Նոր Սահմանադրություն․ ԱԺ ձևավորելու «բոնուսային» համակագից հրաժարվելու մտադրություն կա
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն ամառային հանգիստ գրաֆիկից անցնում է ակտիվ աշխատանքի։ Վերջին նիստը Խորհուրդը գումարել է մոտ մեկ ամիս առաջ։ Այսօր՝ սեպտեմբերի 5–ին հերթական նիստն է անցկացվել, բայց արդարադատության նախարարը այն համարում է խորհրդանշանակ սկիզբ դեռևս 2022–ին ձևավորված սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքի ու ՀՀ Սահմանադրության փոփոխության համար։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դիտարկում է տարբերակ, որի դեպքում մայր–օրենքի որոշ հոդվածներ կարող են փոխվել ոչ թե համապետական հանրաքվեով, այլ ժամկետների առումով ավելի շուտ՝ ԱԺ–ում քվեարկությամբ։ Այդպիսի փոփոխություններից է համարվում խորհրդարանի ձևավորման կարգը՝ կայուն մեծամասնության սահմանադրական կարգավորումները։ Խոսքը պատկերավոր անվանում ստացած և բազմիցս քննադատված «բոնուսային» համակարգի մասին է։ Այդ համակարգն է պատճառը, որ ոչ միայն ընտրողները, այլևս հենց ընտրություններին մասնակցող ուժերը դժվարանում են հասկանալ մանդատների բաշխման տրամաբանությունը։
Ըստ 2015 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրության, եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում որևէ կուսակցություն չի ստանում մանդատների 50%-ից ավելին և շեմը հաղթահարած քաղաքական ուժերը չեն կարողանում կազմել կոալիցիա, ապա անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ, որին մասնակցում են առավելագույն ձայներ ստացած երկու ուժերը, և երկրորդ փուլի հաղթողը ստանում է այնքան լրացուցիչ մանդատ, որ խորհրդարանում ունենա մեծամասնություն՝ անկախ ընտրությունների առաջին՝ հիմնական փուլում իր ունեցած հանրային աջակցությունից: Ստացվում է, որ ընտրողների 25-30 տոկոսը հավաքած ուժը կարող է ստանալ խորհրդարանական մեծամասնություն ու միանձնյա ձևավորել կառավարություն:
Սեպտեմբերի 5–ին սահմանադրական բարեփոխումների խորհուրդի օրակարգում քննարկվել է հենց այս հարցը։ Նախաձեռնության հեղինակը խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» ղեկավար Դանիել Իոաննիսյանն է։ 2015–ին փոփոխված Սահմանադրությունից նա առանձնացրել է առնվազն 4 խնդիր, որ առաջացնում է այս կարգը։
- հակասում է պառլամենտարիզմի էությանը, բոնուսային տեղեր ստացած ուժը խորհրդարանում ավելի շատ է ներկայացված լինում, քան իր ընտրողների տեսակարար կշիռն է
- ձևավորվում է խորհրդարան, որը համամասնորեն չի արտահայտում հասարակության տարբեր շերտերի կարծիքները, գործում է «հաղթողին ամեն ինչ» սկզբունքը
- քաղաքական ուժերը մոտիվացված չեն լինում պայմանավորվելու և երկխոսելու
- քաղաքական պայքարը խորհրդարանից տեղափոխվում է փողոց, քանի որ խորհրդարանը դադարում է լինել հանրության համամասնորեն խտացված ներկայացուցչական մարմինը
Նույն խնդիրների մասին խոսում է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ Ասում է՝ գործող կարգը ճգնաժամ ստեղծող է։
«Սա հակաժողովրդավարական Սահմանադրություն է ամենաառաջին հերթին։ Որովհետև ինքը չի համապատասխանում և չի երաշխավորում իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքին։ Այս Սահմանադրության հիմքում ընկած է մեկ կուսակցության անվերահսկելի, երկարատև կառավարումը»։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խորհրդարանական մեծամասնության անդամ Վլադիմիր Վարդանյանը, սակայն, համաձայն չէ Իոաննիսյանի որոշ ձևակերպումների հետ։ Գործող խորհրդարանի կայուն մեծամասնության անունից ուշադրություն է հրավիրում, որ սահմանադրական բարեփոխումների աշխատանքին խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցում։
