ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ճանապարհի վերահսկողությունը մասնավոր ընկերությանն արտապատվիրակելը կարող է վնասել երկրի հեղինակությանը 

Թեհրանում Ռուսաստանի դեսպանը Իրանի արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի հարավային հատվածով ճանապարհի վերագործարկման հարցով։ Դժգոհության պատճառը վերջին շրջանում Մոսկվայի ցուցաբերած ակտիվությունն է այսպես կոչված «միջանցքի» նախագծին աջակցելու հարցում, որը Հայաստանի տարածքով պետք է Ադրբեջանը կապի Նախիջևանին։ Նախօրեին դրան անդրադարձել էր նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իրանը բաց տեքստով խոսել է իր դժգոհությունների և սկզբունքների մասին։

Հայաստանի հարավային հատվածների մասին պաշտոնական Մոսկվայի հայտարարությունները Թեհրանին այն աստիճանի են մտահոգել, որ այդ երկրի արտգործնախարարությունը Ռուսաստանին հարկ է համարել պաշտոնապես զգուշացնել՝ դեմ է ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները և բերել աշխարհաքաղաքական ստատուս քվոյի ցանկացած փոփոխության։ Իրանի արտգործնախարարության այս հայտարարությունն արվել է ի պատասխան պաշտոնական Մոսկվայի հայտարարությունների, թե աջակցում են Ադրբեջանը Նախիջևանին կապող «միջանցք» կոչված գաղափարին։

Թեև 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ՝ Հայաստան–Ադրբեջան–Ռուսաստան, հայտարարության կետերի մեծ մասի իրականացումը կիսատ է մնացել, Ռուսաստանը շարունակում է պնդել այդ հայտարարության 9–րդ կետով՝ Իրանին սահմանակից Հայաստանի տարածքում ներկա լինելու իրավունքը։ Մինչդեռ  պաշտոնական Երևանը բազմիցս  հստակեցրել է՝ Հայաստանի տարածքում սահմանային ծառայությունների ամբողջ վերահսկողությունը լինելու է հայկական կողմի իրավասության ներքո:

Այս հարցում առանցքայինը Հայաստանի այն 47 կիլոմետրն է, որը պետք է կապի Ադրբեջանին Նախիջևանի հետ։  Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է դյուրացված ռեժիմի տարբերակներ։ Դրանցից մեկն իր ասուլիսում բացահայտել է Հայաստանի վարչապետը՝ համոզված լինելով, որ Հայաստանն իր ուժերով կարող է անվտանգություն ապահովել՝ գիտակցելով հարցի նրբությունն ու առանձնահատկությունները։

«Այո, իհարկե, պատրաստ ենք հաշվի առնել, նկատի ունենալ, բայց առանց նսեմացնելու, որևէ ձևով կասկածի տակ դնելու մեր ինքնիշխանությունը, մեր սահմանների անխախտելիությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը։ ԱԱԾ–ում ստեղծվել է հատուկ ստորաբաժանում, որի կանոնադրական խնդիրներից է նաև այդ հարցի լուծումը։ Մյուս կողմից մեր օրենսդրության բարեփոխումների տրամաբանության մեջ անվտանգության լրացուցիչ ապահովման գործառույթներ կարող են իրականացնել նաև այստեղ՝ ՀՀ–ում լիցենզավորված գործունեություն ծավալող, օրինակ, պահնորդական կազմակերպությունները։ Ֆունկցիան պետականից արտապատվիրակում ենք, ասում ենք՝ մասնավոր ընկերությունները կարող են այդտեղ ներգրավվել և մենք այս գաղափարները թափանցիկ կերպով կիսել ենք»։   

Հայաստանի արտգործնախարարությունն այս պահին չի մեկնաբանում, թե արդյոք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը: «Sputnik Armenia»-ի հարցմանը նախարարությունից պատասխանել են․

«Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»։

Թեև վարչապետը խոսել է Հայաստանում լիցենզավորված և գործող մասնավոր ընկերության մասին, բայց ամիսներ շարունակ քաղաքագետները համոզված էին, որ կողմերը քննարկում են հետագա հաղորդակցությունների վերահսկողությունը անվտանգության հարցերով միջազգային մասնավոր ընկերության փոխանցելու հնարավորությունը: Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի տվյալներով՝ դա պնդում է Ադրբեջանը․

«Քննարկվում է, օրինակ, ինչ-որ մասնավոր ընկերության կողմից այդ վերահսկողությունը իրականացնելու տարբերակը, քանի որ Ադրբեջանը պնդում է, որ պարզեցված ռեժիմ պետք է լինի այդ կոմունիկացիայի վրա, և որ ադրբեջանցի ուղևորները կամ բեռնատարները չպետք է առնչվեն հայ սահմանապահների հետ»:

Ճանապարհի վերահսկողությունը մասնագիտացված կազմակերպությանը արտապատվիրակելու առաջարկը իրականում նոր չէ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսել էր դեռևս երկու տարի առաջ՝ 2022-ին։ Իր առցանց ասուլիսներից մեկի ժամանակ անգամ օրինակներ է բերել միջազգային փորձից:  

«Հիմա Եվրոպայում էլ կան երկրներ, որ իրենց մաքսային հսկողություն իրականացնում են ոչ թե մաքսային պետական ծառայությունը, այլ մասնագիտացված կազմակերպությունների են պատվիրակում՝ իրանք են էդ գործառույթը իրականացնում: Նույնը կարելի է անել սահմանային հսկողության դեպքում։ Սա՝ մի կոմպոնենտ: Ադրբեջանը, մեզ համար պարզ չէ էդքան էլ՝ համաձա՞յն է սրան, եթե համաձայն է, մենք կարող ենք գնալ էդ լուծմանը»։

Հայաստանի վարչապետը պարզաբանել է, որ Հայաստանի համար նույնպես կարևոր է, որ ինչպես Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով անցնելիս իրենց զգան անվտանգ և ապահով, նույն կերպ էլ Հայաստանի քաղաքացիներն Ադրբեջանի տարածքով անցնելիս իրենց զգան ապահով և անվտանգ։

Մինչդեռ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ճանապարհի վերահսկողությունը մասնավորին արտապատվիրակելու միայն մեկ փորձի մասին է խոսում և առանձնացնում դրա վտանգը․

«Ինձ հայտնի է աբխազական, օրինակը, երբ Վրաստանն ու Ռուսաստանը բանակցում են շվեյցարական կազմակերպության միջոցով Աբխազիայով անցնող բեռները մոնիտորինգի ենթարկելու տարբերակը, բայց այստեղ պետք է նկատի առնել, որ Աբխազիան դիտվում է որպես հակամարտության գոտի և միջազգայնորեն ճանաչված տարածք չէ։ Այսինքն՝ այս դեպքում Աբխազիայի օրինակը տարածել Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի վրա, նշանակում է պարզապես, պայմանական ասած, իջեցնել Հայաստանի ստատուսը և Հայաստանի տարածքը նույնացնել հակամարտության գոտու հետ, չճանաչված հանրապետության հետ։ Առնվազն ինձ ծանոթ չէ նման բան, որ միջազգայնորեն ճանաչված պետության տարածքով, որը չի դիտվում հակամարտության գոտի, այդպիսի պատվիրակում իրականացնելը»։

Վերլուծաբանի կարծիքով՝ այս առաջարկը մշակվել է արևմտյան հարթակներում ի պատասխան նոյեմբերի 9–ի հայտարարությունն ուժի մեջ թողնելու Ռուսաստանի ձգտումների։ Իսկ այն, որ Հայաստանի արտգործնախարարությունը առնվազն չի հաստատել, որ նման առաջարկ քննարկվում է բանակցություններում, քաղաքագետի գնահատմամբ՝ նշանակում է, որ հայտարարությունն արվել է պարզապես հանրության տրամադրությունները շոշափելու համար։

Կարդացեք նաև

Back to top button