Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը գործադիրը հաստատեց, հաջորդ քայլը ՍԴ դիմելն է
Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Երևանի և Բաքվի ստորագրած Սահմանազատման կանոնակարգը։ Հարցն ընդգրկված է եղել չզեկուցվող հարցերի փաթեթում։ Գործադիրից փաստաթուղթը կգնա Սահմանադրական դատարան՝ Մայր օրենքին դրա համապատասխանությունը որոշելու համար։ Եթե Բարձր դատարանը որոշի, որ պայմանագիրը չի հակասում Հայաստանի Սահմանադրությանը, այն կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման։
Չզեկուցվող հարցերի փաթեթում Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը հաստատելուց հետո կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու է այն գործադիրի հավանությանն արժանանում առանց քննարկման։
«Քանի որ հարցը մենք ուղարկում ենք Սահմանադրական դատարան՝ նրա համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը ստուգելու համար, ես ենթադրում եմ, որ Սահմանադրական դատարանի որոշումը՝ դրական որոշումը, ստանալու պարագայում, ոչ թե ենթադրում եմ, այդ պարագայում հաստատ հարցը կգնա Ազգային ժողով վավերացվելու և ավելի մանրամասն քննարկում տեղի կունենա, մենք պատեհ չհամարեցինք Սահմանադրական դատարան ուղարկելուց առաջ կառավարության նիստում ընդլայնված քննարկում անել այս հարցով, ինչը, կարծում եմ, տվյալ պարագայում ճիշտ մոտեցում է։ Քաղաքական և բովանդակային ավելի մանրամասն քննարկումներ Սահմանադրական դատարանի դրական դիրքորոշման դեպքում տեղի կունենան Ազգային ժողովում, իսկ բացասական դիրքորոշման դեպքում արդեն դա լրիվ ուրիշ պատմություն է։ Այսօր, կարծում եմ, քննարկելու անհրաժեշտություն չկար, բայց մյուս կողմից ցանկացա արձանագրել, որ որոշումը կայացված է և մենք սպասելու ենք Սահմանադրական դատարանի որոշմանը»։
Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների օգոստոսի 30-ին ստորագրած փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 2-ին։ 6 էջ, 7 հոդված և մոտ 30 կետ ունեցող փաստաթղթով սահմանվում է այն կարգը, որով այսուհետ պետք է աշխատեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները։
Ըստ փաստաթղթի` Երևանն ու Բաքուն համաձայնել են սահմանազատումն իրականացնել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բայց այդ համաձայնությունը վերջնական չէ։ Կանոնակարգում նշվում է` գործընթացը հնարավոր է հետագայում` խաղաղության համաձայնագրի ընդունումից հետո, այլ սկզբունքներով ընթանա։ Հայաստանի կառավարության այսօր հրապարակած փաստաթղթում ասվում է.
«Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրով նախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»։
Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ Ադրբեջանն է, որ ամեն կերպ խուսափում է Ալմա–Աթայի հռչակագրի ամրագրումից՝ համարելով, որ հայ–ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում կարող է առաջնորդվել տարբեր մոտեցումներով։ Բադալյանը խնդիր է համարում այն, որ Կանոնակարգում չի նշվում, թե կոնկրետ որ քարտեզի հիման վրա է իրականացվելու սահմազատումը։ Փաստաթղթում նշվում է, որ օգտագործվելու են վերաբերելի բոլոր քարտեզներն ու որոշումները։
«Սա ևս նշանակում է, այսպես ասած, տարածական բավական լայն դիապազոն՝ տարբեր մեկնաբանությունների, մոտեցումների և այլնի համար»։
Կանոնակարգի 7 հոդվածները հիմնականում գործընթացին վերաբերող տեխնիկական սկզբունքներ են ամրագրում։ 4-րդ հոդվածում, օրինակ, նշվում է սահմանագծի օպտիմալացման հնարավորության մասին։ 6 ենթակետով էլ պարզաբանվում, թե ինչ նպատակով և որ դեպքերում կարող է դա կիրառվել։ Օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, բնակիչների ավանդական գործունեության համար պայմաններ ստեղծելու, ենթակառուցվածքների գործունեության ապահովման անհրաժեշտության դեպքում։
Փորձագետները նկատում են, որ ընդհանուր առմամբ կանոնակարգը համապատասխանում է այն տրամաբանությանը, միջազգային այն սկզբունքներին, որով իրականացվում է սահմանազատումն և սահմանագծումը, խնդիրներ, կարծում են, կարող են ի հայտ գալ դրա իրագործման փուլում։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյան։
«Ամբողջ խնդիրն այն է, որ գետնի վրա իրականանալու պրոցեսը ենթադրում է, բնականաբար, այլ, ոչ ֆորմալ հանգամանքներ, որոնք որևէ կերպ հնարավոր չէ արտացոլել կանոնակարգում կամ փաստաթղթավորել։ Դա, իհարկե, ուժերի բալանսն է և այդ ուժերի բալանսի վրա հիմնված իրական քաղաքական պրոցեսները՝ հաշվի առնելով ո՛չ միայն Հայաստանին ու Ադրբեջանին, այլ նաև երրորդ ուժեր, որոնք, բնականաբար, սուր մրցակցության մեջ են Կովկասում պրոցեսները վերահսկելու, պրոցեսները մոդեռնացնելու, ընդհանրապես Կովկասում ստատուս քվոյի այն հեռանկարների հարցում, որոնք կձևավորվեն կամ կուրվագծվեն աշխարհակարգային այս պայքարի և վերափոխումների շրջանում»։
Նկատենք, որ Ադրբեջանում առայժմ չեն շտապում սկսել Կանոնակարգի վավերացման գործընթացը։ Այնտեղ դեռ նոր խորհրդարանն են ձևավորում։ Այս առումով քաղաքական վերլուծաբանը որոշակի մտահոգություն ունի։
«Իհարկե, եթե Ադրբեջանի ու Հայաստանի միջև ստորագրված այս կանոնակարգի ներպետական վավերացման ընթացքը զուգահեռ չլինի, այսինքն՝ Ադրբեջանը գործնականում հրաժարվի այդ ընթացքից, կամ՝ խուսանավի, ձգձգի և այլն, սա հերթական անգամ ընդամենը ցույց կտա, որ Ադրբեջանը որևէ մտադրություն չունի Հայաստանի հետ գոյակցության, այսպես ասած, խաղաղ, կայուն, հավասարակշռված ռեժիմ հաստատելու և ձգտում է ընդամենը ուժի վրա հիմնված ագրեսիվ քաղաքականությամբ պահանջներ թելադրել, պայմաններ թելադրել և ըստ այդմ՝ կորզել առավելագույնը»։
Ըստ փորձագետի՝ շատ բան կախված կլինի նաև այն հանգամանքից, թե Հայաստանը որքանով արդյունավետ կաշխատի միջազգային դերակատարների հետ, որոնք գործընթացում ներգրավված են լինելու՝ անկախ իրողությունից, որ կանոնակարգը երկկողմ է։