«Տարօրինակ կայուն մեծամասնության խնդի՞րն է, որ չեն մասնակցում։ Կներեք, իրականում 18 թվականից այս կողմ Հայաստանում մենք երաշխավորել ենք կայուն քաղաքական փոքրամասնությունը, որովհետև մշտապես ընդդիմությունը ստացել է բավարար մանդատներ, որպեսզի կարողանա 1/3–րդ ներկայացվածություն ունենա խորհրդարանում, որը գալիս է ընդդիմության՝ բավարար թվով ձայների ապահովման պահանջից»։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդին ներկայացված նախագծով կայուն մեծամասնության սկզբունքը վերացնելու համար պետք է Սահմանադրության 89-րդ հոդվածում սահմանել, որ եթե որևէ ուժ չի հավաքել մեծամասնություն, ապա խորհրդարանը չի համարվում ձևավորված և չի ունենում առաջին նիստ, քանի դեռ քաղաքական ուժերը չեն կազմել կոալիցիա:
Իսկ եթե սահմանված ժամկետում կառավարություն չի ձևավորվում ու կուսակցությունները համաձայնության չեն գալիս, հանրապետության նախագահը նշանակում է նոր ընտրություններ։
Իոաննիսյանը համարում է, որ այս փոփոխությունը չի հակասում Սահմանադրության այլ դրույթների և կարող է փոխվել Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի 2/3–ի ձայներով: Անհրաժեշտ է համարում նորմը փոխել նախքան 2027 թվականին նախատեսված սահմանադրական մեծ ռեֆորմի հանրաքվեն, որպեսզի 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ժամանակ խնդրահարույց մեխանիզմը արդեն հանված լինի: Հանրային քննարկումներով ու Վենետիկի հանձնաժողովի կարծիքը ստանալով այդ պրոցեսը կարող է կես տարի տևել:
Այս հարցով, սակայն, հանձնաժողովի անդամները ընդհանուր հայտարարի դեռ չեն գալիս, արդյո՞ք նպատակահարմար է սահմանադրական հանրաքվեից առանձնացնել մեկ դրույթ և այն օրենքի նախագծի տեսքով ընդունել ավելի շուտ։ Դանիել Իոաննիսյանը և ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում են հնարավորինս շուտ փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը․
Դանել Իոաննիսյան․ «Ընտրություններ մենք ունենալու ենք մինչև հանրաքվե, և դա համեմատաբար նոր եկած հանգամանք է, որովհետև սրանից մեկ տարի առաջ մենք կարծում էինք, որ սահմանադրական ռեֆորմը լինելու է մինչև ընտրություններ»։
Էդմոն Մարուքյան․ «Եկեք ֆիքսենք, որ բան է փոխվել, որոշվել է, որ հանրաքվեն 2027 թվականին է»։
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հարկ համարեց հարցը քննարկել ևս մեկ նիստով։ Հայաստանի նոր Սահմանադրության հարցում շտապողականությունը վերաբերում է միայն կայուն մեծամասնության նորմին։ Մնացած մյուս բոլոր հարցերի դեպքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կարծիքով՝ բավարար ժամանակ կա։
«Ունենք բավականին նորմալ ժամանակ, որպեսզի մանրամասն՝ հանրային քննարկումներով, մասնագիտական հանրույթի հետ աշխատելով, հենց ինքը՝ խորհուրդը, քանի որ մարդիկ են, որոնք տարբեր ծրագրերում են ներգրավված, հանգիստ կարողանան փորձագետներ վարձելով մանրամասն վերլուծեն։
Ունենք հարցեր, որոնք արդեն քննարկել ենք, քվեարկել ենք, բայց նաև հսկա աշխատանք ունենք անելու։ Կարելի է ասել՝ տրվում է նոր Սահմանադրության և նոր գաղափարների նոր մեկնարկը»։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամները մինչ այս պահը վստահեցրել են, որ մայր–օրենքի նախաբանը և հղումը Անկախության հռչակագրին, ինչպես նաև Ադրբեջանից հնչող պահանջները չեն քննարկել։
Հայաստանի իշխանությունը պնդում է, որ Սահմանադրություն փոխելը պետության ներքին գործն է։ Իսկ վարչապետ Փաշինյանն իր վերջին ասուլիսում ակնարկել էր, որ Ադրբեջանի պահանջները իրատեսական չեն, նույն մտավախությունները նաև Հայաստանը կարող է ունենալ, քանի որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ Հայաստանի տարածքների նկատմամբ լուրջ հավակնություններ կան։
Բայց Հայաստանը այս հարցով վերջնագրերով չի խոսում, քանի որ «Խաղաղության պայմանագրի» նախագծում կա արդեն համաձայնեցված դրույթ, ըստ որի՝ կողմերը չեն կարող հրաժարվել պայմանագրի կատարումից հղում անելով իրենց ներքին օրենսդրությանը։ Սահմանադրություն փոխելու պահանջ ներկայացնելը վարչապետը գնահատել էր որպես հարցը դիտավորությամբ փակուղի մտցնելուն ուղղված քայլ։