ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Վրացական հյուրընկալությունը նման է հայկականին, հայաստանցիներն այստեղ ինչպես տանն են զգում. Միխեիլ Կոպլատաձե

Նախորդ տարի Վրաստան այցելել է շուրջ  8 մլն զբոսաշրջիկ, նրանց շուրջ կեսը նախընտրել է Սև ծովի աջարական ափը։  Հայ զբոսաշրջիկները, այս երկրամասի զբոսաշրջության վարչության տվյալներով,  առաջատար հնգյակում են։ Կառույցում հանգամանքը կարևորում են, վստահեցնում, որ փորձում են առավել գրավիչ դառնալ հայաստանցիների համար։

Տարեկան 4.5 մլրդ դոլար՝ միայն տուրիզմից. Վրաստանի տնտեսության համար ոլորտն առաջնային է։ Դրանում մեծ մասնաբաժին ունի աջարական տարածաշրջանը, որը հայտնի է լեռների և ծովի ինքնատիպ համադրությամբ։

Մենք ունենք երկու տասնյակ թիրախային երկիր, և Հայաստանը  թոփ հնգյակի մեջ է՝ ասում է Աջարիայի Զբոսաշրջության և հանգստավայրերի վարչության փոխնախագահ Միխեիլ Կոպլատաձեն։

«Մշտապես ասում ենք, որ Հայաստանից զբոսաշրջիկների և այցելուների թիվը դրական է ազդում մեր դինամիկայի վրա և հույս ունենք, որ կպահպանենք այդ պատկերը։

Գիտեք որ վրացական հյուրըկալությունը հայկականի նման հանրաճանաչ է, երևի դրա համար էլ հայաստանցի զբոսաշրջիկներն այստեղ ինչպես տանն են զգում»։

Աջարիայում այժմ զարգացնում են գյուղական զբոսաշրջությունը։ Գյուղական վայրերում կան ճոպանուղիներ, էքստրեմալ տուրիզմի ենթակառուցվածքներ, ինքնատիպ վայրերում տեղակայված հյուրատներ։ Ճանապարհորդները կարող են տարբեր մաստերկլասերի մասնակցել՝ գինեգործությունից մինչև անասնաբուծություն։

«Արդյունքում՝ գյուղական վայրերում ունենք հյուրերի 30% աճ, ներառյալ այն վայրերում, որտեղ չէին հավատում, թե զբոսաշրջիկ կհյուրընկալեն»։

Վրացական երկրամասը նպատակ ունի դառնալ «կլոր տարվա» զբոսաշրջային հասցե։ Նախորդ տարի հյուրընկալել են միջազգային World Travel Awards մրցանակաբաշխությունն ու «4 սեզոնի ուղղություն» լինելու համար ստացել մրցանակ։

«Այժմ ակտիվ զարգացնում ենք լեռնադահուկային տուրիզմը։ Ծովի մակարդակից 2500 մետր բարձրությամբ Բաթումից 2-3 ժամ հեռավորության վրա է գտնվում Գոդերձի հանգստավայրը։ Ավստրիական Doppelmayr ընկերությունը 200 մլն դոլար է ներդրել, արդյունքում այն վրացական մյուս ձմեռային հանգստավայրերից առանձնանում է ձյան որակով»։

Վրաստանը նախորդ տարի ունեցել է մոտ 8 մլն այցելու։ Աջարիան, առանց վրացական մյուս երկրամասերից այցերի, Թուրքիայի հետ սահմանով, Բաթումի օդանավակայանով և նավահանգստով տարեկան ընդունում է մոտ 2.5 մլն այցելու։ Վրաստանի մյուս մասերից ցամաքով եկողների հետ տարեկան ունենում ենք 4.5 մլն այցելու՝ ասում է զրուցակիցս։

«Մեր միջազգային օդանավակայանները 3-ն են՝ Թբիլիսիում, Բաթումում և Քութաիսում։ Այժմ Քութաիսից նոր ճանապարհ է բացվել, ուստի 1 ժամ 50 րոպեից կարելի է Բաթում հասնել։ Ներկայումս կառուցվող մեկ այլ ճանապարհի շնորհիվ ժամանակահատվածն ավելի կկրճատվի։ Ակնկալում ենք, որ Վրաստան այցելող զբոսաշրջիկների թիվը առաջիկա տարիներին կհասնի 10 միլիոնի»։

Միխեիլ Կոպլատաձեին հարցնում եմ՝ Աջարիայում կա՞ն հայկական կառույցներ, որոնք կարող են հետաքրքրել հայաստանցի զբոսաշրջիկներին։

«Մենք ունենք հայկական եկեղեցի՝ Բաթումի կենտրոնական Գամսախուրդիա փողոցում։ Մեզ մոտ դարեր շարունակ շատ էթնիկ հայեր են ապրել և այժմ էլ ունենք շատ մեծ հայկական համայնք։ Այստեղ ես և գրեթե բոլորը հայ ընկերներ ունենք։ Շատ սպորտսմեններ և նույնիսկ վրացական պարերի կատարողներ էթնիկ հայեր են, այնպես որ եղբայրությունը բոլոր ոլորտներում է։ Կարծում եմ, որ մեր գիդ-ուղեկցորդները պետք է սկսեն պատմել այդ մասին։

-Դուք պլանավորում ե՞ք միջամտել հարցին։

-Իհարկե, մենք ուղեկցորդներին խորհուրդ ենք տալիս անել դա, քանի որ դա էլ զբոսաշրջության տեսակ է և կարող է հետաքրքրել հայ զբոսաշրջիկին։

-Ունե՞ք վիճակագրություն, թե ինչպես են Հայաստանից հասնում Աջարիա:

-Մեզ մոտ հատկապես ամռանը շատ կտեսնեք հայկական համարանիշներով մեքենաներ։ Շատերը գալիս են իրենց մեքենաներով, գալիս են ընտանիքներով։ Օդային թռիչքները գրեթե միշտ լեփ-լեցուն են, նույնն է նաև գնացքների դեպքում:

-Ի՞նչ հարաբերություններ ունեք մեր՝ Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի հետ։

-Շատ լավ հարաբերություններ ունենք հատկապես վերջին տարիներին։ Նախորդ տարի մեզ մոտ կազմակերպված միջազգային զբոսաշրջության ֆորումին հրավիրել ենք նաև ձեր զբոսաշրջության կոմիտեին, եկել են պատվիրակությամբ։ Փորձում ենք բարեկամական հարաբերություններն ընդլայնել ինչպես պետական ​​կառույցների, այնպես էլ մասնավոր հատվածի վրա։ Այնպես որ, բարի գալուստ:

Կարդացեք նաև

Back to top button