարմարվել են նոր կեցավայրին, պարզապես, Արցախը կորցնելու միտքը նրանց հանգիստ չի տալիս: Մարիան ասում է, որ երազում անգամ չի տեսնում իր բարեկեցիկ տունը: Հիշելով Հադրութը՝ նա մի պահ լռում է ու մտովի հասնում Արցախ:

«Ստացել եմ փախստականի վկայական ու Խանջյանում եմ գրանցվել, բայց ինձ չեն համարում Հայաստանի քաղաքացի, թեկուզ, ես միշտ էլ եղել եմ Հայաստանի քաղաքացի ու այդպես էլ կամ: Ես կուզեի, որ մնայի Հայաստանում, ապրեի Հայաստանում, բայց այս պայմաններում ես չգիտեմ, թե ինչ է լինելու, ոնց է լինելու: Ես հիմա չեմ կարող ասել, ներկա դրությամբ ես կուզեի ապրել այստեղ»:

Մարիան մի բանում հաստատակամ է. ուր էլ գնան, գյուղում են ապրելու, ասաց ու շտապեց խոհանոց՝ թթու դնելու: Ասում է՝ Հադրութի թթուն յուրահատուկ տեղ ուներ Ղարաբաղում: Պատուհանների գոգին չորանում էր դեղձի չիրը, հարևաններն էին միրգը տվել, որոնց հետ ջերմ ու մտերիմ հարաբերություններ ունեն:

Կարդացեք նաև

Back to top button