
ԱՄՆ-ն կիսում է ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) մտահոգությունները՝ կապված սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում անցկացված ընտրությունների հետ, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Կիսում ենք ԵԱՀԿ ժողովրդավարական ինստիտուտների ու մարդու իրավունքների դիտորական առաքելությունների դիտարկումներն ու մտահոգությունները՝ կապված Ադրբեջանում սեպտեմբերի 1-ին կայացած խորհրդարանի ընտրության հետ։ Կոչ ենք անում Ադրբեջանին իրականացնել ԵԱՀԿ նախկին հանձնարարականները, ինչպես նաև նրանք, որոնք, ինչպես հասկանում ենք, առաջիկայում կընդունվեն, և ապահովել ժողովրդի հիմնարար ազատությունների կյանքի կոչումը՝ սահմանադրությանն ու միջազգային պարտավորություններին համապատասխան»։
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դիտորդները հայտարարել էին, որ ընտրությունները ոչ մրցակցային էին, հիմնարար ազատությունների խախտումներով։
«Այս ընտրությունները տեղի ունեցան սահմանափակող քաղաքական և իրավական միջավայրում, ինչի հետևանքը քաղաքական բազմակարծության բացակայությունն էր՝ զուգորդված ցածր մակարդակի քարոզարշավով, և այս ամենը խաթարեց ընտրական գործընթացը», — ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Մայքլ Քրիդը։




